Cosmo.am-ը գրում է․
Որևէ գայթակղիչ խոստում ապագա հանդիպման համար, և նա սկսում է տենչալ քեզ ավելի ու ավելի: Պարզիր, թե ինչու սպասումը կարող է և պետք է լինի նրա համար ամենադժվար ու գրգռիչ պահը:
Ամերիկյան ամենահայտնի հեռուստաշոուներից մեկի հերոսը հենց ուղիղ եթերում հայտարարեց, որ իր հարսնացուին` Վանեսային ամուսնության առաջարկ անելու որոշումը կայացնելիս կարևոր գործոն է հանդիսացել այն, որ աղջիկը խոստացել էր ամուսնությունից հետո իրեն օրալ փաղաքշանքներ պարգևել:
Պարզվում է՝ հինգ տարի ձգվող հարաբերությունների ընթացքում աղջիկը հրաժարվել էր ընկերոջը նման հաճույք պատճառել: Ի՜նչ խոսք, այսպիսի մոտեցումը փոքր-ինչ ծայրահեղական է: Այնուամենայնիվ, դա մեզ մտորելու առիթ տվեց. մի՞թե տղամարդուն որոշակի հաճույքներից զրկելը կարող է իր դրական պտուղները բերել:
Ուստի, դիմեցինք մասնագետների խորհրդին: Ինչպես պարզվեց, «Սպասիր և կստանաս» քաղաքականությունը գրգռում է տղամարդու ցանկությունները: «Երբ դու մոտավոր տեղեկացնում ես, թե ինչ երջանիկ պահեր են սպասվում նրան ապագայում, նա արդեն սկսում է պատկերացնել այդ ամենը և տենչալ քեզ»,- ասում է գիտությունների դոկտոր, «Ստացիր այն սեքսը, որի մասին երազում ես» գրքի հեղինակ Թեմի Նելսոնը: Իսկ սպասումը մոտալուտ սեքսը դարձնում է ավելի բուռն, կրքոտ և երանելի: Հետևիր այս քայլերին, և նա երբեք չի դադարի տենչալ քեզ ու երազել քո մասին:
Մեկ անգամը բավարար չէ
Հիշիր քո ապրումները աշխատանքային լարված շաբաթվա ընթացքում, թե ինչպես ես սպասում շաբաթ-կիրակիին` քաղաքից դուրս մի լավ հանգիստ անցկացնելու համար: Ողջ շաբաթն անցկացնում ես` կանխավայելելով մոտակա հանգիստը, և երբ օրը վրա է հասնում, ամբողջությամբ տրվում ես դրան: Այդպիսի` «Ուզում եմ, երազում եմ, չեմ դիմանում» զգացողությունը ստացվում է սպասման շնորհիվ: «Երբ դու անում ես որևէ բան, ինչը քեզ գերագույն վայելք է պատճառում, քո նշագեղձերը, որոնք պատասխանատու են հաճույքի և հրապուրվածության զգացումը ուղեղին հասցնելու համար, ակտիվանում են»,- բացատրում է գիտությունների դոկտոր, հոգեբան Ալեն Բերգերը: Երբ ուղեղդ «գրանցում» է այդ հաճույքը, պահում է այն իր հիշողության մեջ և ձգտում վերապրել կրկին ու կրկին:
Խթանիր սպասումը
Տղամարդու ցանկությունը խթանելու միջոցներից մեկը նրան որոշ ժամանակով բառացիորեն սեքսից զրկելն է: Բերգերը բացատրում է, թե ինչպես է աշխատում տվյալ մեխանիզմը: «Երբ դու շարունակաբար վայելում ես նույնատիպ հաճույք, նշագեղձերը կորցնում են զգայունությունը. այդպիսին է սովորության ուժը: Ուստի, ինչ-որ հաճույքից որոշ ժամանակ զրկված մնալը հետագայում զգացողությունները միայն ավելի ուժգին ու լիարժեք է դարձնում»:
«Փորձիր մեկ շաբաթ զերծ մնալ սեռական հարաբերություններից, սակայն երկուշաբթի օրն ակնարկիր նրան, թե ինչ խենթացնող ծրագրեր ունես շաբաթ երեկոյի համար»,- առաջարկում է գիտությունների դոկտոր, Սեռական թերապիայի ինստիտուտի թերապևտ Քիմբերլի Ֆլեմկեն: Շաբաթվա ընթացքում փոքրիկ անակնկալներ պատրաստիր՝ նրան էլ ավելի գրգռելու համար (օրինակ` ներքնազգեստով լուսանկար ուղարկիր կամ նրան տեսանելի վայրում «պատահմամբ» թող կրծկալդ): Կարող ես ուսումնասիրել մի քանի նոր դիրք և տեղեկացնել զուգընկերոջդ, որ շատ կուզեիր փորձել դրանք ձեր հարաբերությունների մեկամյա տարեդարձին: Մոտալուտ խորհրդավոր անակնկալը միայն կուժեղացնի քեզ հետ լինելու նրա ցանկությունը: