Newmag.am-ը գրում է․
7 գիշեր՝ գաղութի պետի սենյակում
17-ամյա Կիման՝ մեկ տարեկան երեխան գիրկը, սկեսրայրի ու սկեսրոջ հետ 1957 թվականին հասել էր Արխանգելսկ: Ամուսինն այդտեղից 28 կիլոմետր հեռու էր՝ 3-րդ ուղղիչում (խիստ ուժեղացված գաղութում): Գաղութի պետը յոթ օրվա տեսակցություն թույլ տվեց: Ամուսինները, հայրը, մայրը, փոքրիկ աղջնակը պետք է միասին մնային մի բարաքում: Սվո Ռաֆը, որին զարմացրել էր դեռատի կնոջ անձնվեր սերը, կարողացավ միայն ամուսինների համար գոնե գիշերները՝ երեկոյան հաշվառումից հետո, «ձեռք բերել» նաև գաղութի պետի առանձնասենյակը:

Տաշքենդի լեգենդը
1961 թվականին Մոսկվայի և Տաշքենդի թերթերը գրեցին, որ չորս մարդուց բաղկացած մի խումբ, որոնցից երկուսը Ներքին գործերի մարմինների աշխատակիցների հագուստներով և Ուզբեկստանի պետանվտանգության կոմիտեի աշխատակիցների փաստաթղթերով ներկայացել են տաշքենդցի մի հարուստ հրեայի և նրա տանը խուզարկություն կատարել: Մի ամբողջ օր ստուգում են հրեայի տունը, խուզարկում են հնարավոր և անհնար բոլոր թաքստարանները: Ի դժբախտություն հրեայի՝ հայտնաբերվում են ադամանդեղեն, թանկարժեք քարեր ու զարդեր, 3 տոկոսանոց փոխառության պետական պարտատոմսեր և կանխիկ դրամ: Առգրավվածը, որի մասին մանրամասն արձանագրություն է կազմվում օրենքի բոլոր կետերին համապատասխան, կազմում է 800 հազար ռուբլի (1961-ին դա ահռելի գումար էր): Արձանագրության մի օրինակը տալիս են հրեային և պատվիրում, որ հաջորդ օրը ժամը 12-ին ներկայանա Ուզբեկստանի պետանվտանգության կոմիտե, 4-րդ հարկ, 441 սենյակ:
Ամեն ինչ վերջացնելուց հետո «ՊԱԿ-ի աշխատակիցները» վերցնում են առգրավածն ու հեռանում: Հրեան, հասկանալի է, ողբում է կատարվածի համար, սակայն ոչինչ չի կասկածում: Հաջորդ օրը նա գնում է ՊԱԿ, ներկայանում և ցույց է տալիս իրեն տրված արձանագրությունը: Կեղծիքն անմիջապես բացահայտվում է: Սվո Ռաֆն այդ գործը գլուխ էր բերել դեդեկտիվ ֆիլմի փորձառու սցենարիստի մեծագույն հանճարեղությամբ:

Ծեծ ու խրատ` խոտորվածներին
Ջահել տղերք էին, գողական ռոմանտիկայով ոգևորված՝ մտել էին Երևանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող խանութներից մեկը, մի քանի շիշ օղի ու գինի, 2-3 կիլո երշիկ, կոնֆետ թռցրել: Ու հայտնվել էին ուղղիչ աշխատանքային գաղութում: Իրենց տարածը մեծ բան չէր, պարզապես տղամարդանալու, հասուն մարդ երևալու ձգտումն էր դրան մղել: 1966 թվականն էր: Ռաֆայել Բաղդասարյանն արդեն «օրենքով գող» Սվո Ռաֆն էր. նա տեսել էր բանտերի և ՈՒԱՀ-ների դաժանությունները: Սվոն մի լավ ծեծ տվեց այդ տղաներին, այնպիսի մի ծեծ, որ հիմա՝ 41 տարի անց, նրանցից մեկի՝ Վաղարշակի ոսկորները ցավում են: 41 տարի անց Վաղարշակը հստակ հիշում է Ռաֆայել Բաղդասարյանի խոսքը.
- Սրանո′վ է ավարտվում ամեն մի գողություն ու թալան, սա′ է գողի կյանքը: Ձեր տունը բանտն է դառնալու, ծեծն ու ստորացումը: Ահա′ ամբողջ ռոմանտիկան: Սա՞ եք ուզում:

Տականքի պատիժը
Ուրալյան փոքրիկ մի քաղաքից 15 կմ հեռու՝ խստացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութ էին բերել մի տականքի, որը բռնաբարել էր իր աղջկան ու որդուն: Տականքին սկսեցին բռնաբարել խցակիցները: Սվո Ռաֆն այդ դաժան պատժին չէր մասնակցում, սակայն որպես հարգված, որպես «օրենքով գող» ու խցի «պախան»՝ լուռ հավանություն էր տալիս կտտանքներին: Ասում են՝ նա առավել դաժան էր բարոյականության սահմանները խախտածների՝ հատկապես մոլագարների նկատմամբ: Նա պատկանում էր հանցագործ աշխարհի «սերուցքին» (եթե այսպես կարելի է ասել), իր «հացը վաստակում էր» խելամիտ, պլանավորած և հմուտ կազմակերպած, ինչ-որ տեղ արտիստիկ շիկ ունեցող գողություններով:
Երևանի բանկը կտրելու լեգենդը
Շատերն են հիշում 1977-ի օգոստոսի 8-ը, երբ հաղորդագրություն տարածվեց Երևանի պետական բանկից 1 միլիոն 500 հագար ռուբլի հափշտակելու մասին: Այդ ժամանակ Ռաֆայել Բաղդասարյանը Երևանում էր: Եվ ուներ հզոր ալիբի, մի կնոջ հետ երեք օրով փակվել էր Լենինի (այժմ Մաշտոցի) պողոտայի բնակարաններից մեկում: Սակայն տեղական միլիցիան, որոնց ղեկավարում էին Մոսկվայից ժամանած ԽՍՀՄ ՆԳՆ բարձրաստիճան սպաները, անմիջապես «բերման են ենթարկում» Սվոյին: Վերջինս, իհարկե, հստակ հաստատում է իր ալիբին և խորհուրդ տալիս հանցագործին փնտրել հենց բանկի աշխատողների շրջանում: Ինչպես և պարզվում է մեկ տարի անց՝ հանցագործությանն անմիջական մասնակցություն էր ունեցել բանկի աշխատակից Զորիկ Բաղյանը:
Խաղատների «օմբուդսմենի» լեգենդը
Խաղասեղանի մոտ նստած տղաները լարված հետևում էին իրենց դիմաց նստած, միջահասակ մարդուն, որը մեծ գումարներ էր նետում սեղանին և հերթական պարտիան ավարտելուց հետո բազմապատկված գումարը կտրուկ շարժումներով քաշում էր իր առջև: Երևանից Մոսկվա հասած տղաներն զգում էին, որ իրենց դիմաց նստածը բացահայտ շուլեր է և խաղաթղթեր է փոխում, թեև շատ լավ էին ճանաչում Հայկական համաշխարհային ասամբլեայի պրեզիդենտ Սերժ Ջիլավյանին: «Օրիոն» խաղատանը նա հաճախ էր լինում… Երբ «պրեզիդենտը» տանուլ տվեց իր ողջ գումարը, առաջարկեց խաղալ պարտքով՝ խոստանալով պարտքը փակել հենց նույն օրը երեկոյան (արդեն լուսադեմ էր): Երկու հարյուր հագար ռուբլին, սակայն, «պրեզիդենտը» չէր ցանկանում վճարել: Տղաները, որոնցից մեկի հայրը լավ էր ճանաչում Սվո Ռաֆին, դիմեց հենց վերջինիս: Սվո Ռաֆն ուշադիր լսեց տղաներին, ապա, խորհելով, հանձնարարեց իր մոտ «հրավիրել» Սերժ Ջիլավյանին: Կարճ ժամանակ անց բերեցին նրան:
– Սվո′ ջան, ախպե′ր ջան, մի՞թե ես կարող էի պարտքս չտալ: Երեք օրից ամբողջ գումարը կտամ: Հիմա, այս պահին ձեռքիս այդքան կանխիկ չկա: Երեք օրից անպայման կտամ:
Երեք օր անց Ջիլավյանն իսկապես վերադարձրեց գումարը, այն էլ՝ Երևանում: Չէր կարող չանել: Սվո Ռաֆն էր ասել:

Համաշխարհային ազդեցության ոլորտների լեգենդը
1990 թվականին Ռաֆայել Բաղդասարյանը ստիպված էր խառնվել Նայֆելդ եղբայրների և Մոնյա էլսոնի միջև ծագած տարաձայնություններին, որոնք հաճախ վերածվում էին արյունահեղությունների: ԱՍՆ-ում Բրայթոն Բիչից մինչև Մոսկվա ռումբեր էին պայթում, սուլում էին գնդակները: Հակամարտող կողմերն ազդեցության հզոր ոլորտների էին ուզում տիրանալ: Մոնյա էլսոնը պարզապես կատաղել էր:
Բոբիս Նայֆելդը՝ Բիբան, քրեական կոտորածները դադարեցնելու համար ստիպված էր դիմել այդ տարիներին շատ մեծ հեղինակություն վայելող Սվո Ռաֆին: Սվոյին շատ լավ գիտեին ԽՍՀՄ իրավապահները, Ինտերպոլի մասնագետները, ԱՍՆ, Գերմանիայի, Բենիլյուքսի երկրների քրեական հետախուզության աշխատակիցները:
– Սվոն գործի դրեց բոլոր միջոցները, – պատմում է Ռաֆի համախոհներից մեկը,- փող, կանայք, Ռուսաստանում, ԱՍՆ-ում ու Եվրոպայում ազդեցության ոլորտները վերաբաշխելու խոստումներ: Սվոն կարող էր դա անել: Բոլորն էլ գիտեին:
Սակայն Մոնյա էլսոնն անդրդվելի էր: Նա Սվոյին ասաց.
– Եղբա′յր, սա իմ և Բիբայի պատերազմն է: Իսկ պատերազմում մեկը պիտի հաղթի: Քո խոսքն, անշուշտ, անչափ կարևոր է ինձ համար, բայց այդ ջահելն իր ձեռքը պարզել է շատ ավելի մեծ բաների, քան իրեն հասնում է: Խաղաղ դաշն կնքելուն չէր համաձայնում նաև Բիբան: Սվոն ետ քաշվեց խաղաղարարի իր առաքելությունից: Հակամարտող կողմերը շատ էին առաջ գնացել: Հանցագործ աշխարհի չգրված, բայց խիստ պահպանվող օրենքներով «ուրիշի պատերազմին չի կարելի խառնվել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



