Panorama.am-ը գրում է․
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Վարդան Հայ Առաքելական եկեղեցի: Նույն հնարավորությունն ունեցա և ես: Ուզում եմ կիսվել տպավորություններովս:
Մանհեթենի հարավ-արևելքում՝ 2-րդ ավենյույի և 34-րդ փողոցի խաչմերուկում վեր է հառնում Սուրբ Վարդանը՝ կառուցված Սուրբ Հռիփսիմե տաճարի նմանությամբ: Մանհեթենի այս գողտրիկ հատվածում անմիջապես զգացվում է հայկական շունչը. բավականին ընդարձակ տարածքում է գտնվում հայկական ճարտարապետության ավանդույթներով կառուցված եկեղեցին, քայլելիս ականջիդ հայալեզու խոսակցություններ են հասնում, իսկ հարակից շենքերի վրա, որոնցում համայնքային կառույցներ են գործում, ծածանվում է եռագույնը: Սուրբ Վարդանն ինձ ինչ-որ առումով հիշեցրեց Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. արտաքուստ նրանց միջև ոչ մի նմանություն չկա, մինդեռ շրջակայքն ու ներքին անդորրը նույնն են: Մանհեթենում, ինչպես և Սինգապուրում, հայոց հոգևոր տաճարը տեղավորված է դեպի երկինք սլացող երկնաքերերի ֆոնին, իսկ եկեղեցու պատերից ներս տիրում է այնպիսի հանգստություն, որ մի պահ մոռանում ես, թե ուր ես գտնվում. աշխարհի ֆինանսական կենտրոնի եռուզեռն ու աղմուկն այստեղ լսելի չեն, չկա կյանքի գլխապտույտ տեմպը, որն առկա է եկեղեցու պատերից դուրս:
Եկեղեցում համայնքի անդամներից տեղեկացա, որ թեև Նյու Յորքի համայնքը համեմատաբար փոքրաթիվ է, սակայն Սուրբ Վարդանը միակը չէ այստեղ: Պարզվեց ընդամենը մի քանի թաղամաս դեպի հարավ՝ 2-րդ և 3-րդ ավենյուների արանքում 27-րդ փողոցի վրա է գտնվում հայ առաքելական մեկ այլ եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որը տեղի հայերն անվանում են նաև Մայր եկեղեցի:
«Հայոց Էլիս այլենդը», որ նոր ծաղկունք է ապրում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնելը հեշտ չէ: Պատճառն արտաքին տեսքն է. շինությունն ակնհայտորեն արտաքուստ ոչ մի աղերս չունի հայկականության հետ: Միակ կողմնորոշիչը մուտքի դռան մոտ փակցված հայատառ ցուցանակն է: Բայց դա միայն դրսից: Ներսում եկեղեցին լիովին հայկական է, թե կահավորմամբ ու ինտերիերով, և թե մթնոլորտով:
Ինչպես պատմեց եկեղեցու հոգևոր հովիվ Մեսրոպ քահանա Լաքիսյանը, եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի կեսերին՝ որպես բողոքական աղոթատեղի: Իսկ 1915 թվականին՝ Մեծ եղեռնից անմիջապես հետո այստեղ հաստատվել է Հայ առաքելական եկեղեցին:
Հայկական չէր, հայացուցինք, 1915 թվականին»,- մեր հետ զրույցում պատմեց տեր Մեսրոպը և ընդգծեց, որ 2015 թվականի մայիսի 17-ին տոնելու են եկեղեցու 100-ամյակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