Քամին փոքրիկ կատվի նման խաղում է փողոցի տերևների հետ:
Բարձրացնում,պտտում ,իջեցնում,տանու~մ…
Շուրջն ամեն ինչ փաստում է աշնան դառը ներկայությունը:
<Օձիքդ կոճկիր,գալիս եմ> ու աշունն իր հավատարիմ գործընկերոջ՝քամու հետ մտավ օձիքիցս ներս, ժամանակ չտալով կոճկելու օձիքս:
Ցուրտ է:
Սառը տրամադրություն:
Միգուցե հիվանդանոցի բակում տիրող միջավայրի տրամադրությունը շենքի մուտքին փակցված <Հոգեբուժական դիսպանսեր> ցուցանակի ներկայությու՞նն է:
Մոտենում եմ պատուհանին:
- Բարև Ձեզ,ինձ ավտոմեքենա վարելու համար…,- չհասցրեցի ավարտել:
- Մոտեցեք կես ժամից:Աշխատողը դեռ չկա:
Թողեք Ձեր անձնագրերը ես կկանչեմ:
Ինձանից հետո հերթի մեջ կանգնած աղջիկն էլ դուրս եկավ իմ հետևից:
Նույն հարցով է,հասկացա ես:
Բակում ազատ է մի նստարան,մնացած նստարանները զբաղեցված են այստեղի “բնակիչներին” այցելության եկած հերազատները,մթերքներով,տոպրակներով,սպասող հայացքներով:
Ես ավելի շուտ հասա նստարանին,համոզված, որ աղջիկը կնստի հենց այդտեղ:
Հաճելի դիմագծերով է,բայց մի տեսակ ինչ-որ չի ձգում,ինչու՞:
Եթե այստեղ է գտնվում ուրեմն մեքենա ունի:Դատելով հագուստից՝լավ մեքենա:
Իմը հին է,դժվար թե մեր ծանոթությունից մի բան ստացվի:
Հիմար մտքեր,անկապ…
Ավելի լավ է ծխեմ:Գրպանիցս հանում եմ տուփը:
- Կարելի՞ է:
Երևի միանման ենք մտածում:
Ծխախոտը շուրթերին ձգվեց իմ կողմը:
Վառում եմ նրա սիգարետը ու նայում աչքերին:
Գեղեցիկն է,խոսք չկա:Բայց դե ես իմ սկզբունքներին չեմ դավաճանի:
Հարուստների հետ ի՞նչ գործ ունեմ:
- Ձե՞զ էլ է վարորդական իրավունքի համար անհրաժեշտ այդ փաստաթուղթը:
- Այո,ես փոխում եմ իմ հին վկայականը նորով,-ասացի ես անտարբեր:
- Ես էլ իմը կորցրել եմ,- կարծես թե տխրեց, - այստեղ գեղեցիկ կլինի գարնանը, չէ՞,ես շատ եմ սիրում յասամանի բույրը:
Նայում է ցանկապատի երկարությամբ յասամանների կիսաչոր թփերին:
Ես էլ եմ ծաղիկներ սիրում,բայց երբեք չեմ մտածել թե որ ծաղկի բույրն է ինձ ավելի դուր գալիս:
- Իմ անունը Գոռ է:
Կարծես ուշադրության չարժանացրեց:
Ծանոթության առաջին փորձն ավարտվեց անհաջողությամբ:
Շարունակում է խոսել:
<Նա միշտ ինձ հետ գալիս էր զբոսնելու Ֆրանսիայի դեսպանատան մոտ,այնտեղ յասամանի ծաղիկները կախվում են ցանկապատից դուրս,ու խենթացնող բույր ունեն:Մի անգամ էլ պոկեց մի ճյուղ ու մոտեցրեց դեմքիս:Բարկացա,սիրում էի,բայց…
Պոկված ծաղիկները մի քանի օրից հետո էլ չեն բուրում,ասես կտրում ես սնուցող երակները մայրական հողից:
Նրանք դիմադրում են,դիմանում,պայքարում ու վերջ ի վերջո հանձնվում աղբամանում հայտնվելու ճակատագրին:
Մարդն էլ է այդպես,կտրում ես իր հողից ու…
Գնա~ց,նա էլ հեռացավ Հայաստանից,Ֆրանսիա:
Սկզբից գրում էր,ամեն անգամ հիշեցնելով յասամանի կոտրված ճյուղը>:
- Իսկ հիմա՞:
- Վաղուց չկա~,չգիտեմ,այն կոտրված ճյուղի նման չորացավ ու անհայտացավ:
Երբ առաջին ծանրոցը ստացա նրանից,դեռ դռան մոտ ուրախությունից համբուրեցի փոստատարին, միայն տեսնեիր նրա զարմացած դեմքը,այնքան շփոթվեց, որ մոռացավ ստորագրել տալու ստացականը ու վազեց աստիճաններով ներքև:
Շա~տ էի ուրախացել:Բացեցի ծանրոցը,անտեղ յասամանի ճյուղ էր,արդեն չորացած:
Ատեցի:
Ատում եմ:
Աչքերն արցունքոտվել էին ու աչքերին քսած սև ստվերաներկը ծորում էր այտերով:
Բացեց պայուսակը,հանեց թաշկինակը,մի փոքրիկ հայելի ու սկսեց մաքրել երեսը:
- Մի նայիր,անհարմար եմ զգում:
Դիսպանսերի մուտքից մի կին դուրս եկավ սպիտակ խալաթով:
- Սարգսյան Էլինա,Ձեր փաստաթուղթը պատրաստ է.
