Newmag.am-ը գրում է․

Լեռնային Կիլիկիայի բերդաքաղաքները մնացին սարերի և կիրճերի ետևում: Անծայրածիր մշակված դաշտեր, ճեպուղիներ, որոնցով սլանալն ուղղակի հաճույք է: Առաջնորդվում ենք քարտեզով (թեև դրա կարիքն առանձնապես չկա), որովհետև ճանապարհային նշանները հստակ ուղեկցում են: Քաղաքների մոտ հաճախ հանդիպում ենք «Վերահսկվում է ռադարով» նշանին: Մի 500 մետր անց երևում է ոստիկանական մեքենան: Այսինքն` նախապես զգուշացնում են, որ կարգավորես արագությունդ կամ էլ կապես ամրագոտիդ: Ջեհյան քաղաքի (հիշեք գազատարը) խաչմերուկի մոտ ոստիկանը կանգնեցրեց մեր միկրոավտոբուսը: Սալոնը, որտեղ երեքով էինք, վերածել էինք խառնաշփոթ գրասենյակի: Վերջին նկարահանումից հետո այնքան էլ հիմնավոր չէինք դասավորվել:
Ոստիկանը բացեց սալոնի դուռը: Բարևեցինք: Ո՞նց եք, ի՞նչ կա չկա (թուրքերեն): Ես զվարթ ներկայացրի նստածներին: Տպավորիչ էր «դոկտոր Մարտիրոսյանը»: Ոստիկանը, տեսնելով տեսախցիկի ոտնակը (շտատիվը), առանց աչք թարթելու փաստեց` «կամեռլար»:

-Կամեռլար, տելեֆոնլար, բուքլար (գրքեր),- մտքիս եկած բառերով ուրախ շարունակեցի:

Այդ ժամանակ Վահրամը բացեց հայ-թուրքերեն զրուցարանն ու հարցրեց թուրքերեն.

-Դուք խոսո՞ւմ եք թուրքերեն:

Դադար:

«Նո» պատասխանեց ոստիկանը և ժպտաց: Բոլորս հռհռացինք` «բռավո», «give me five»: Նա ձեռքով նշան արեց վարորդ Վանիկին, որ ճանապարհը շարունակի: Արևմուտքի առաջին շողերի ներքո մոտեցանք Միջերկրականին:

turkey

«Պետք է գիտնալ, որ կա երկու Հայաստան` Փոքր ու Մեծ: Փոքր Հայաստանի թագավորը երկիրը կառավարում է բարեխղճորեն և թաթարների (նկատի ունի մոնղոլներին) գերիշխանության տակ է: Այտեղ լեփ-լեցուն շատ քաղաքներ ու ավաններ կան: Որսորդությունը խիստ տարածված է: Բայց հարկ է նշել, որ երկիրը խիստ տկար է: Մի ժամանակ այս երկրի ազնվականները խիզախ ու ռազմատենչ էին, այսօր թույլ են ու ստոր և հարբեցողությունից զատ այլ շնորհք չունեն: Ծովի ափին կա Լայաս անունով մի քաղաք, որը մեծ վաճառակենտրոն է: Եփրատից անդին ընկած երկրների համեմունքները, կերպասեղենը, մետաքսը, ոսկին բերվում է այստեղ: Վենետիկի, Ճենովայի վաճառականները գալիս են, վաճառում իրենց բեռները և կատարում են գնումներ: Այստեղով են անցնում բոլոր ճանապարհորդները»:

Այս նոթագրության հեղինակը 1271-ին Կիլիկիայով անցած Վենետիկցի Մարկո Պոլոն է: Այդ ժամանակ հայոց գահին նոր թագադրվել էր Լևոն Առաջինի թոռը`Զապել թագուհու և Հեթում Առաջին թագավորի որդին` Լևոն Երկրորդը: Թեև թագավորությունը վասալական կախվածության մեջ էր մոնղոլներից, զարգացման բուռն շրջան էր ապրում և տարածաշրջանի զորեղ պետություններից էր (կասեին այսօր):
Տեղավորվեցինք ծովափնյա երեքաստղանի հյուրանոցում: 25 դոլարանոց հարմարավետ սենյակներ էին` օդորակիչ, արբանյակային ԹՎ և մնացած հարմարությունները: Հոգնած էինք (նույն օրը նկարահանել էինք Սիսում, Անավարզայում և Լևոնկլայում): Սուրենը սկսեց քրքրել արբանյակի ցանկը` փորձելով գտնել Հ1-ը: Ես չէի կողմնորոշվում. նախ ցնցուղ ընդունել, հետո՞ սափրվել, թե՞ հակառակը: Վահրամն ասաց, որ այդ գորդյան հանգույցին նվիրված մի հայտնի պոեմ կա (հիմա չեմ հիշում հեղինակին): Էկրանին թերթող էրոտիկ ծրագրերի զորահանդեսից հետո լսվեց մայրենի լեզուն.
«Էդ բոզի տղեն հոր հաջաթը մոր փորի մեջ ա կծել»:
-Ի՞նչ… էդ ի՞նչ էր:
-«Մի վախեցիրն» է:

Գնացինք ընթրելու: Առանց սափրվելու:
1335թ. մոնղոլական Իրանի Աբու Սայիդ Իլ խանի մահից հետո քայքայվեց խանությունը, և մերձարևելյան ուժերի հավասարակշռությունը խախտվեց: Զրկվելով մոնղոլների հովանավորությունից` հայերը մեն-մենակ մնացին մամլուքների դեմ: Այդ ժամանակ հայոց գահին Լևոն Չորրորդ թագավորն էր: Կրկին կախվեց մշտական հարցը. ու՞մ դիմել օգնության համար:

Խոսակցություններ կային, թե Ֆրանսիայի թագավոր Ֆիլիփ 6-րդը նոր խաչակրած արշավանքի էր պատրաստվում: Հաշվի առնելով հայերի արևմտամետ կեցվածքը` մամլուքներն անցան վճռական գործողությունների: Նվաճվեցին Ջահան գետի արևելյան գավառները և թագավորության եկամտի հիմնական աղբյուրը` Այաս նավահանգիստը: 1337թ. պայմանագրով ամրագրվեց տարածքային հանձնումների փաստը, որը, փաստորեն, թագավորության կործանման հիմնաքարը եղավ: Այսօր Այաս նավահանգիստը մի քանի կիսավեր աշտարակներով շրջապատված փոքր ձկնորսական նավակայան է: Ռազմավարական ճանապարհները վաղուց փոխել են իրենց նշանակետերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել