«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՀՀ Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը պատրաստվում է եկող շաբաթ շրջանառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրատվամիջոցների դեմ օգտագործվող հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:
«Կոնգրեսի խմբակցությունն առաջարկելու է նվազեցնել վիրավորանքի եւ զրպարտանքի դիմաց օրենքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափերը, որպեսզի այդ դրույթը կիրառվի իր նշանակության համար` անձանց հնարավորություն տա պաշտպանվել զրպարտանքից եւ վիրավորանքից եւ ոչ թե լրագրողներին ու լրատվամիջոցներին լռեցնելու գործիք լինի, ինչպես որ այժմ է: Փոխհատուցման չափերի նվազեցման դեպքում այլեւս անիմաստ կլինի դատարաններում լրատվամիջոցների դեմ գործեր սարքելը, քանի որ լրատվամիջոցի գործունեությունը կասկածի տակ չդնող վճիռներն այլեւս իրենց իմաստը կկորցնեն: Նախագծով առաջարկվում է նշված օրենքում ավելացնել մի դրույթ, որը լրատվամիջոցին հնարավորություն է տալիս աղբյուրը գաղտնի պահելով նյութ հրապարակել եւ տեղեկատվության աղբյուրը բացահայտել միայն դատական վեճի դեպքում ու ազատվել պատասխանատվությունից»:



