Ես այս տարի սեպտեմբերս սկսեցի ՛՛ուսանող՛՛ կոչման հետ միասին: Ամեն ինչ անծանոթ էր, տարօրինակ, շատ հաճախ ՝ նույնիսկ սարսափելի : Դպրոցից հետո դժվար է միանգամից հասկանալ համալսարանի լրջությունը, դասախոսների պահանջները, մթնոլորտը : Բայց, ի վերջո, ամեն ինչ շատ արագ հաղթահարվում է :
Եվ ինձ էլ, որպես առաջին կուրսեցու, այս տարվա դիմորդները շատ հարցեր են ուղղում : Հետաքրքրվում են՝ ինչպիսին է համալսարանում մթնոլորտը, ինչպես են կառուցվում դասերը, ինչ պահելաձև ունեն այլ ուսանողները : Քանի որ չեմ կարողանում բոլոր հարցերին պատասխանել (զբաղված մարդ եմ, ուսանող եմ վերջիվերջո :D ) որոշեցի բոլոր հարցերն ամբողջացնել ու փորձել նկարագրել ընդհանուր պատկերը գրառմանս մեջ : Կարծում եմ՝ շատերի համար սա օգտակար տեղեկություն կլինի, ուրիշներն էլ ուղղակի կհիշեն իրենց ուսանողական առաջին օրերն ու կժպտան : Դե ինչ, եկեք սկսենք:
Եկեք սկսենք կարևորից. ոչ մեկին մի լսեք: Ոչ լսեք դրական կարծիքները, ոչ էլ, առավել ևս, բացասականները : Դասերը սկսեն՝ ինքներդ կարծիք կկազմեք : Թույլ մի տվեք , որ ձեզ ենթագիտակցորեն ինչ-որ վերաբերմունք ստիպեն : Հետո, հնարավոր է, հենց դրա պատճառով էլ մեծ հիասթափություն ապրեք : Այսպիսով կանոն համար առաջին. քույրիկին, մայրիկին, հարևանի աղջկան չենք լսում : Բոլոր կարծիքներին պատասխանում ենք . ՛՛Գնամ դասի՝ կտեսնեմ, թե ինչպիսին է համալսարանը ՛՛ :
Ոչ մեկ ձեզ չի ստիպում համալսարանում սովորել: Եկեք վերջապես վերջ դնենք այն մտածելակերպին, թե համալսարանում սովորելը պատվի հարց է : Այստեղ չկա պատվի հարց, կա միայն ցանկություն : Եթե դուք արդեն իսկ համալսարանում եք, ուրեմն անիմաստ է խոսել այն մասին, որ չսովորելու մասին խոսք գնալ չի կարող : Համալսարանում ենք, ուրեմն՝ սովորում ենք, այն էլ՝ հաճույքով ու սիրով :
Փորձեմ առաջին ընդհանուր զգացողությունները նշել : Նախ՝ առաջին օրը ձեզ զգալու եք բավականին լարված : Հնարավոր է, որ այդքան էլ չկաշկանդվեք: Բայց լարվածություն անպայման լինելու է . նոր միջավայր, անծանոթ կուրսեցիներ և այլն : Դա էլ հերիք չէ՝ ինչ-որ անծանոթ մարդիկ են գնում-գալիս : Առաջին անգամ համալսարան ոտք ես դնում բավականին վախեցած հայացքով, որովհետև քեզ թվում է, թե դու էդտեղ ամենափոքրն ես :D բոլորը մե՜ծ են, աղջիկները շպարվա՜ծ, տղաները թրաշներով, լուրջ-լուրջ հագնված....Բռռռ : Սարսափելի է : Այս զգացողությունը հաջորդ օրը կքչանա, երրորդ օրն արդեն ընդհանրապես կվերանա (Ես ինքս այսօր համալսարանում արդեն էնպես էի քայլում, կարծես համալսարանի տերը ես լինեի :D ) :
Հիշեք. հայաստանյան և ոչ մի համալսարան Քեմբրիջ ու Օքսֆորդ չէ : Երբ մտնեք համալսարան դուք չեք տեսնելու իրար գլխի հավաքված խմբեր, ովքեր պարապում են , ամենուր գրքերը ձեռքներին ուսանողներ և այլն : Սա թողնում ենք գրքերում ու ֆիլմերում : Սրա փոխարեն դուք կտեսնեք իրար գլխի հավաքված տղաների, որոնք ծխում ու թքում են , թիթիզիկ աղջիկների, ովքեր երկու վայրկյանը մեկ ուղղում են իրենց հագուստն ու սանրվածքը, և մարդկանց, որոնք այդպես էլ չեն հասկանում,թե ինչ գործ ունեն տվյալ տարածքում. նման մարդիկ, հավատացեք, շատ են : Փորձեք հնարավորինս օբյեկտիվ նայել համալսարանին : Դուք չեք եկել, որ դիտեք ձեր շուրջբոլորն ու անիծեք ձեր բախտը, որովհետև տվյալ երիտասարդների խումբը ուղտից ավելի լավ է թքում : Սա ձեզ չպետք է հետաքրքրի: Հիշեք. դուք եկել եք սո-վո-րե-լու ! Մնացած ամեն բան երկրորդական է : Դրա փոխարեն փորձեք արագ ճշտել դասացուցակն ու գործի անցնել :
Կուրսեցիների հետ շփման ժամանակ շատ են շեշտում, որ խնդիրներ են լինում : Ինքս հասկացա, որ սա սխալ է : Շատ կարևոր է հենց ձեր պահվածքը : Հիշենք, որ լավագույն զենքը ժպիտն է : Զինվում ենք ժպիտով ու սկսում ծանոթանալ : Հիշեք, որ դուք ոչ մեկից լավը չեք ու ոչնչով չեք առանձնանում . ձեզ բարձր մի դասեք ու գոռոզ մի պահեք : Ոչ էլ պետք է ավելորդ շողոքորթությունը: Ավելորդ ուշադիր լինելն ու սիրալիր ձևանալն ի վերջո սրտխառնոց է առաջացնում : Ուղղակի փորձեք ամեն մեկի հետ ծանոթանալիս հիշել, որ նա անհատականություն է : Հարցրեք անունը, հետաքրքրվեք որտեղից է, միքիչ խոսեք և այլն : Սա առաջին հանդիպման համար լավ սկիզբ է : Պետք չէ անկյունում կուչ գալ ու սպասել, թե երբ ձեզ կնկատեն : Հենց դուք արեք առաջին քայլը , սկսեք շփվել ձեր կողքին նստած աղջկա կամ տղայի հետ ու կտեսնեք, թե ամեն բան ինչ հեշտ ու արագ է կառուցվում : Կրկնում եմ՝ մի շողոքորթեք ու անբնական սիրալիրություն նույնպես պետք չէ : Խոսքը սովորական, հասարակ ժպիտի ու կուրսեցիների ծանոթության մասին է : Բնական եղեք :
Կուրսում լինելու են խմբավորումներ, առանց սրա անհնար է : Բայց պետք չէ դրան հիվանդագին նայել : Ոչ մի խնդիր չկա : Բոլորս էլ մեկի հետ շատ մոտ ենք, մյուսի հետ՝ միքիչ ավելի քիչ, հաջորդի հետ ուղղակի տաք ժպիտներով ենք փոխանակվում , իսկ այ մյուսի անունն էլ հաճախ ենք շփոթում....Խնդիր չկա : Եթե կան խմբավորումներ, դա չի նշանակում, որ խմբերը չպիտի շփվեն իրար հետ : Շփումը պահպանվում է . բոլորի հետ փորձեք շփման դրական սահման պահպանել : Հետաքրքրվեք, խոսեք, հետո էլի գնացեք ձեր ավելի մոտ ընկերների մոտ : Այստեղ ոչ մի խնդիր, իրականում, չկա : Միայն թե պետք է սրան խելամիտ մոտենալ : Շփման մեջ նույնպես գրագետ եղեք)))))
Դասախոսների հետ կապված ամենատարածված սխալն այն է, որ նրանց ընդհանրացնում են. բոլորը վատն են, բոլորը խիստ են : Դասախոսներին էլ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել :
Առաջին օրն է, ծանոթանում եք դասախոսի հետ : Ուշադիր լսեք նրան, նա խոսքի ընթացքում կնշի այն ամենը, ինչ իրեն հարկավոր է . դասերից չուշանալ, չբացակայել : Կան դասախոսներ, որոնք կարևորում են տնային աշխատանքները, ոմանք՝ բանավոր պատասխաննաերը և այլն : Ամեն դասախոսի հետ առանձին ՛՛աշխատեք ՛՛ ու փորձեք կատարել այն ամենը, ինչ նա հանձնարարում է : Նման պարագայում խնդիր չեք ունենա : Եթե դասախոսը տեսնի, որ դուք ունեք սովորելու ցանկություն՝ կօգնի ձեզ : Իսկ եթե տեսնի, որ անտարբեր եք, ուղղակի թքած կունենա ձեզ վրա : Համալսարանում, ինչպես կյանքում, ամեն ինչ փոխադարձ է : Ցույց տվեք անկեղծ հետաքրքրասիրություն ու դասախոսը ձեզ կխեղդի գիտելիքի մեջ :D Իսկ դժվարություններից էլ վախենալ պետք չէ : Մի մոռացեք, մենք չենք գնում համալսարան դիպլոմի կամ էլ սրան-նրան նայելու ու քննարկելու համար : Մենք համալսարան ենք եկել, որ սովորենք , չիմացածն էլ լրացնենք : Ոչ մի վայրկյան չամաչեք նրանից, որ ինչ-որ բան չգիտեք : Չգիտեք՝ կսովորեք :Նաև նշեմ, որ դասախոսները շատ ժպտերես են ու շատ ժամանակակակից : Օրինակ՝ իմ մի դասախոսը դասի ժամանակ կարող է պարզապես սեղանին նստել ու մեզ հետ զրուցել, իսկ երբ բանավոր պատասխանների ժամանակ զգում ես, որ տվյալ նյութը քեզ հետաքրքիր չէ , կարող ես հեռախոսով երաժշտություն լսել, գիրք կարդալ : Դասախոսներից վախենալ պետք չէ, նրանք իսկզբանե ուսանողի նկատմամբ վատ տրամադրված չեն լինում : Ճիշտ մոտեցում, գրագետ պահվածք ու վերջ, էլ ոչ մի խնդիր :
Ահա այսքանը )))) Միքանի օրվա ընթացքում հասցրել եմ այսքան բան ուսումնասիրել : Հուսամ՝ գրառումն օգտակար կլինի : Կարևորը՝ սիրով ընտրեք ձեր մասնագիտությունն ու ամեն ինչ շատ լավ ու արագ կդասավորվի :
Դե ես էլ դասավորեմ պայուսակս, ընտրեմ հագուստս, գրեմ վաղվա գրաֆիկս ու գնամ քնելու : Հա, քունն էլ կարևորեք, առավոտյան էլ անպայման նախաճաշեք . սկզբնական շրջանում շատ ծանր է լինում, շատ արագ եք հոգնելու : Հիմա էլ աչքերս փակվում են: Մոտ մեկ շաբաթ անց օրգանիզմս արդեն կսովորի արագ տեմպին : Դե ինչ, ձեզ ասում եմ առայժմ , ես էլ գնամ պատրաստվեմ վաղվա օրվան, ուսանողի առօրյայիս))))))
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/09/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել