1925թ. այս օրը ծնվեց գրող, հրապարակախոս, ռեժիսոր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը
Հիշենք Հայ Ժողովրդի Մեծն զավակին. Փառք ու պատիվ տաղանդաշատ հայորդուն:

1925թ. այս օրը Վրաստանի Աբասթուման ավանում ծնվեց գրող, հրապարակախոս, ռեժիսոր, սցենարիստ, գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Եռանկյունին» կինոնկարի սցենարի համար), Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1983-ի դափնեկիր («Եռանկյունին» գրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1963-ից) Աղասի Այվազյանը:
Սովորել է Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-1948թթ.)։
Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973թթ. եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981թթ.՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967-ին «Հայֆիլմը» նրա սցենարով նկարահանել է «Եռանկյունի» կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968թ. Լենինգրադի համամիութենական փառատոնում։ 1990-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը:
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է դարձել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը:
Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), «Փառահամար» (Երևան, 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), լիտվերեն` «Վիպակների ժողովածու» (Վինլյուս, 1979), բուլղարերեն` «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գրքերը։
Վախճանվել է 2007թ. նոյեմբերի 21-ին Երևանում:

Ա. Այվազյանի երկերի մատենագրություն

Անձրևը (նովելներ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1959, 
Ճանապարհորդություն իր շուրջը (հումորեսկների ժողովածու), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1963, 
Ընտանիքի հայրը («Եռանկյունին», «Գետի մեր մասը», «Ընտանիքի հայրը», «Զարմացած, սիրահարված, մոլորված զբոսաշրջիկը», «Կռվարարները»), Երևան, «Հայաստան», 1968, 
Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Աղասի Այվազյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և նրա «Իմ տան հին իրերը», «Ծեր Եպրակսին և նրա տարեց տղան», «Չորս բարի պատ», «Ոտավորը», «Կռվարարներ» պատմվածքներ), Բեյրութ, տպարան «Սևան», 1969,
Փառահամար (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 
Սինյոր Մարտիրոսի արկածները (վիպակ, պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 
Լեռնուք (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 
Եռանկյունին (վիպակներ և պատմվածքներ), «Սովետական գրող», 1983, 
Դիպլիպիտո (պատմվածքներ և պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 
Օբեյկտիվ-18, Երևան, «Սովետական գրող», 1986,
Թթի ամիսը (պատմվածքներ և թատրոն), «Խորհրդային գրող», 1989, 
Երկրի վրայի զբաղմունքը (էսսեներ և պատմվածքներ), Երևան, «Նաիրի», 1993, 
Դիպլիպիտո (պիեսներ), Երևան, «Նաիրի», 1999, 
Մանչերը (բեմական վեպ), Երևան, ColorDepot, 2001,
Խորքի խորությունը (պատմվածքներ), Երևան, 2010։
գրախանութ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել