ArmnewsTV.am-ը գրում է․
Գյուղի ակումբում դանակահարության մասին լսող տատը այգում աշխատող թոռներին է հերթով կանչում: Թե ջահել լինեի, ասում է 92 տարեկան տատիկը, տեղս չէի նստի, մի րոպեում կճշտեի: Բայց միևնույն է` իր համար հանելուկ մնաց` ո՞նց ստացվեց` գյուղի նորությունն իրեն չի հասել:
Թեման փոխվեց ու պարզվեց` գյուղի տարեցը մյուս նորությունն էլ չգիտի: Դանակահարությունը Սթրիփ Քլաբի մոտ է եղել: Հենց իրենց գյուղում: Մարիամ տատն, իհարկե, միանգամից չկռահեց, թե ինչի մասին է խոսքը` ինչ ասել է ստրիպտիզ ակումբ: Մի քանի հոմանիշ պահանջվեց: Մինչև Գայանեն կգա այգուց, տատը փորձեց արդարանալ: Գիտի ստրիպտիզն ինչ է` կյանքի մեծ փորձ ունի: Մարիամ տատի ընկերուհին էլ զարմացավ` իրեն ոչ մի ստրիպտիզ ակումբի մասին չեն տեղեկացրել: Ինքը 91 տարեկան կին է ու մի բան հաստատ գիտի` թե գյուղում պարելու տեղ կա` դպրոցն է:
Զրույցին տղամարդիկ միջամտեցին: Իրենք լավ էլ գիտեն ստրիպտիզ ակումբի տեղն էլ, պարուհիներին էլ: Գյուղի տղամարդիկ խոպան են գնում, ուկրաինուհիներն էլ իրենց գյուղ են գալիս խոպան: Դատելով խոպանից նոր եկածների խոսքից` պարուհիների հույսը հաստատ այս գյուղի տղամարդիկ չեն: Հոգնած ենք, ասում են: Իրենց տարիքն ուր, մարմնական վայելքներն ուր:
Քարքարոտ ու քանդած ճանապարհներով Արջահովիտի, կամ թուրքերեն` Ղուրսալուի որ հատվածում կանգնես` մեծ սպիտակ կառույցը կերևա: Հենց դա է: «Պանտերա»-ն ցերեկը քնում է, գիշերվա համար թափ հավաքում, որ ցատկի: Հսկայական շենքը 6 դուռ ունի, 6-ն էլ ցերեկը փակ: Ապակիներից այն կողմ ձողերն էլ չերևացին: Դանակահարության հետք էլ չկա` լռություն փոթորկից հետո: Այս ամբողջ ընթացքում չերևաց գյուղապետը` դանակահարության փաստին ի պաշտոնե քաջատեղյակը: Նորակառույց գյուղապետարանն էլ մնացել է փշալարերից այն կողմ:
Տեսանյութը՝ այստեղ