Esem.am-ը գրում է․
«Սուպեր մամայի» բանիերները, որոնցից Հայկ Մարությանը ժպտում է կանացի դիմակով արդեն հեղեղել են Երևանը: Մոսկվա կինոթատրոնում երեկ կայացավ նոր կինոկատակերգության պրեմիերան: Ֆիլմի առաջին հանդիսատեսը կուշտ ծիծաղեց ու շատ գոհ հեռացավ կինոթատրոնից, շատերը նույնիսկ կանխատեսում էին, որ այս ֆիլմը կգերազանցի «Ալաբալանիցայի» հաջողությունը:
Ցուցադրության ընթացքում Հայկոն շատ լարված էր, ջերմ ընդունելությունից հետո ESem.am–ի հետ զրույցում նա ասաց, որ ավելի հանգիստ է: Ըստ դերասանի` առաջին հանդիսատեսը, ովքեր հրավիրված մարդիկ են, ավելի խիստ են:
Հայկոն հաճախ է մարմնավորել կնոջ կերպար, սակայն այս դեպքում շատերը չեն հավատում, որ Կարինեի դերում իսկապես Հայկոն է: Ըստ դերասանի` կնոջ կերպար մարմնավորելն ամեն անգամ էլ բարդ է: «Եթե մի քանի կերպար ես խաղում, պետք է աշխատես չկրկնվել: Այս ֆիլմում տանջանքը շատ էր, 2 ժամից ավելի դիմահարդարն աշխատում էր, բացի այդ` հագուստի ընտրությունը ամառվա շոգին,- ESem.am-ին ասաց Հայկն ու հավելեց, որ բավականին շատ են աշխատել կերպարի վրա,- բնավորության առումով ևս բավականին բարդ էր: Երբ արդեն գտանք կերպարը, ավելի հեշտ էր»:
Հայկը հույս հայտնեց, որ ֆիլմը բազմահազարանոց բանակ կունենա Հայաստանում, իսկ հետագայում կցուցադրվի նաև Սփյուռքում:
«Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ կերպարս չար է, որովհետև դրանք այն կերպարներն են, որոնք զզվանք են առաջացնում ֆիլմի ընթացքում: Այսպիսի դերեր խաղալն ամենաբարդն է: Եթե ինձ չասեին, որ ես պետք է խաղամ, չէի պատկերացնի ինձ այդ դերում, բայց երբ ասացին` քեզ ենք պատկերացնում ու մանրամասն ներկայացրին, թե ինչպես են պատկերացնում, իրենց խոսքի ընթացքում ոգևորվեցի: Ինձ համար դա էր առաջարկի ամենահամեղ պատառը:)»,- ESem.am-ին ասաց Գարիկ Պապոյանը:
Դերասանը, ով սովոր է թիմային աշխատանքի, խոստովանեց, որ նոր թիմում իրեն լիարժեք մի մասնիկ զգալը բավականին բարդ էր, սակայն տղաներն ապահովել են լավագույն մթնոլորտը: «Տղաները մի քանի օրում մի քանի տարվա մթնոլորտ ստեղծեցին: Ֆիլմից դուրս նրանց հետ ունեցել ենք ընկերական հարաբերություններ, առիթից առիթ հանդիպել ենք, բայց գործի մեջ նոր թիմում աշխատելը հեշտ չէ: Այն, որ ես այսքան հաճույք եմ ստացել, միայն իրենց շնորհիվ է»,- նշեց Գարիկը:
Դերասան Սամվել Սարգսյանը, ով մարմնավորում է հերոսուհու հորը` Դավիթին, ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է դիտում ֆիլմի ամբողջական տարբերակը և շատ գոհ է: «Ես նույնիսկ ծանոթ չէի ամբողջական սցենարին: Հիմա դժբախտաբար քիչ են նկարահանվում գեղարվեստական ֆիլմեր: Ես այս կազմի հետ առհասարակ չէի աշխատել, ինձ հետաքրքիր էր տեսնել` տղերքն ինչ կարող են անել: Փառք Աստծո, իրենք պատվով արեցին գործը»,- ասաց դերասանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



