Հաճախ որոշ մարդկանց մտածելակերպն ու մարդկային որակներն ինձ ապշեցնում են

Երեկ պարզ դարձավ, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի է ունեցել կադրային փոփոխություն և, որ հետայսու Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանին փոխարինելու է Արմեն Հայրապետյանը: Նախքան նորանշանակ պետի ներկայացումը, Աբրամ Բախչագուլյանը հանդիպել է Ծառայության անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում Բախչագուլյանը շնորհակալություն է հայտնել ավելի քան 3 տարի իրականացված համատեղ աշխատանքի համար և հորդորել բոլորին նույն եռանդով շարունակել աշխատել: Ինչից հետո իրենց շնորհակալական խոսքն են ուղղել Ծառայության աշխատակիցները՝ լիահույս, որ ձևավորված մարդկային հարաբերությունները կլինեն շարունակական, և ամփոփել համատեղ ունեցած ձեռքբերումները՝ կարևորելով Բախչագուլյանի դերը:
Վերոնշյալ հանդիպմանը հաջորդել է 1 այլ հանդիպում. Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը անձնակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետին: Նախարարը խոսել է նաև ոլորտում առկա պրոբլեմներից և Ծառայությունից ունեցած հետագա ակնկալիքներից:
Ուշագրավ է, որ Ծառայության պաշտոնական կայքում արդեն իսկ զետեղված է 2-րդ հանդիպման մասին տեղեկատվությունը, իսկ առաջին հանդիպման մասին …
Մի՞թե Բախչագուլյանն անձնակազմի համար եղել է այնպիսին, որ նախորդի մասին «կամ լավը կամ ոչինչ» սկզբունքից ընտրվեր «ոչինչը»:
Ամենևին՝ ոչ: 
Անկախ իմ հայացքներից՝ Բախչագուլյանին որպես մենեջեր հաջողվեց, ի վերջո 1 ամբողջական կառույցում համախմբել ամբողջ կոլլեկտիվին, իսկ մինչ այդ կառույցը գործում էր 2 տարբեր հասցեներում, և կոլլեկտիվն իրարից առանձնացած էր: 
Կարողացավ լուծել Ծառայության արտաբյուջեի խնդիրը, ինչն էլ իր հերթին լուծեց աշխատակիցների պարգևավճար ստանալու հարցը: Նշեմ, որ Ծառայության աշխատակիցներն ավելի քան 2 տարի շատ ավելի են վարձատրվել, քան մյուս կառույցներում աշխատող քաղծառայողները:
Մշակվել են բազմաթիվ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, որոնցով Ծառայությանը տրվել է սննդամթերքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր գործիքակազմ: Ու չնայած՝ բազմիցս քննադատել եմ, որ օրենքներն ունեն լրամշակման անհրաժեշտություն, կամ, որ օրենքի ողջ ուժը չի կիրառվում, այդուհանդերձ, չի կարելի չնկատել օրենսդրական դաշտում իրականացված բազում փոփոխությունները:
Բախչագուլյանը սննդամթերքի անվտանգության մասնագետ չէր: Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ այս ոլորտում մասնագիտական մոտեցումը ևս շատ կարևոր է, բայց մյուս կողմից խիստ ցավալի է, որ մեր իրողությունն այնպիսինն է, որ շատերն ընդամենը մի քանի ժամվա մեջ մոռանում են որպես մենեջեր նրա կատարած աշխատանքը:

Հ.Գ.
Ani Smbatyan ջան, գիտեմ, որ այն, ինչ խնդրում եմ, քո գործառույթների մեջ չէ, բայց գիտեմ նաև, որ կարող ես. խնդրում եմ հետևողական լինես, որպեսզի Ծառայության պաշտոնական կայքում տեղ գտնի նաև հոկտեմբերի 6-ի՝ ժամը 14:30-ին կայացած հանդիպման մասին տեղեկատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել