Magaghat.am-ը գրում է․
- Մինչ Գյումրիի երկրաշարժը ես չեմ մտածել, որ կարող եմ ստեղծագործել։ Մինչ այդ պարզապես հաճախել եմ դաշնամուրի, և երբ երկրաշարժի հետևանքով լռեց եղբորս՝ Արթուրի ջութակը, այդ ժամանակ ես սկսեցի ստեղծագործել։
Իր ստեղծագործական ուղու սկսվելու մասին այս կերպ արտահայտվեց կոմպոզիտոր Լուսինե Սարգսյանն իր ստեղծագործությունների ցուցադրության և «Կա՛նգ առ, ժամանա՛կ» խորագրով զրույցի ընթացքում, որը տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության դահլիճում հոկտեմբերի 7–ին։ Լ.Սարգսյանը նշեց, որ երկրաշարժից հետո աշխատում էր Գյումրիի երաժշտական դպրոցներից մեկում, որտեղ տեսնում էր երկրաշարժի դրոշմը կրած երեխաներին, և նրանց ուրախություն պատճառելու համար սկսում է գրել մանկակական երգեր։
Նրա աշակերտներից մեկը՝ Տաթև Գևորգյանը, նշեց, որ այն ժամանակ Գյումրիում ելույթ ունենալը, երգելը իրենց կարծես տեղափոխում էր մեկ այլ իրականություն:
1994 թվականին Ավ. Իսահակյանի անվան երիտասարդ ստեղծագործողների մրցույթում նա ստացել է երկու խրախուսական մրցանակ՝ երաժշտության և տեքստի համար։
Այնուհետև Լուսինե Սարգսյանը հիմնում է «Լուսաստղ» երգի մանկական թատրոնը և 2000-ականների սկզբին «Մուտք 21–րդ դար» փառատոնին ներկայանում է իր ստեղծագործություններով ու շահում է ոսկե մեդալ։
Ստեղծագործում է նաև շատ այլ ոճերում։