Ուրեմն անունն Էլինա է:
- Պայուսակս թողնում եմ,հիմա կվերադառնամ:
Քայլում է համաչափ ճոճվելով:Անթեր կառուցվածք,նկարչի երազանք:
Պայուսակը բերանը բաց ինձ է նայում:
Ինձ են նայում նաև պայուսակից երևացող այցեքարտերի ծայրերը:
Նայեցի շուրջս:
Ինձ տեսնող չկար:
Պայուսակից հանեցի մի այցեքարտ:
< Էլինա Աշոտի Սարգսյան
սոցիոլոգ
Հեռախոս…. Էլ. Հասցե … >:
Զգույշ դրեցի ծացագրպանս:
Վերադարձավ նույն գեղեցիկ քայլվածքով,ձեռքում ծալած մի թուղթ:
- Ես վերջացրեցի,դե Ձեզ հաջողություն:Մենք կհանդիպենք չէ՞:
- Ինչպե՞ս,-ցույց եմ տալիս թե զարմացա:
- Դե դու բարի կախարդի նման ես,վստահ եմ որ կզանգես,- ծիծաղեց:
Դասավորեց պայուսակն ու նայելով աչքերիս, որ մինչ այդ իջեցրել էի,հեռացավ:. Հիվանդանոցի տարածքից դուրս գալով կորավ աչքիցս,ինձ թողնելով յասամանի բույր ունեցող օծանելիքի հաճելի բույրը:
…Պատահական մտավ իմ կյանք,կիսաբաց օձիքիս արանքից ու հեռացավ անսպասելի ինչպես քամու բերանն ընկած աշնան անօգնական մի տերև…
Դիսպանսերի մուտքից դուրս եկավ նույն՝ սպիտակ խալաթով կինը:
- Հունանյան Գոռ:
Վեր կացա նստարանից: Նստարանի ճաղերից գետնին ընկած էր մի ծրար:
Բարձրացրեցի,վրան գրված էր <Սարգսյան Էլինային,մամայից>:
Գրպանս այրվում էր անհամբերությունից:
Ծակում էր կողս,մի սուր ցավով:
Ուրիշի նամակները չեն կարդում,բայց սա ուրիշի չէր,սա իմ տարիներով փնտրած մարդուն ուղարկված նամակ էր, որ ասես մի ցանկապատ էր դարձել մարմնիս ու գիտակցությանս միջև:
Ստացա անհրաժեշտ փաստաթուղթն ու ակամա վերադարձա նստարանին:
<Կարդա՞լ,չկարդա՞լ,զանգե՞լ ասել որ կորցրել է,չզանգե՞լ>:
Չգիտեմ ինչ անել:
Վառեցի մի ծխախոտ ու հանեցի նամակը:
Գեղեցիկ ձեռագրով, վանդակավոր տետրի մի ճմրթած թուղթ էր:
<Բարև աղջիկ ջան,ինչու՞,ո՞ր մեղքիս համար դու ինձ այստեղ բերեցիր:
Բզկատվա՞ծ է խիղճդ:
Այստեղ ինձ համար շատ վատ է, ես, որ քառասուն տարի ուսուցչուհի եմ եղել և բազմաթիվ աշակերտների ինձ նայող աչքերի հեղինակությունը,այժմ նվաստացած եմ:
Ինձ հետ դու-ով են խոսում,սրսկում են ինչ որ հիմար դեղեր, որոնցից հետո գլուխս պտտվում է, քնում եմ սրտխառնոցով ու կամաց կամաց կորցնում հիշողությունս:
Ամեն առավոտ աչքերիս առջև բարեխղճորեն գզված բամբակի տեսքով մառախուղ է:
Ամեն ինչ արգելում են,գրիչ,թուղթ,հեռախոս,հեռուստացույց.սա դժոխք է…
Աստված իմ,ո՞ր մեղքիս համար:
Միթե՞ իմ՝քո հարազատ մոր ներկայությունը այդքան անտանելի էր…
Հիմա քեզ գրում եմ նկուղից,մի կիսատ մատիտով,հնոցապանից եմ վերցրել,իմ հին աշակերտներից է,ինքը ճանաչեց ինձ:
Երեկ էլ զուգարանից դուրս գալիս լսեցի գլխավոր բժշկի իմ հասցեին ասված խոսքերը.
<Երկար չի ապրի…>
Խնդրում եմ քեզ,հանուն ինձ,հանուն քո հոր հիշատակի ինձ տուն տա~ր…
Ես տանն եմ ուզում մահանալ..>
Չհասկացա թե ինչպես նամակը ծալեցի ու առանց ծրարի դրեցի գրպանս:
Մատներս գրպանումս շոշափեցին այցեքարտը:
Գրպանիցս հանեցի ու նայում եմ այցեքարտին:
Այցեքարտը կարծես խոսում էր ինձ հետ
… յասամանի ծաղիկները խենթացնող բույր ունեն:
… Պոկված ծաղիկները… դիմադրում են,դիմանում,պայքարում ու վերջ ի վերջո հանձնվում աղբամանում հայտնվելու ճակատագրին:
Նայում եմ նստարանի կողքի աղբամանին,որտեղ հայտնվեցին իմ մատներով պատռված այցեքարտի կտորներն ու ծրարը, որի վրա նույնպես նրա անունն էր:
Աղբամանից լսվեց արձագանք.
… որ մեղքիս համար
… Ես տանն եմ ուզում մահանալ..
* * *
Փականը տեղի չէր տալիս,բնակարանիս դուռը չէր բացվում:
Ձեռքերս դողում էին:
Գլխիցս դուրս չէր գալիս այն կինը,որի անունն էլ չգիտեի:
Ես ատում եմ քեզ բանալի,դուռ,նամակ,յասամանի բույր ունեցող օծանելիք,յասամանի կոտրված ճյուղ չսիրող աղջիկ,սպիտակ խալաթով այն կնոջը,իմ կիսաբաց օձիքը,աշնան քամի…
Ես ատում եմ ուրիշի նամակ կարդացողներին:
Ես ատում եմ ինձ:
Վերջապես դուռը բացվեց:
Նստած բազկաթոռի մեջ,տեղս չեմ գտնում:
Կարծես ինչ որ բան խանգարում է:
Չեմ հասկանում ի՞նչ է կատարվում:
Չէ,պետք է մի անգամ էլ կարդալ,չեմ դիմանա:
Իզուր տեղը տաքացա ու պատռեցի այցեքարտը:
Կզանգեի ու աշխարհի ամենավերջին խոսքերով կասեի այն ինչ մտածում եմ,ինչպես կմտածեր ցանկացած ՄԱՐԴ արարած:
…<Աղջիկ ջան,ինչու՞,ո՞ր մեղքիս համար դու ինձ այստեղ բերեցիր…>
Կատաղությունից վեր կացա, շպրտեցի նամակը, մոտեցա պատուհանի գոգին դրված խոլորձի ծաղիկներին,որոնց խնամում եմ մեծ սիրով:
Պոկեցի ծաղկի թուփն ու ամբողջ ուժով հարվածեցի պատին:
Արմատներից գետնին թափված հողը ծածկեց նաև գետնին ընկած նամակը:
Ինչ զզվելի է կյանքը:
Ես ինչ գնով էլ լինի գտնելու եմ նրան:Բայց ինչպե՞ս:
Մոտեցա բարձրացրեցի նամակը ու երբ թափ էի տալիս հողից մաքրելու համար,տեսա թղթի հակառակ կողմում նույն ձեռագրով գրված թերևս շարունակությունը:
<Նամակ N 73
Նախապես ներողություն եմ խնդրում բոլոր կարդացողներից:
Նամակի հակառակ կողմում գրվածը,իրական չէ:
Սա մի հորինված պատմություն է,որի արձագանքը ինձ կօգնի գրելու իմ գիտական թեզը:
Խնդրում եմ նամակից ստացված առաջին տպավորությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Իսկ յասամանի բույրը, ես իրոք սիրում եմ:
Յասամանի ճյուղերը կոտրողներին՝ ատում:
Կանխավ Շնորհակալ եմ:
Էլինա>
* * *
Հոգեբուժարանի ցանկապատի դռան մոտ վիճում են երկու հոգի:
- Հայրիկ ջան,հասկանում եմ որ պահակն ես,բայց ես չեմ մտնում հիվանդանոց,միայն տարածք,երեկ մի թուղթ եմ գցել աղբարկղ,շտապ վերցնեմ ու դուրս գամ:
- Տղա ջան առավոտյան ժամը 7-ն է,տասին է բացվում,ի՞նչ թուղթ:
- Խնդրու~մ եմ հայրիկ ջան,ամբողջ գիշեր չեմ քնել:
- Աղբամաններն ամեն երեկո մաքրում, տանում են,տղա ջան,գնա տուն քնիր,մի խանգարիր:
* * *
Ես ինչ գնով էլ լինի գտնելու եմ նրան:
Նորից շնչելու եմ, սիրելու եմ նրա բույրը՝յասամանի բույրը:
Ես էլ նրա նման ատելու եմ յասամանի ճյուղ կոտրողներին:
Ես նրան գտնելու~ եմ:
Աշուն է:
Քամին սվսվացնելով պտտվում է փողոցում,բախվում իր ճանապարհին հանդիպած ամեն ինչին,շրջանցում ամեն արգելք ու կրկնում.
<Գտնելու~ եմ>:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել