Կայսրության լքված հովվաշունը

Երբ ռուսական զորքերը ստիպված եղան թողնել Ախալքալաքի ռազմակայանը, այնտեղ, ի շարս այլ անտեսված մեծ ու փոքր դրամաների, մի քանի տարի շարունակ տեղի էր ունենում մի սրտաճմլիկ պատմություն: Այդ տարածքով հազվադեպ անցնող-գնացող յուրաքանչյուր ավտոմեքենայի սրընթաց վազքով մոտենում էր մի հսկայական հովվաշուն` սեւ գերմանական “օվչարկա”, որը սարսափած, վարորդներին եւ ուղևորներին մի քանի քայլ չհասած, հանկարծ պառկում էր գետնին ու պոչը թափահարելով ակնհայտորեն փորձում էր սիրաշահել անծանոթ, բայց երեւի թե նրա համար այնքան անհրաժեշտ մարդկանց: Ըստ երեւույթին նրան արձակել ու թողել էին հեռացող ռուս զինվորականները եւ այժմ խեղճ շունը, չհասկանալով, որ կայսրությունն այլեւս չկա եւ սահմանն այսուհետեւ բաց է նախկին թշնամու առաջ, մոլորված մոտենում էր ամեն անցորդին՝ փնտրելով հին կամ նոր տերերին եւ սեփական գոյության իմաստը… Փլուզված Խորհրդային կայսրության այս լքված սահմանապահ շունը ցնցել էր ինձ: Թվում էր՝ սա անցնող դարաշրջանի դաժան խորհրդանիշն է`կործանված պետության անհետացած սահմանը հսկող միայնակ շուն:

Ես հիշեցի անցած տասնամյակի այս տպավորությունը վերջերս, երբ աշխուժացավ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության մասին բանավեճը: Ես թույլ կտամ ինձ իմ համեստ կարծիքն էլ հայտնել այս բախտորոշ հարցի վերաբերյալ: Իմ խորին համոզմամբ` այսօր չկա ավելի անհեթեթ ու վնասակար գաղափար հայերիս համար քան “ո՞ւմ հետ լինել, ո՞ւմ միանալ ” հարցադրումը: Արդի աշխարհում ամենաթանկ արժեք է համարվում անվտանգությունը: Ոսկին ու զենքը ծառայում են դրան, հանուն դրա սկսվում են պատերազմներն ու կնքվում դաշինքներ: Բայց անվտանգությունն ապահովում ու ամրագրում են ոչ թե պայմանագրերով, այլ պատմական փորձով, ազգային հիշողությամբ, պետական քաղաքականությամբ եւ, ամենակարեւորը, զենքով: Մենք ունենք այսօր այնքան տարածք, որքան կարողացանք պաշտպանել: Մենք կունենանք այնքան ազատություն, որքան կնվաճենք այսօր: Մենք կունենանք այն երկիրը, որը կազատագրենք: Ոչ ոք չի անի դա մեր փոխարեն: Մեր պատմական փորձը եզակի է եւ աննախադեպ. դա ոչ միայն ցեղասպանության, այլ նաեւ հայրենազրկման ողբերգություն է: Հրեաները հոլոքոստի արդյունքում ստացան Իսրայելը՝ որպես փոխհատուցում: Մենք՝ հայերս, ցեղասպանությունից հետո զրկվել ենք մեր պատմական բնօրրանից: Ուստի, մեր ազգային քաղաքականության արտաքին նպատակը պետք է լինի Հայոց ցեղասպանության քաղաքական,տնտեսական, աշխարհագրական, բարոյական հետևանքների վերացումն ու կորուստների հատուցումը: Առանց այդ նպատակի անիմաստ է մեր ազգային պետականությունը, առանց դրա իրագործման անհնար է մեր բնականոն զարգացումը: Ոչ մի պետական դաշինք կամ վերպետական միավորում չի կարող ոչ երաշխավորել, ոչ իրականացնել մեր ազգային գերխնդրի լուծումը: Խոսքը վերաբերում է ինչպես հյուսիս-արեւելյան, այնպես էլ արեւմտյան կողմնորոշումներին: Մեր կնքված ու կնքվելիք պայմանագրերը պետք է ենթարկվեն այս գերխնդրի լուծմանը, այլապես մեր ողբերգական պատմությունը ավարտվելու է ոչ թե սրբագրող ու ազատագրող վեհ կատարսիսով, ինչպես հարիր է հնագույն ողբերգություններին, այլ վերածվելու է հերթական կործանված կայսրության լքված պահակաշան տխուր ու սրտաճմլիկ ֆարսի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել