Երեկ տղայիս դասը Արամ Խաչատրյանի մասին էր:
Համացանցում նյութէր էինք փնտրում ու նորից հանդիպեսի էս զվարճալի պատմությանը;Կարդացի տղայիս համար:
Շատ տխրեց;Մեկ էլ թե,գիտես էստեղ ինչ պահ կա,որ սիրտդ հովանում ա? ասում եմ ասա,էդ որն ա էդ լուսավոր պահը?
-Որ Խաչատրյանը Դալիի սափորի մեջ միզել ա: Հասնում ա Դալիին:
Ստորև կարդացեք այդ պատմությունը:
Արամ Խաչատրյան - Սալվադոր Դալի Սուսերով պարը
Հեղինակ` ՄԻԽԱՅԻԼ ՎԵԼԼԵՐ
Արամ Խաչատրյանը, լինելով աշխարհահռչակ մարդ, ցանկալի հյուր էր ոչ միայն հարազատ Հայաստանում, Մոսկվայում, Լենինգրադում, այլև արտասահմանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, որտեղ մշտապես լինում էր:
Մի անգամ Իսպանիայում մեծ հաջողությամբ ընթացող հյուրախաղերի ժամանակ ահա թե ինչ տեղի ունեցավ:
Իսպանացիներն ընդհանրապես երաժշտասեր ժողովուրդ են, իսկ հատկապես գնահատել գիտեն խանդավառ, կրակոտ երաժշտությունը: Այդ օրերին հյուրախաղերի կազմակերպիչները կոմպոզիտորին հարցրին, թե ինչ կկամենար տեսնել կամ ստանալ մեծ մաեստրոն Իսպանիայում: Իրենք ուրախ կլինեն հանճարեղ կոմպոզիտորին ծառայել, ցանկությունը կատարել, մեծ հաճույք պատճառել:
Խաչատրյանը կյանքում և կենցաղում համեստ մարդ էր և իր մեծությունն ու փառքն արժանապատվորեն էր կրում: Նրան ընդունել էին բարձր մակարդակով, և երևի նա պետք է ցանկանար միայն թռչնի կաթ: Բայց թռչնի կաթ չէր օգտագործում, նրա սիրած խմիչքն «Արարատ» կոնյակն էր: Իպատասխան իր հանճարեղության մասին հաճոյախոսությունների` նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և ասաց, որ Իսպանիան, ուր ինքը պատիվ ունի ելույթ ունենալ, 20-րդ դարի մեծագույն նկարիչ Սալվադոր Դալիի հայրենիքն է, որին ինքը պաշտում է: Նշեց, որ հիացած է իսպանական հյուրասիրությամբ, և որևէ այլ ցանկության մասին խոսք լինել չի կարող: Միակ բանը, որ կցանկանար, Սալվադոր Դալիի հետ ծանոթանալը և նրան անձամբ իր հիացմունքը և խորին հարգանքը հայտնելն է: Նույնիսկ կցանկանար ունենալ նկարչի ալբոմը հեղինակի ստորագրությամբ:
Այս հայտարարությունից հետո կազմակերպիչները տարակուսեցին: Բանն այն է, որ Դալին հայտնի էր իր անըմբռնելի էքսցենտրիկությամբ, իր արտասովոր վարքով, և գրեթե անհնար էր կատարել կոմպոզիտորի խնդրանքը: Ավելին, դա անհնար էր նաև այն պարզ պատճառով, որ Դալին ապրում էր Ամերիկայում և հազվադեպ էր Իսպանիա գալիս:
Բայց ամեն ինչ հաջողվեց հեքիաթային արագությամբ և կասկածելիհեշտությամբ: Անդրօվկիանոսային Դալին հեռախոսով բարյացակամորեն լսեց հանդիպման ցանկության մասին և պատասխանեց, որ ինքը հանճարեղ կոմպոզիտորի երկրպագուն է և երջանիկ կլինի, ցանկացած պահի ընդունել իսպանական իր համեստ առանձնատանը: Նա ասաց, որ երջանիկ այդ հանդիպման համար ինքը պատրաստ է թողնել բոլոր գործերը, որոնք առանձնապես կարևոր էլ չեն: Ո՞ւմ է պետք ինքը` խեղճ, ծեր նկարիչը: Հենց հիմա կգնա օդակայան և ինքնաթիռ կնստի: Ասենք վաղը` ցերեկվա ժամը 2-ին: Եթե հանճարեղ կոմպոզիտոր Խաչատրյանը համաձայն է, ապա ինքը` համեստ ներկարար Դալին, անհայտ անհաջողակը, իր կյանքի մնացյալ օրերը երջանիկ կապրի, բացարձակապես երջանիկ, քանզիիր աննշան անձը հետաքրքրություն է առաջացրել համաշխարհային երաժշտության այդպիսի հսկայի և լուսավորչի համար:
Այս խոսքերից սիրտը կանգնելու չափ ցնցված իմպրեսարիոն հրավերը փոխանցեց Խաչատրյանին` իսպանական նրբագույն պատշաճությամբ զգացնել տալով, որ Խաչատրյանի փառքը վաղուց անցել է հնարավորի և անհնարինի սահմանագիծը: Եթե ինքը` ուսուցիչ Դալին, որ ընդունակ է հենց այնպես, տրամադրությունից ելնելով կամ սկանդալային ինքնառեկլամի համար ցանկացած պրեզիդենտի «ուղարկել ուր հարկն է», այդպես բարձր է գնահատում Խաչատրյանին...
Եվ հաջորդ օրը` ժամը երկուսից 3րոպե պակաս, Խաչատրյանին, իմպրեսարիոյին, քարտուղարին և թարգմանչուհուն կառավարական դասի լիմուզինը հասցրեց Դալիի ճերմակաքար, աշտարակավոր մավրիտանական ապարանքի դարպասների մոտ:
Կուրացուցիչ շքեղությամբ հագնված դռնապանն ու թիկնապահը, դարպասը բացելով, հայտնեցին, որ տանտերն արդեն սպասում է և ցանկանում մտերմիկ ընտանեկան հանդիպում անցկացնել, այդ իսկ պատճառով թարգմանիչ պետք չէ, քանզի մոնսինյոր Դալիի կինը ռուս է:
Մեքենան նույնպես պետք չէ, քանզի մոնսինյոր Դալին կարգադրել է հանդիպումից հետո կոմպոզիտորին տանել իր մեքենայով:
«Ո՞վ է ձեզանից սինյոր Խաչատրյանը, պատիվ արեք, սինյոր, ներս համեցեք: Ո՛չ, Ո՛չ: Մնացածներին ընդունելու կարգադրություն չի եղել»:
Մնացածները տարակուսած բարձրացրեցին ուսերը, բայց չզարմացան, որովհետև այս ամենը Դալիի «ձեռագիրն» էր: Նրանք սեղմեցին Խաչատրյանի ձեռքը` ցանկանալով հաճելի ժամանց, և խնդրեցին իրենց ողջույնները հաղորդել մեծ հայրենակցին ու հեռացան:
Իսկ Խաչատրյանին մարմարյա ծառուղով ուղեկցեցին պալատ: Սանդղամուտքի մոտ նրան խոնարհաբար գլուխ տվեց թագավորական պալատի արարողապետ հիշեցնող մեկը: Եվ Խաչատրյանն սկսեց մտածել` ճի՞շտ է արդյոք հագնվել, գուցե նպատակահարմար կլիներ ներկայանալ սմոքինգով... Բայց այդ մասին նրան չէին զգուշացրել: Եվ ժամն էլ ցերեկ է, հանդիպումը` ոչ պաշտոնական: Եվ հետո` հենց ինքն էլ մեծ մարդ է, ի՞նչ կա որ...
Արարողապետը հրավիրեց մի շքեղ ընդունարան (ճերմակ ծեփակերտվածք, հավաքածո մանրատախտակ և հայելի) և առաջարկեց նստել: Նա իսպաներենով տեղեկացրեց, որ մոնսինյոր Դալին հիմա այդ դռնով ներս կմտնի:
Այդ պահին պատի հնագույն ժամացույցը ձայնեց երկու անգամ (ժամը երկուսն էր): Արարողապետը խոնարհվեց և անհետացավ` իր ետևից փակելով դուռը:
Խաչատրյանը սենյակում մենակ մնաց:
Նա նստեց ոսկեթել շքեղ բազմոցին (անկասկած Լուդովիկոս XV-ի ժամանակաշրջանի): Նրա դեմ խճանկար սեղան էր` վրան հայկական կոնյակներ, իսպանական գինի, մրգեր և ծխախոտ: Իսկ սրահի մյուս անկյունում` ոսկյա մեծ վանդակի մեջ, քայլում էր ծիածանագույն փետուրներով սիրամարգը:
Անցան րոպեներ, ևս մի քանի րոպե: Գիտենալով, որ Իսպանիայում ճշտապահությունն իսպառ ընդունված չէ` նա աշխուժորեն սկսեց դիտել շրջապատը, ուղղել փողկապը, ձեռքով հարդարել մազերը: Հավանաբար Դալիի կինը` Գալան, նույնպես կգա, քանզի թարգմանչի կարիք չկա: Նա մտքում բառեր էր ընտրում, նուրբ հաճոյախոսություններ մշակում:
Երկուսն անց 10 րոպեին ենթադրեց, որ Դալին ուր որ է կհայտնվի, հինգ րոպե անց ավելի հարմար տեղավորվեց բազմոցին և արկղից ծխախոտ վերցրեց: Ոտքը ոտքին դրեց և սկսեց քուլա-քուլա ծուխ արձակել: Երկուսն անց 20 րոպեին մի փոքր անհանգստացավ` գրողի ծոցը կորչի, ախր հանդիպումը ժամը երկուսին էր: Մի կում կոնյակ լցրեց ու խմեց: Երկուսն անց կես ևս մի կում կոնյակ խմեց ու մի բաժակ գինի, հետո խաղող պոկեց: Դեմքին անհանգստության նշաններ հայտնվեցին: Ինչ անտաշություն, ինչ է, ինքը երեխա՞ է: Կանգնեց, պիջակն արձակեց, հետո փողկապի կապը թուլացրեց և սկսեց քայլել սենյակում: Հետո ձեռքերը դրեց գրպանը ու սկսեց քայլել սրահում: Նայում էր սիրամարգին` ապուշ թռչուն է, գոռում է էշի պես: Ժամը երեքից 15 պակաս այս հանդիպումը Խաչատրյանին սկսեց դուր չգալ: Նա փորձեց բացել այն դուռը, որտեղից պետք է հայտնվեր Դալին: Գուցե արարողապետը շփոթե՞լ է սրահները: Բայց դուռը կողպեքով փակված էր: Եվ Խաչատրյանը որոշեց` կսպասի մինչև երեքը և կգնա գրողի ծոցը: Այս ինչ այլանդակություն է... Սա արդեն նվաստացուցիչ է:
Ուղիղ երեքին նա նյարդայնացած թքեց ծխախոտի մնացորդի վրա, մի թաս«Ախթամար» խմեց և հաստատակամ մոտեցավ դռներին: Բայց պարզվեց` այն դուռը, որտեղից ներս էր մտել, չէր ուզում բացվել: Խաչատրյանը զարմացավ, պտտեց բռնակը, տարակուսած թոթվեց ուսերը: Հետո հերթականությամբ փորձեց բացել սրահի բոլոր դռները: Բոլորը փակ էին: Շփոթված, մոլորված և բարկացած սկսեց հրել` փակ էին: Կենտրոնանալու համար մի բաժակ կոնյակ էլ խմեց, բարձրաձայն հայհոյեց, թքեց սիրամարգի ուղղությամբ, քանդեց-հանեց փողկապն ու կոխեց գրպանը: Փնտրեց հեռախոս կամ զանգի կոճակ: Բայց` իզուր:
Գուցե Դալիի հետ ինչ-որ բա՞ն է պատահել, գուցե նա դեռ չի վերադարձել Ամերիկայից: Բայց, ախր, հրավիրեցին, հավաստեցին... գժվել կարելի է: Արդեն ուտելու պահանջ զգաց. հաստափոր մարդ է, սիրում է հաճույքով ուտել: Արդեն ճաշելու ժամանակն էր: Ի դեպ, նա դիտավորյալ նախօրոք չճաշեց, որպեսզի Դալիի հետ ճաշի:
Նորից նստեց սեղանի կողքին, մի տանձ ընտրեց, նարնջի հյութը կաթեցրեց վերնաշապիկին, մի հատ էլ կոնյակ գցեց: Սկսեց կատաղել, սրտնեղել:
Երեք անց կեսին բնական պահանջ զգաց, բայց դռները փակ էին: Արդեն քաղաքավարության կանոնները հարգելու ժամանակը չէր: Սկսեց թակել բոլոր դռները, հետո թակոցներն ուժեղացան: Ոչ մի պատասխան: Փորձեց բացել պատուհանը կամ գոռալ: Բայց հատուկ հաստության պատուհանը բացել անհնար էր: Նա սկսեց վազվզել սենյակում և բարձրաձայն հայհոյել: Ժամը 4-ին մոտ համբերության բաժակը լցվեց: Որոշեց` կհամբերի մինչև չորսը, հետո ինչ կլինի` կլինի, թող կորչեն սրանք գրողի ծոցը: Պատուհանի մոտ մավրիտանական հնաոճ մի սկահակ կար` գեղեցկատես, տարողունակ: Եվ սկահակն սկսեց խառնել նրա մտքերը: Ժամը 4-ին վերջապես, այլևս չհամբերելով, նա բավարարեց բնական պահանջը:
Ժամը ուղիղ 4-ին խլացուցիչ ձայնով, ինչ-որ տեղ թաքցված բարձրախոսից հնչեց«Սուսերով պարը»: Դուռն աղմուկով բացվեց, և հատակ մաքրելու երկարակոթ խոզանակը հեծած, բոլորովին մերկ, գլխավերևում սուսեր ճոճելով, թռչկոտելով` ներս մտավ Սալվադոր Դալին:
Հենց այդպես, գլխավերևում ճոճելով սուսերը, բոլորովին մերկ, խոզանակը հեծած` նա սիգարշավեց ամբողջ սրահով մեկ և դիմացի հենց այդ պահին բացված դռնից դուրս թռավ: Դուռը փակվեց, ու երաժշտության ձայնը կտրվեց:
Ներս մտավ արարողապետը և հայտարարեց, որ ընդունելությունն ավարտված է: Եվ հրավիրեց դեպի ելքը:
Այս ամենից քար կտրած Խաչատրյանը ջղաձգորեն կարգի բերեց իրեն: Սանդղամուտքի մոտ նրան հանձնեցին հոլանդական տպագրությամբ Դալիի պերճաշուք, շքեղ ալբոմը` հեղինակի սրտառուչ մակագրությամբ` որպես անմոռանալի հանդիպման հուշանվեր:
Կոմպոզիտորին նստեցրին ավտոմեքենա և հյուրանոց հասցրեցին: Ճանապարհին Խաչատրյանն ուշքի եկավ, ցանկացավ դուրս շպրտել գարշելի ալբոմը, բայց միտքը փոխեց:
Իսկ հյուրանոցում նրան անհամբեր սպասողները, իրար ընդհատելով, հարցուփորձում էին, թե ինչպես անցավ երկու հսկաների հանդիպումը: Կոմպոզիտորն արվեստի մասին ինչ-որ անկապ բան փնթփնթաց` աշխատելով կարճ խոսել, որպեսզի ստի մեջ չխճճվի:
Հենց նույն օրը հանդիպման մանրամասները տպագրվեցին երեկոյան թերթում:
Ի դեպ, Դալին ներողամիտ տոնով թերթում նշել էր, որ վայրի Ռուսիայի սովորական հյուրը գիշերանոթի տեղ օգտագործել էր 600 տարվա հնություն ունեցող, հարյուր հազար դոլար արժողությամբ հնաոճ սկահակը:
Ինչևէ, Խաչատրյանն այլևս Իսպանիա չմեկնեց: