«Չորրորդ իշխանություն» թերթը հերթական հոդվածն է հրապարակել, որը կարելի է որակել որպես սադրանք, եթե չասեմ կեղծ մատնություն։ Թերթը՝ հղում անելով տարբեր դպրոցներում ունեցած իր աղբյուրների վրա, պնդում է, որ մի շարք դպրոցներում տնօրենները արդեն տարիքն առած մանկավարժներին համոզելով, իսկ երբեմն էլ առանց նրանց հարցնելու անգամ, այդ մանկավարժների աշխատավարձների հաշվին սուբսիդավորում են պարտադիր կուտակայինի տակ ընկած երիտասարդ ուսուցիչներին, որպեսզի նրանց աշխատավարձն այնքան չընկնի, որ նրանք լքեն դպրոցը։
Նույն թերթը գրում է նաև, որ ԿԳ-նից կատեգորիկ հերքել են, որ նման բան կա, բայց հավելում է, որ «զանգերը իրենց խմբագրություն չեն դադարում»։
Ժողովուրդ, չգիտեմ ով՝ ինչպես, բայց ես դեռ չեմ տեսել մարդու, ով մեր օրերում ինչ որ խնդրի առնչվելով՝ զանգահարի թերթի խմբագրություն, ուստի ամեն անգամ, երբ նման արտահայտություն եմ տեսնում, ապա միանգամից կասկածամտությունս սրվում է։
Մյուս կողմից, կրկին անգամ, չգիտեմ ով՝ ինչպես, բայց ես մի տեսակ դժվար եմ պատկերացնում, թե այդ ինչ իրավական մեխանիզմով է կարելի մի ուսուցչի աշխատավարձի հաշվին՝ սուբսիդավորել այլ ուսուցչի։ Միակ տարբերակը նա է, որ դա արվի առանց փաստաթղթերի։ Այսինքն, ցույց տրվի, որ Պողոսյան Պետրոսը ստացել է ասենք 100 դրամ, բայց նրան տալ 80 դրամ, իսկ 20 դրամը տալ Մարտիրոսյան Մարտիրոսին։ Ժողովուրդ, եթե նման բան կա, ապա սա հանցագործություն է, իսկ հոդվածը՝ հաղորդում հանցագործության մասին։
Հետևաբար, ստացվում է, որ այս հոդվածին պետք է արձագանքի ոչ միայն ԿԳ նախարարությունը, այլ նաև ոստիկանությունը ու եթե պարզվի որ նման բան չկա, ՉԻ-ն անհարմար դրության մեջ է հայտնվելու, որովհետև նրանց արածը ոչ այլ ինչ կլինի այդ դեպքում, քան կեղծ ամտնություն, որը ևս քրեական հանցագործություն է։ Բնականաբար, թերթը կթաքնվի «մեր գաղտնի աղբյուրների» վրա, որոնց օրենքով բացահայտել պարտավոր չէ, այց դե այդպես էլ հերթական անգամ կհաստատվի «մուտիլովչիկի» համբավը...