Այսօրվա Երեվանը մի խումբ մարդկանց երեվանն է, այլ ոչ թե մեր` կիսասոված քաղաքացիներիս… Արդյո՞ք երևանցին ապրում է իր ուզած Երևանում, թե՞ այս Երևանը իր համար վատ երազների քաղաք է: Թող ինձ ներեն իմ ընթերցողները, որ ես, ժողովրդական լեզվով ասած, “հարամում’’ եմ այս տոնը, բայց այլ կերպ չեմ կարող, որովհետև տոնը՝ տոնով, բայց կյանքը շարունակվում է: Այն որ Երևանը աշխարհի ամենակոլորիտային քաղաքների ցանկում է՝ դա միանշանակ է, չէ որ դրա մասին են վկայում շատ ու շատ միջազգային պարբերականներ, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք`երևանցիներս, ապրում ենք մեր ուզած Երևանում: Ժամանակն է գիտակցել, որ տարիների ավելացումը չափանիշ և արժեք է միայն հնագետների համար, այլ ոչ թե շարքային երևանցու: Հասկացանք, Երևանը (Էրեբունին) 2796 տարեկան է, հետո՞, ինչի՞ մասին են խոսում այս թվերը: Մի քանի հարցեր կան, որոնք ինձ և, շատ հնարավոր է, շատերին են հուզում…
• Ինչպե՞ս կարող է երևանցիների մեծամասնությունը երջանիկ լինել, եթե, քայլելով Երևանի փողոցներով, և տեսնելով մեկը մյուսի հետևից շարված շքեղ խանութները նրանց տրամադրությունը մի պարզ պատճառով փչանում է, քանի որ իրենք հարց են տալիս. “ Արդյոք ու՞մ համար են այս խանութները, եթե ես կարող եմ գնել միայն էժանագին սննդամթերք, այն էլ՝ շատ անգամ պարտքով:
• Ինչպե՞ս կարող է երևանցիների մեծամասնությունը երջանիկ լինել, եթե նրանք գիտակցում են, որ շատ շուտով անճարությունից ճարահատյալ լքելու են այս քաղաքը և իրենց տեղը այս քաղաքում զբաղեցնելու են պարսիկները, կամ այլ ազգեր։
• Ինչպե՞ս կարող է երևանցիների մեծամասնությունը երջանիկ լինել, եթե, քայլելով Երևանի փողոցներով, նրանք մերթ ընդ մերթ հանդիպում են այն շենքերին որտեղ ժամանակին բնակարան են ունեցել և պարտքերի պատճառով այն վաճառել են։
• Ինչպե՞ս կարող է երևանցիների մեծամասնությունը երջանիկ լինել, եթե ամեն քայլափոխին առկա բանկային մասնաճյուղերը հիշեցնում են իրենց անսահման պարտքերի մասին։
• Ինչպե՞ս կարող է երևանցիների մեծամասնությունը երջանիկ լինել, եթե ռեստորանների կողքով անցնելուց տեսնում են, որ այնտեղ հիմնականում “տժժում’’ են նրանք, ում տեղը վաղուց բանտերում է, այլ ոչ թե այստեղ։
• Ինչպե՞ս կարող է երևանցիների մեծամասնությունը երջանիկ լինել, եթե նրանք այս քաղաքում ընդամենը գոյատևում են, այլ ոչ թե ապրում։
• Ինչպե՞ս կարող է երևանցիների մեծամասնությունը երջանիկ լինել, եթե նրանց հագուստը իր մաշվածությամբ պահի տակ որոշ հարուստների մոտ զավեշտ է առաջացնում։
• Ինչպե՞ս կարող է երևանցիների մեծամասնությունը երջանիկ լինել, եթե, առավոտից երեկո աշխատելով, կարողանում է միայն իրենց կոմունալների ծախսերը մարել, իսկ երևանում առկա բազմաթիվ սրճարաններից օգտվելու համար նրանք գումար չունեն։
• Եվ վերջին հարցը. ի՞նչը պետք է այս քաղաքում ուրախացնի մեր երևանցիներին`միգուցե արհեստական ճոխությունը և անիմաստ շքեղությունը…
Հ.Գ. Հասկացեք, սոված քաղաքացին երջանիկ չի կարող լինել, եթե նա նույնիսկ Փարիզում է ապրում: Այսօրվա Երևանը մի խումբ մարդկանց Երևանն է, այլ ոչ թե մեր`կիսասոված քաղաքացիներիս…