«Երբ ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները երկար ժամանակ հստակ չէին պատասխանում հարցին, թե արդյոք երեք կուսակցությունների լիդերները մասնակցելո՞ւ են հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, դա ինչ-որ տեղ կարող էր հասկանալի լինել, որովհետև ցանկացած քաղաքական ուժ հանրահավաք հրավիրելիս փորձում է ինտրիգներ ձևավորել դրա շուրջ: Բայց դժվար թե որևէ մեկը լրջորեն մտածեր, թե Եռյակի լիդերները իրոք կարող են չմասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որովհետև դա կհակասեր հենց կազմակերպիչների կողմից հանրությանն առաջարկվող տրամաբանությանը:
Նրանք պնդում էին և շարունակում են պնդել, թե հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու կարևորագույն, շրջադարձային իրադարձություն: Ինչպե՞ս կարող են, ուրեմն, լիդերները բաց թողնել կարևորագույն իրադարձությունը:
Եթե լիդեները կարող են և չմասնակցել, գուցե իրադարձությունն այնքա՞ն էլ կարևոր չէ, եթե կարևոր է, ապա ինչո՞ւ պիտի չմասնակցեն կամ ինչպե՞ս կարող են չմասնակցել: Կամ, Եռյակը պնդում է, որ հանրահավաքի բազմամարդությունն է լինելու հետագա իրադարձությունների ընթացքը որոշող վճռական գործոնը: Բազմաթիվ մարդիկ հենց լիդերներին տեսնելու են լսելու համար են գալիս հրապարակ: Եթե լիդերները չեն մասնակցելու հանրահավաքին, ստացվում է` նրանք գիտակցաբար նվազեցնո՞ւմ են հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների թիվը: Կամ ուրիշներին կոչ են անում հանրահավաքի գալ, իսկ իրենք չե՞ն գալիս, ինչպե՞ս կարող է նման բան պատահել:
Այս պատճառներով, ահա, ոչ ոք լուրջ չէր վերաբերվում հանրահավաքին լիդերների մասնակցության շուրջ ձևավորվող անորոշությանը, և դա համարում էին ընդամենը PR հնարք: Բայց ԲՀԿ-ական առանցքային դեմքերից մեկի՝ Ստեփան Մարգարյանի նախօրեին արած հայտարարությունը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ, քանի որ դրանից պարզ դարձավ, որ Եռյակի լիդերները կարող են իրոք չմասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Բայց ժողովրդի հույսը լիդերների վրա է, նրանք ի՞նչ է, տանը նստա՞ծ են սպասելու իշխանափոխության լուրին։ Կամ եթե լիդերները կարող են և չգալ հանրավաքին, ինչո՞ւ քաղաքացիները չեն կարող բաց թողնել այդ հանրահավաքը:
Հիմա ակտիվիստները փողցներում մարդկանց համոզում են գնալ հանրահավաքի, իսկ գուցե նախ իրենց ղեկավարների՞ն փորձեն համոզել»,-գրում է թերթը։