Newmag.am-ը գրում է․
Փեսացուից հետո առաջին կարևոր գործն, իհարկե, հարսանեկան զգեստն է: Աշխարհն էլ փուլ գա, հարսնացուն պետք է շլացուցիչ տեսք ունենա: Չէ՞ որ դուբլի հնարավորություն չկա, համենայն դեպս ցանկալի չէ: Հարսանիքին նախապատրաստվելը հոգսաշատ գործ է: Գուցե ինչ-որ առումով այն ավելի կարևոր է, քան հարսանիքն ինքնին: Այստեղ սալոնների գորն է առաջին պլան գալիս: Լավ է, որ կան սրահներ, որտեղ մոդելյորներն են զգեստները կարում:
Չայցելե՞նք նրանց:

Արմինե Հայրապետյան
Շորի ձևի ընտրությունը կախված է տարիքից: Երիտասարդ հարսիկները նախընտրում են ավելի բաց շորեր: Հարսի համար դա ավելի կարևոր օր է, քան փեսայի համար: Դա երևի թե միակ օրն է, երբ ամեն ինչ պետք է հարսի կամքով լինի: Զգեստները հիմնականում վարձում են. այդպես ավելի էժան է: Մեր սրահում մենք ենք կարում հարսանեկան շորերը: Արտասահմանից ուղարկվածները կարվում են որոշակի ստանդարտով, որոնք հայ աղջիկների չափսերին համապատասխան չեն: Շատ կարևոր է նաև, որ դերձակը լավ մարդ լինի: Եթե աշխատում ես հարսանյաց սրահում, չես կարող վատ տրամադրություն ունենալ, պարզապես իրավունք չունես: Բարձր տրամադրությունը հարսը տալիս է մեզ, մենք էլ մեր հերթին փոխանցում ենք հարսիկին: Հայաստանում աղջիկը գրեթե երբեք ինքնուրույն չի ընտրում շորը: Անպայման բարեկամներից որևէ մեկի հետ է գալիս: Մտերիմի ներկայությունն ապագա հարսիկին օգնում է կողմնորոշվել, քանի որ այդ պահին օրիորդը շփոթված է լինում: Հարսիկները նախընտրում են հարսանացուի ճերմակ զգեստ: Միայն մեկ անգամ են մեզ պատվիրել երկնագույն շոր: Դա հարսի մանկության երազանքն էր: Հայկական տարազով հարսանյաց շոր շատ հազվադեպ են պատվիրում, այն էլ՝ հիմնականում սփյուռքահայերը: Ի դեպ, նրանք ավելի խիստ են հետևում պսակադրության նախապատրաստությանը, քան տեղի հայերը:
Լիլիթ Մարգարյան
Առաջին խոսքը, որ հնչում է իմ սրահում՝«ստանդարտ զգեստ չեմ ուզում» հայտարարությունն է: Իմ սրահում ոչ ստանդարտ հագուստներ են: Երբեմն ստեղծում եմ այնպիսի արտառոց շորեր, որ թվում է՝ ոչ ոք չի կրի: Պետք է շատ համարձակ աղջիկ լինի: Բայց տարօրինակ է և շատ ուրախալի, որ հաճախ հենց այդպիսի հագուստ են նախընտրում: Այնուամենայնիվ, պահպանում եմ դասական լուծումները: Զգեստը հիմնականում վարձակալում են: Բայց կան հարսնացուներ, որոնք մեծ խորհուրդ են դնում դրա մեջ և շորը գնում են, որ սերնդեսերունդ փոխանցվի:
Մի ցավալի երևույթ կա Հայաստանում, հարսնացուն ոչ միշտ ունի իր խոսքը: Շատ հաճախ սկեսուրները գալիս են ապագա հարսների հետ և ճնշում նրանց: Սովորաբար առանց սկեսուրի համաձայնության շորը չի գնվում: Հենց այդպիսի մի դեպք պատահեց մեզ մոտ: Սկեսուրը հարսին ստիպեց չգնել այն զգեստը, որը նա ընտրել էր: Լավ կլիներ, որ զգեստը փեսացուի հետ ընտրեին: Բայց մյուս կողմից էլ’ փեսացուն պետք է մինչև հարսանիքը չտեսնի հարսնացուին: Որոշ աղջիկներ էլ պարզապես ժամանակ են անցկացնում մեր սրահում: Սակայն մենք բոլորին թույլ ենք տալիս փորձել այդ զգեստը, որովհետև բոլոր աղջիկների սրտում նստած է հարսնացուն: Հայուհիները նախնտրում են ճերմակ, կաթնագույն կամ ծիրանագույն զգեստ: Ունեցել եմ ճերմակ ու կարմիր, շատ համարձակ զգեստ ընտրած այցելու: Շատ վաղուց էլ եղել է մեկը, որի զգեստը կարճ էր, ծնկներից վեր: Ամերիկայում, օրինակ, կաթնագույնն ընտրում են երկրորդ անգամ ամուսնանալիս: Քանի որ կտորն այնտեղ եմ պատվիրում, ինձ միշտ հարցնում են. «Հայաստանում այդքան շա՞տ են երկրորդ անգամ ամուսնացողները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



