Հարգելի՛ տիկնայք և պարոնայք.
Տարիներ շարունակ պետական և հանրային ամենատարբեր օղակների կողմից խոսվում է գյուղերի, հատկապես սահմանամերձ գյուղերի նկատմամբ պետական հոգածության, կառավարության կողմից հնարավոր աջակցության ծրագրերի մասին: Գյուղական բնակավայրերի հետ գեթ չնչին առնչությունն անգամ կարող է վկայել, որ այդ համայնքները գտնվում են ծայրահեղ թշվառ վիճակում և սահմանամերձ գյուղերի բարելավման համար անհրաժեշտ է ուղղակի վիրահատական միջամտություն: Գյուղական համայնքները, հատկապես մայրաքաղաքից զգալի հեռավորության վրա գտնվող գյուղերը, իրենց թշվառ բյուջեների հաշվին ի վիճակի չեն կանոնավոր վճարել համայնքապետարանների ենթակա հիմնարկ - ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձերը, կատարել համայնքային ճանապարհների, պուրակների, զբոսայգիների և համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքների նվազագույն բարելավման աշխատանքներ, ապահովել համայնքապատկան նախակրթարանների գոնե նվազագույն տանելի գոյություն՝ ջեռուցում, գրենական պիտույքների, գույքի և այլ անհրաժեշտ պարագաների ձեռքբերում, կատարել նշանակալի ներդրումներ համայնքային առօրյա կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ:
Հաշվի առնելով կառավարության սուղ միջոցների առկայությունը՝ առնվազն անհեռատես մոտեցում կլիներ ակնկալել այս խնդիրների ամբողջական լուծումը մեկ փաթեթի միջոցով, սակայն օրեցօր դատարկվող գյուղերը սպասում են ֆինանսական ներդրումների:
Այս խնդիրների լուծման միակ հնարավորությունը առկա պետ. բյուջեի միջոցների հնարավորությունների պայմաններում պետական լրավճարների (դոտացիաների) գոտիականացման մասին օրենքի նախագծի ընդունումն է: Բոլորիս հայտնի է, որ ՀՀ ամբողջ տարածքում պետական լրավճարները համայնքներին տրամադրվում են միասնական գործակցով, սակայն այս պարագայում անտեսվում է, որ քաղաքային համայնքները, հատկապես մայրաքաղաքի վարչական շրջանները, գույքահարկից, հողի հարկից, վարձակալության տրված տարածքներից և այլ աղբյուրներից ստացվող մուտքերի հաշվին ունեն զգալի եկամուտներ, որից զրկված են գյուղական բնակավայրերը: Այդ պարագայում պետական լրավճարները, ի տարբերություն սահմանամերձ գյուղերի, խոշոր համայնքների համար կենսական նշանակության խնդիրներ չեն լուծում: Մինչև 800 բնակիչ ունեցող համայնքը ստիպված է վճարել գրեթե նույն չափով աշխատավարձ իր համայնքապետարանի, մանկապարտեղի և այլ համայնքային ենթակայության կրթարանների աշխատակիցներին, ինչ վճարում է գրեթե մինչև 2000 բնակիչ ունեցող համայնքը: Այս պարագայում պարզ է, որ փոքր համայնքների բյուջեների վրա ընկնում է ահռելի ֆինանսական բեռ, որի հետևանքով շատ հաճախ համայնքները ստիպված են լուծարելու նախակրթարանները, գրադարանները և կենսական նշանակության այլ ենթակառուցվածքներ, որի հետևանքով լրջորեն մեծանում է գյուղը լքողների թիվը: Պետական լրավճարների գոտիականացումը հնարավորություն կտա համայնքներին տրամադրվող միջոցները բաշխել առավել արդարացի՝ ֆինանասական աջակցության առավել բարձր գործակից սահմանելով սահմանամերձ գյուղերին, փոքր բնակչություն ունեցող համայնքներին, մայրաքաղաքից զգալի հեռավորության վրա գտնվող համայնքներին և այլն, ինչն իր հերթին հնարավորություն կտա վերոհիշյալ համայնքներին ունենալ ֆինանսական միջոցներ՝ ապահովելու համար համայնքային ենթակառուցվածքների գոնե նվազագույն չափով կենսագործունեությունը...
Տիկնայք և պարոնայք...
Միգուցե տնտեսագետները առավել հստակ կկատարեն իրենց հաշվարկները, միգուցե իմ առաջարկությունը բանաձևված չէ տարաբնույթ աքսիոմներով և թեորեմներով, սակայն իմ ներկայացրած առաջարկությունը փրկության ծրագիր է հարյուրավոր համայնքների համար: Բնակվելով ՀՀ ամենահեռավոր մարզերից մեկում՝ ամեն օր ականատես եմ լինում Բագրատաշենի մաքսատանը կուտակված հերթերին. հայութունը վճարում է վերջին լուման ավտոբուսներին, որպեսզի վերջնականապես հեռանա իր երկրից, այն երկրից, որը երբեմն ոչ միայն չի կարողանում կերակրել իր քաղաքացիներին, այլև բացարձակապես, միգուցե կոպիտ է հնչում, հանցավոր անտարբերության է մատնում իր սահմանապահ գյուղերի խնդիրները: Պետական լրավճարների (դոտացիաների) գոտիականացման մասին օրենքի նախագծի ընդունումը ուղղակի կենսական անհրաժեշտություն է, և ես խնդրում եմ բոլորիդ աջակցությունը:
Սթափվեք, քանի դեռ սահմանամերձ գյուղերը չեն դատարկվել...
Սթափվեք, քանի դեռ սահմանները չեն մնացել առանց հուսալի պատվարի...
Ակնկալում եմ բոլոր պատգամավորների, լրատվամիջոցների և այս խնդրին ադեկվատ բոլոր անձանց և կառույցների աջակցությունը:
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Թիվ 40 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու, Նոյեմբերյանի ավագանու անդամ, անկուսակցական



