«Պետությունը ընտանիքի մեծ մոդելն է»: Այս խոսքը հաճախ ենք լսում տարբեր ստատուսի տեր մարդկանցից ու նաև օգտագործում ենք ինքներս: Ու եթե այս արտահայտությունն օգտագործվում է հաճախակի, ապա նշանակում է անխոս համաձայնություն կա, հետևաբար այն ընդունելի է մեծ մասի կողմից: Ուստի մի կարճ դրվագ համեմատենք:
Օրինակ, ավանդական հայկական ընտանիքում տան հարսը, երբ ընտանիքի իրավահարաբերությունների մասին սկսում է պատմել «թաղի հարսների ասոցիացիայի ֆորումներում» (բամբասանքային հավաքներ) կամ ընտանիքի բարեկամ այլ ընտանիքների հարսների շրջանում կամ բացահայտ քննադատում ու ներընտանեկան հարաբերությունները դարձնում է հանրային քննարկման առարկա «հարսների միջազգային կազմակերպության տարբեր ատյաններում», ապա այդ հարսին անվանում են լաչառ, բերանբաց, բամբասկոտ, փնթփնթան, դժգոհ և այլն:
Իսկ, որ ընդդիմադիր ներկայացուցիչը տարբեր միջազգային ատյաններում առիթը բաց չի թղնում պետության ղեկավարին իշխանություններին քննադատելու և դրսի մարդկանց աչքից գցելու համար անում է ամեն հնարավորը, դա քաղաքականության մեջ անվանվում է խոսքի ազատություն և դիտվում է նորմալ, իսկ քաղաքական քննադատները դա անվանում են «ներսի սպիտակեղենը դրսում ցուցադրություն», բայց էլի դիտվում է նորմալ: Այդպիսի թարմ Օրինակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի (ALDE) ելույթն է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում՝ «Վեհաժողովի մոնիթորինգի գործընթացի առաջընթացը» զեկույցի նախագծի քննարկման ժամանակ:
Ինչևէ, թե որն է ճիշտ, որը սխալ, այդ մասին դատեք ինքներդ, սակայն երկու դեպքում էլ հասարակության տարբեր շրջանակների կողմից մեղադրվում են հարսն ու ընդդիմությունը: Այդ դրսի մարդիկ կարեկցում ու իրենց օգնությունն են առաջարկում թե հարսին, թե ոմն ընդդիմադիրի, խորհուրդներ են տալիս, թե ինչպես վարվել, որ այդ ընտանիքը կամ պետությունը թուլանա: Ու ասեմ, որ այդ խորհուրդները բացարձակ ճշմարտություն են թվում բողոքողի աչքին, այնպես, ինչպես իր անունն ու ազգանունը:
Հարկավոր է պետական ու ընտանիքամետ մտածելակերպ դրսևորել ցանկացած պարագայում ու ցանկացած ժամանակահատվածում ու հեչ կապ չունի դիմադիր ես, թե ընդդիմադիր, կամ հարս ես, թե սկեսուր: Բոլոր դեպքերում հարսն ու սկեսուրը համատեղ կյանքով են ապրելու այնպես ինչպես դիմությունն ու ընդդիմությունը: Ներսի դիսկուրսը կամ հարաբերությունները չի կարելի հանել դուրս, այն օգուտ չի տալիս, բացի վնասից: Մենք մեր հարցերը պետք է կարողանանք լուծել ներսում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/840269609346814?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել