Մեծ պաթոսով ուսուցչի տոնը նշելու փոխարեն, կարելի է պարզապես ավելի հետամուտ լինել նրան, որպեսզի ուսուցիչների համար ստեղծվի այնպիսի աշխատանքային միջավայր, որում ուսուցիչը կկարողանա մարդավայել գումար վաստակել ու ըստ արժանավույնս իրականացնել իր գործառույթները, որոնք ի դեպ համարվում են ամենամարդասիրականներից մեկը։
Աշոտյանը իհարկե լավ է անում, որ ֆեյսբուքում ֆլեշմոբներ է կազմակերպում ուսուցչի տոնի առիթով ու ես ամենևին դեմ չեմ, որ ԿԳՆ-ը ինչ որ միջոցառումներ է իրականացնում այդ տոնի կապակցությամբ, բայց այդ ամենը ո՞ւմ է պետք, երբ տարվա մնացած օրերին ուսուցիչներին ու նրանց իրավունքները ոտնահարում է ով չալարի։
Ոտնահարում է պետությունը՝ միկրոսկոպիկ վարձատրությունով ու անելանելի սահմանափակումներ մտցնելով ուսուցիչների աշխատանքային իրավունքների մեջ։
Ոտնահարում են ծնողներից շատ-շատերը, ովքեր իրենք սարից իջած լինելով իսկական լածիրակներ են մեծացնում (հատապես՝ Կենտրոնում) ու ճամփում դպրոց, իսկ հետո իրենց լակոտների հետ համատեղ ջանքերով քայքայում են խեղճ ուսուցիչների նյարդային համակարգը։
Հայաստանում հիմա ամենաանշնորհակալ ու չարժևորված մասնագիտությունը դարձել է հենց մանկավարժը ու հատկապես՝ դպրոցական ուսուցիչը։ Ուսուցիչների աշխատավարձերը այնքան ցածր են, որ մարդ կամ պետք է լինի իր մասնագիտության ֆանատիկոսը, որպեսզի համաձայնվի աշխատել նման գումարի դիմաց, կամ էլ ստիպված պետք է տարբեր կոռուպցիոն մեխանիզմների դիմի, եթե չի ուզում սոված մնալ։
Մյուս կողմից, այսօր ուսուցիչների իրավունքներն այնքան են սահմանափակվել, ասես հին Հռոմի ստրկատիրական հասարակարգը լինի, որտեղ հարուստ ընտանիքները գնում էին տարբեր ազգերի բանիմաց ներկայացուցիչների՝ ստրուկների շուկայում ու ստրուկի կարգավիճակում դարձնում նրանց իրենց երեխաների ուսուցիչը։ Այսօր ինչ որ հարուստի լկստված ու փսլնքոտ լակոտ կարող է ուսուցչի կյանքը դժողքի վերածել ու զրկել նրան անգամ այն ողորմել գրոշերից, որ տալիս է պետությունը։ Այո՛, կան մասնավոր դպրոցներ, որտեղ վարձատրությունը հարաբերականորեն ավելի լավ է, բայց այդ դպրոցներում ուսուցիչները ընդհանրապես զրկված են ցանկացած տեսակի իրավունքներից, փոխարենը միջանցքներում ամեն պատից գրված են աշակերտների իրավունքները...
Մի խոսքով, պետություն ջան, ուզում եմ որ չինովնիկները հասկանան, որ այն երկիրը, որտեղ անտեսվում են ուսուցչի, բժշկի ու զինվորականի իրավունքներն ու անելանելի պայմաններ են ստեղծվում նրանց համար, դատապարտված է կործանման, իսկ էդ ձեր պաթետիկ ճառերն ու տարվա մեջ մի օր ուսուցիչ գովալը ոչ այլ ինչ է, քան ցինիզմ։