ՀՀԿ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց է տվել «Նուվել դ’Արմենի Մագազին» ֆրանսիական ամսագրին, որում սպառնացել է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստներին։ 
Այս առթիվ Լուրեր.com–ը զրուցեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արեգ Գևորգյանի հետ, ով նշեց, որ անկախ այն բանից, թե ինչպիսի անհանգստություն կարող էին Հայրապետյանին պատճառած լինել Չուգասզյանը կամ Դավիթ Սանասարյանը, որոնց մասին ինքը նշել էր, միևնույն է, Ռուբեն Հայրապետյանի գործելակերպն անընդունելի է։
«Ռուբեն Հայրապետյանը հերթական անգամ ցույց տվեց, թե ինքը ի՛նչ գործելաոճով է առաջնորդվում, ի՛նչ տրամաբանությամբ, ի՛նչ ստոր մեոթդներով է փորձում կանխել իր մանդատը վայր դնելու, հանցագործության համար պատասխանատվություն կրելու գործընթացը։ Նա սրանով ապացուցեց, որ ինքն անկասկած պետք է վայր դնի իր մանդատը և պետք է անկասկած պատասխանատվության ենթարկվի իր գործած հանցագործությունների համար։ Եվս մեկ անգամ ապացուցեց, որ մենք՝ նախաձեռնության անդամներս, նաև այն քաղաքացիները, ովքեր պահանջում էին նրան ընդգրկել քրեական գործում, իրավացի էին, որ Հայարապետյանն այն մարդն է, որ ծեծով ու ահաբեկումներով, սպանությունների միջոցով է հարցեր լուծել և թքած ունի օրենքի վրա»։ 
Հիշեցնենք, որ Հայրապետյանը հարցազրույցի ժամանակ ասել էր. «Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը ի՞մ ընտանիքին են ահաբեկել: Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել: Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն..., բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել... Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞: Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը: Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց: Գարեգին Չուգասզյանին՝ այդ նապաստակին կտեսնեք, թե ինչ օրն եմ գցելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել