2015 թվականը կարևորագույն տարեթիվ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար։ Այս ֆոնին հետաքրքրական է ցանկացած զարգացում Հայաստանի և Թուրքիայի միջև, իսկ առավել ուշագրավ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ 2015-ի ապրիլի 24-ին այցելել Երևան ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ամենատարբեր օղակներում՝ հասարակ քաղաքացիներից մինչ պետական այրերը, տրամաբանական հարց է ծնվում՝ արդյո՞ք կայցելի Էրդողանը Հայաստան, թե ոչ:

Վերլուծության առաջին մասում մենք խոսեցինք, թե ինչը կարող է դրդել Թուրքիայի նախագահին այցելել Ծիծեռնակաբերդ և նա ինչպես կարող է այդ այցն իրականացնել: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ հիմնական դրդապատճառներ կարող են հետ պահել Էրդողանին՝ հրաժարվելու երևանյան հնարավոր այցից:

Իհարկե, օբյեկտիվորեն այս տարբերակը, որ Էրդողանը կհրաժարվի Երևան այցից, ավելի հավանական է, քան այն, որ Էրդողանը կարող է այցելել Երևան: Սա պատմական, ինչպես և արդի քաղաքական հարցերի հետ է կապված:

Պատմականորեն Թուրքիայի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության ժխտողականության կրողն է: Փորձում է հին և նոր, փորձված ու ժամանակակից մեթոդներով հերքել պատմական իրողությունը, որով Օսմանյան Թուրքիան ճանաչվում էր ցեղասպան պետություն: Սա շատ խորը արմատներ ունի թուրքական պետականության մեջ և դոգմատիկ բնույթ է կրում: Ուստի գնալ Ցեղասպանության ժխտման դեմ՝ նշանակում է գնալ թուրքական պետական ավանդույթի և թուրքական հանրապետության շահերի դեմ, ինչը երկրի ղեկավարից պահանջում է ոչ միայն հսկայական համարձակություն, այլ նաև լուրջ քաղաքական ռեսուրս ու մեծ կամք: Արդյո՞ք պատրաստ է «երկրորդ Աթաթուրքը» կամ «ուղղակի առաջին Էրդողանը» գնալ այդ ուղով, այսինքն՝ դեմ դուրս գալ Թուրքիայի 90-ամյա ժխտողականության դեմ: Սա լուրջ հարց է կամ հարցերի հարցը…
Մյուս կարևոր հարցն ավելի արդիական, կարելի է ասել՝ կենցաղային խնդիրների է վերաբերում: Իսկ ցանկացած իշխանության համար, որն ընտրությունների է գնում, մշտական գերխնդիրն այդ իշխանությունը պահելու համար ընտրողների համապատասխան ձայներ ապահովելն է: Եվ 2015 թվականի ամռանը Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն են, որոնք պառլամենտական կառավարման ձև ունեցող մեր հարևանի համար, բնականաբար, կարևորագույն ընտրություններն են:

Թեև Էրդողանը պաշտոնապես կապ չի ունենալու խորհրդարանական ընտրությունների հետ, քանի որ այս տարվա օգոստոսին ընտրվելով նախագահ՝ նա, թուրքական օրենքների համաձայն, հեռացել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ), որի հիմնադիրն ու ղեկավարն էր վերջին 12 տարիներին, սակայն ակնհայտ է, որ Էրդողան-ԱԶԿ բաժանումը զուտ իրավական, փաստաթղթային բնույթ է կրում, և իրականում նրանց պետք է դիտել մեկ շրջանակի մեջ, այնպես որ Էրդողան-ԱԶԿ զույգի համար կարևորագույն խնդիր է հաղթել հերթական ընտրություններում ու փորձել գնալ սահմանադրական փոփոխությունների՝ Թուրքիան վերածելով նախագահական կառավարման ձև ունեցող պետության: Եվ ահա այն, որ Էրդողան-ԱԶԿ զույգի համար ընտրության հաջող անցկացումը ներքաղաքական թիվ մեկ խնդիրն է, որոշակի կապում է էրդողանի ձեռքերը՝ պատմական այցը իրագործելու համար:

Ինչո ՞ւ: Այն պարզ պատճառով, որ Էրդողանին ու ԱԶԿ-ին ձայն տվողները, մեղմ ասած, այնքան էլ հայերին չեն սիրում: Կամ ձևակերպենք այսպես՝ այն ընտրազանգվածը, որն ապահովում է Էրդողանի ձայների զգալի հատվածը, աչքի չի ընկնում հայամետ դիրքորոշմամբ, իսկ Թուրքիայի նախագահի այցը Ծիծեռնակաբերդ միանշանակ չի ողջունվի Թուրքիայի ստվար մի զանգվածի կողմից, և ընտրություններից առաջ սա կարող է շրջվել Էրդողան-ԱԶԿ-ի դեմ՝ զրկելով նրանց կարևոր ձայներից: Հիշենք վերջին օրինակը, երբ օգոստոսյան նախագահական ընտրություններից առաջ Էրդողանը խիստ հակահայ հայտարարությունով հանդես եկավ, ինչը փորձագետները կապեցին ձայներ ստանալու ակնկալիքի հետ՝ հենվելով հակահայ տրամադրություններով ընտրազանգվածի վրա:

Այստեղ կարևոր է ընդգծել, որ Թուրքիայի՝ բավական փոքր առաջադեմ այն հատվածը, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչում է, հիմնականում չի մտնում Էրդողանի ընտրազանգվածի մեջ և փոքր թվի պատճառով էլ չի կարողանում լուրջ դերակատարում ունենալ ընտրական գործընթացներում:

Այնպես, որ խորհրդարանական ընտրությունների գործոնը չափազանց կարևոր է Էրդողանի օրակարգում և խիստ նշանակալի նախադրյալ է երևանյան այցից հրաժարվելու համար՝ կարևոր ձայներ չկորցնելու մտավախությամբ:

Ամփոփելով պետք է ասենք, որ որքան էլ Էրդողանի այցը Ծիծեռնակաբերդ ոչ հավանական է թվում, ամեն դեպքում, կան որոշ քայլեր, որոնք թույլ չեն տալիս իսպառ բացառել թուրքական պետության ղեկավարի հնարավոր այցը Հայաստան:

Առաջին մաս՝ Կայցելի՞ Էրդողանը Ծիծեռնակաբերդ 2015 թվականին, ի՞նչը կդրդի Էրդողանին այցելել Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել