Ֆարքուարները երկար ժամանակ երեխաներ չէին ունենում, երբ վերջապես ծնվեց փոքրիկ Թեդին: Եվ նրանք հուզվում էին՝ տեսնելով, թե ինչ ուրախությամբ էին ագարակի աշխատողները գալիս հիանալու նորածնով. նվերներ էին բերում, թռչուն, հավկիթ, ծաղիկներ և հրճվանքով հիանում փոքրիկի փափուկ ոսկեգույն մազիկներով ու երկնագույն աչքերով: Նրանք այնպես էին շնորհավորում տիկին Ֆարքուարին, ասես նա ինչ-որ հերոսություն էր արել, իսկ նա, իսկապես, իրեն հերոսուհի էր զգում, շնորհակալ ժպիտով զննում հիացածներին:
Հետո, երբ Թեդիի մազերն առաջին անգամ կտրեցին, Գեդեոնը՝ խոհարարը, գետնից վերցրեց փափուկ ոսկե խոպոպները և ակնածանքով պահեց ձեռքում: Ապա ժպտաց փոքրիկ տղային և ասաց.
- Ոսկեհեր փոքրիկ:
Այդ ժամանակից ի վեր բնիկներն այդպես էլ անվանեցին տղային: Գեդեոնը և Թեդին սկզբից ևեթ լավ ընկերներ դարձան: Երբ Գեդեոնը ավարտում էր աշխատանքը, Թեդիին բարձրացնում դնում էր ուսին մեծ ծառի ստվերի տակ և խաղում նրա հետ, ոստերից, տերևներից և խոտից հետաքրքիր փոքրիկ խաղալիքներ սարքում, կամ կավից կենդանիներ ձևավորում: Երբ Թեդին սովորեց քայլել, Գեդեոնը հաճախ էր նրան օգնում, խրախուսում և բռնում, երբ փոքրիկը քիչ էր մնում վայր ընկներ, օդ էր թռցնում, երկուսով սկսում էին ծիծաղից մեռնել: Տիկին Ֆարքուարը սիրում էր ծեր խոհարարին իր տղային կապված լինելու համար:
Երկրորդ երեխա նրանք այլևս չունեցան:
- Ախ, տիկին, Աստված է մեզ ուղարկել այս փոքրիկին, Ոսկեհեր փոքրիկը ամենաթանկն է, ինչ ունենք,- մի օր ասաց Գեդեոնը:
Այդ «մենք»-ի պատճառով տիկին Ֆարքուարը ավելի ջերմորեն տրամադրվեց և ամսվա վերջում բարձրացրեց աշխատավարձը: Ագարակում նա աշխատում էր մի քանի տարի, խոհարարը հատուկենտ բնիկներից էր, որ հայրենի գյուղում կին և երեխաներ ունենալով հանդերձ, երբեք չէր ցանկանում մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող գյուղակի իր տուն գնալ:
Երբեմն թփերի միջից Թեդիի հասակակից մի նեգրի ճուտ էր ծիկրակում, ակնածալի ուշադրությամբ նայում էր փոքրիկ սպիտակ տղային, որ հրաշագեղ մազեր և հյուսիսցու կապույտ աչքեր ուներ:
Երկու փոքրիկներ հետաքրքրությամբ, լայն բացված աչքերով երկար նայում էին մեկմեկու և մի օր Թեդին, հետաքրքրությունից դրդված, դիպավ սևամորթ տղայի այտերին ու մազերին:
Գեդեոնը, որ զարմանքով նայում էր, գլուխը թափահարեց և ասաց.
- Ախ, տիկին, երկուսն էլ երեխաներ են, մեկը բոս դառնալու համար է, մյուսը՝ սպասավոր:
Տիկին Ֆարքուարը ժպտաց և տխրությամբ ասաց.
- Այո, Գեդեոն, ես էլ եմ նույն բանի մասին մտածում:
Նա հոգոց հանեց:
Գեդեոնը, որ միսիոներական դպրոցի սան էր, ասաց.
- Էդպես է Աստծու կամքը:
Ֆարքուարները շատ կրոնասեր մարդիկ էին և Աստծու մասին պատկերացումները տանտերերին և սպասավորին ավելի էին մոտեցրել:
Թեդին վեց տարեկան էր, երբ նրան սկուտեր նվիրեցին, որով էլ նա բացահայտեց, թե ինչ բան է արագությամբ արբենալը: Ամբողջ օրը սլանում էր ագարակի շուրջը, ծաղկաթմբերից դուրս ու ներս, ցիրուցան անելով ծղրտացող հավերին և հաչող շներին, գլխապտույտ շրջադարձ կատարելով ավարտում խոհանոցի դռան շեմին.
- Գեդեոն, նայի´ր ինձ,- գոռում էր նա:
Գեդեոնը ծիծաղելով ասում էր.
- Շատ խելացին ես, Ոսկեհեր փոքրիկ:
Գեդոնի փոքր որդին, որ հովիվ էր աշխատում, սկուտերը տեսնելու համար հատուկ այցի եկավ:
Նա վախեցավ շատ մոտ գալ, իսկ Թեդին սկսեց տղայի առաջ իրեն ցույց տալ:
- Սևամո´րթ,- գոռաց Թեդին,- ճանապարհ տուր:
Թեդին սևամորթ երեխայի շուրջն այնքան պտտվեց, մինչև նա վախեցավ և նորից փախավ դեպի թփերը:
- Ինչո՞ւ վախեցրիր նրան,- մռայլորեն հարցրեց Գիդեոնը:
- Սևամորթ տղա է էլի,- արհամարհանքով և ծիծաղելով ասաց Թեդին:
Հետո Գեդեոնը անխոս հեռացավ և Թեդիի դեմքը մռայլվեց: Տուն սողոսկելով՝ մի նարինջ վերցրեց և Գեդեոնին տալով, ասաց.
- Սա` քեզ:
Նա չկարողացավ իրեն ստիպել, որ ներողություն խնդրի, միևնույն ժամանակ չէր համարձակվում կորցնել Գեդեոնի բարեհաճությունը: Գեդեոնը ակամայից վերցրեց նարինջն ու հոգոց հանեց.
- Շուտով դու դպրոց կգնաս, Ոսկեհեր փոքրիկ, և կմեծանաս,- մտածկոտ ասաց նա, հետո մեղմորեն շոյեց Թեդիի գլուխը և ավելացրեց,- Ահա էսպես էլ անցնում է կյանքը:
Նա կարծես ընդգծում էր իր և Թեդիի միջև եղած տարածությունը ոչ թե վիրավորանքի պատճառով, այլ որպես անխուսափելի մի բան ընդունող մեկը: Փոքրիկը ճոճվում էր Գեդեոնի թևերի մեջ, ժպտում նրան, կախվում ուսերից և ժամերով խաղում հետը: Հիմա Գեդեոնը իրեն թույլ չէր տալիս դիպչել սպիտակ տղային: Նա բարի էր, բայց մի ծանր ձևականություն կար նրա ձայնի մեջ, որը Թեդիին ստիպում էր խռովել և նեղանալ:
Այդ ամենի հետ մեկտեղ տղան իրեն մեծահասակ էր համարում: Գեդեոնի հետ նա քաղաքավարի էր վարվում, պաշտոնական, և երբ գալիս էր խոհանոց ինչ-որ բան խնդրելու, այնպես էր վարվում, ինչպես սպիտակամորթը սպասավորի հետ՝ հնազանդություն ակնկալելով: Երբ մի անգամ Թեդին, բռունցքներով աչքերը պահած, ցնցվելով և ցավից գոռալով, մտավ խոհանոց, Գեդեոնը ցած դրեց տաք ապուրով լի ամանը, որը ձեռքին էր, երեխային ընդառաջ շտապեց և զոռով մի կողմ տարավ մատները:
- Օձը,- բացականչեց նա:
Թեդին, սովորականի պես, իր սկուտերն էր քշում և եկել էր բույսերից պատրաստված տաշտի մոտ հանգիստը վայելելու: Տանիքի ծայրից կախված մի օձ թքել էր ուղիղ նրա աչքի մեջ: Տիկին Ֆարքուարը, լսելով այդ իրարանցումը, վազելով եկավ.
- Նա կկուրանա,- հեկեկում էր տիկինը` Թեդիին կրծքին սեղմած,- Գեդեո´ն, նա կկուրանա:
Կես ժամվա մեջ տղայի աչքերը բռունցքի չափ ուռել էին: Թեդիի փոքր սպիտակ դեմքը աղավաղվել էր արտահոսող մանուշակագույն մեծ ուռուցքներից:
- Սպասե´ք մի րոպե, տիկին, ես մի ճար կանեմ,- ասաց Գեդեոնը և վազեց թփերի կողմը:
Տիկին Ֆարքուարը երեխային տուն բարձրացրեց և պերմանգանատով լվացավ աչքերը: Նա համարյա, թե չէր լսում Գեդեոնի խոսքերը: Բայց, երբ հասկացավ, որ իր միջոցները ոչ մի ազդեցություն չեն թողնում, և հիշեց, թե ինչպես են բնիկները օձի խայթոցից կուրացել, և քանի որ լսել էր տեղի խոտաբույսերի դրական ազդեցության մասին, տիկին Ֆարքուարը սկսեց սպասել խոհարարի վերադարձին: Նա կանգնել էր պատուհանի մոտ, գրկել վախեցած, լացակումած տղային և անօգնական հայացքով նայում էր թփերին: Հինգ րոպե չէր անցել, երբ տեսավ իր կողմը շտապող Գեդեոնին՝ ինչ-որ բույս ձեռքին:
- Մի´ վախեցեք, տիկին,- ասաց Գեդեոնը,- սա կբուժի Ոսկեհեր փոքրիկի աչքերը:
Նա կտրեց բույսի տերևները՝ թողնելով միայն փոքր սպիտակ մսոտ արմատը: Նույնիսկ առանց լվանալու արմատը՝ դրեց բերանը, արագ-արագ ծամեց, հետո թուքը այնքան պահեց, մինչև երեխային պոկեց տիկին Ֆարքուարից: Նա Թեդիին սեղմեց ծնկների արանքում, մատնաթմբիկներով խյուսն այնպես ճզմեց ուռած աչքերի մեջ, որ տղան սկսեց ճչալ: Տիկին Ֆարքուարը բողոքեց գոռալով.
- Գեդեո´ն, Գեդեո´ն:
Գեդեոնը, սակայն, ուշադրություն չդարձրեց: Նա ծնկի եկավ կուչ եկած երեխայի վրա, փորձելով հետ տանել ուռած կոպերը, և երբ ակնագնդերը երևացին, նորից ուժգին խփեց սկզբում մի աչքին, հետո՝ մյուսին: Վերջապես Թեդիին վերցրեց, զգուշությամբ մոր գրկի մեջ դրեց և ասաց.
- Կլավանա:
Բայց տիկին Ֆարքուարը վախեցած լալիս էր և հազիվ թե շնորհակալություն հայտներ Գեդեոնին: Անհնար էր հավատալ, որ Թեդին չէր կուրանա: Երկու ժամից ուռուցքներն անցան, աչքերը բորբոքվել էին, ցավում էին, բայց Թեդին արդեն տեսնում էր: Ֆարքուարները գնացին խոհանոց՝ Գեդեոնի մոտ, և կրկին շնորհակալություն հայտնեցին նրան: Անզոր էին Գեդեոնին հայտնելու իրենց շնորհակալությունը, և թվում էր՝ ոչինչ էլ չէին կարող անել արտահայտվելու համար: Նրանք Գեդեոնի կնոջը և երեխաներին նվերներ տվեցին, աշխատավարձը բարձրացրին, բայց նման բաները չէին կարող հատուցել Թեդիի՝ նոր ամբողջովին ապաքինված աչքերի դիմաց:
- Գեդեոն, Աստված քեզ ընտրել է, որ բարություն գործես,- ասաց տիկին Ֆարքուարը:
- Այո, տիկին, Աստծո կամքն է դա,-պատասխանեց Գեդեոնը:
Երբ ագարակում ինչ-որ բան է կատարվում, շատ չանցած բոլորը տեղեկանում են դրա մասին: Ֆարքուար ամուսինները պատմեցին հարևաններին և այդ պատմությունը քննարկվում էր շրջանի մի ծայրից մյուս ծայրը: Աֆրիկայում թփերը լի են գաղտնիքներով: Ոչ ոք չի կարող ապրել այստեղ կամ աֆրիկյան տափաստանում բույսերի, հողի, տարվա եղանակների և թերևս մարդկային մտքի մութ ուղիների՝ սևամորթների ժառանգությանն անտեղյակ: Շրջապատում ամեն տեղ մարդիկ անեկդոտներ էին պատմում՝ հիշեցնելով իրենց հետ պատահածը:
- Ես ինքս եմ տեսել, քեզ բան եմ ասում: Թունավոր օձի խայթոց էր: Քաֆիրի* թևը փքվել էր մինչև արմունկը, մի մեծ փայլուն փամփուշտի պես: Կես րոպե անց նա հազիվ էր ոտքի վրա մնում: Նա մեռնելու վրա էր: Հետո հանկարծ թփերի միջից քաֆիր երևաց՝ խոտափունջը ձեռքին: Նա ինչ-որ բան քսեց թևին, իսկ հաջորդ օրը տղան արդեն աշխատանքի էր վերադարձել, և ընդամենը երկու փոքր հետք էր մնացել մաշկի վրա:
Շարունակությունն՝ այստեղ