Newmag.am-ը գրում է․
Վլադիմիր Իլյիչը որոշեց թերթը անվանել «Իսկրա»: Շունեսկոյե գյուղում նա ծայրեծայր մտածեց թերթի բոլոր համարների բովանդակությունը: Լավ էր ստացվել… Այժմ պետք էր միայն այդ ամենը հանձնել թղթին, տանել տպարան, ապահովել մեծ տպաքանակ և սպասել արդյունքներին: Սիբիրից վերադառնալով` Վլադիմիր Իլյիչը տեղավորվեց Պսկովում: Մենակ: Առանց Նադեժդա Կոնստանտինովնայի: Վատ չէր: Դե՛, Պսկով… Պսկով… Ինքներդ եք հասնակնում… Առավել ևս, որ Նադեժդան այդ ժամանակ աքսորում էր և «նստած» էր Ուֆայում: Դա էլ վատ տեղ չէր: Նադյան ու Վլադիմիրը, ճիշտ է, առանց միմյանց դժվար էին դիմանում, բայց առանց հեղափոխության ընդհանրապես չէին կարող: Հատկապես Վլադիմիր Իլյիչը: Հեղափոխական գործուներությունը նրա ամենասիրելի ժամանցն էր: Եվ անհետաձգելին: Լենինը մտաբերեց Մարքսի խոսքերը. «Փիլիսոփաները միշտ փորձել են բացատրել աշխարհը, բայց խնդիրն այն փոխելն է»: Ու ընկավ մտքերի մեջ…
-Ա՛յ քեզ՝ Մարքս,- ցածրաձայն մտորում էր Վլադիմիր Իլյիչը,- ա՛յ քեզ ՝ մատերիալիստ…Մարքսի պատմական ֆրազի հանճարեղությունն այն է, որ նա իր նախադասության առաջին մասում նշում է ենթական` փիլիսոփաները, մինչդեռ երկրորդ հատվածում անորոշ է թողնում, թե հատկապես ո՛ւմ խնդիրն է աշխարհը փոխելը… Փիլիսոփաների՞… Դե՛, իհարեկ, ո՛չ: Շահագործողների՞: Առավել ևս: Ուրեմն ո՞ւմ:
Մի չարաճճի ժպիտ հաըտնվեց նրա լուսապայծառ դեմքին: Նա արդեն գտել էր այն հանճարի անունը, ազգանունը և կեղծանունը, ում վիճակված էր աշխարհը փոխելու պատմական դերակատարությունը: Մնում էր այս ամբողջ ծավալուն տեսությունը տեղավորել քաղաքական թերթի մեկ մամուլ ծավալում: Ընդհամենը մեկ մամո՞ւլ… Քիչ է… Աններելի քիչ: Չի տեղավորվի:
-Իսկ եթե տիրաժը դարձնենք հարյուր հազա՞ր,- կրկին պայծառացավ Լենինը, բայց անմիջապես խոժոռվեց,- չէ՛, չի փրկի: Նույնսիկ 150 հազարը չի փրկի: Պետք է գնալ ուրի՛շ ճանապարհով…
«Ուրիշ ճանապարհի» առաջին քայլն աննկուն հեղափոխականի համար սկսվում էր փողից: Սկզբնական շրջանում «Իսկրայի» համար փողը տալիս էր բանվորական գիշերային դպրոցի ուսուցչուհի Ալեքսանդրա Միխայլովնա Կալմիկովնան: Նա Պետերբուրգի գրապահեստի սեփականատերն էր, սակայն համոզված մարքսիստ էր և Լենինի ամենամտերին ընկերուհիներից մեկը` դասերից հետո:

Երկար, անքուն գիշերները տևեցին չորս ամիս: Ավելի երկար անհնար էր ձգել. գրապահեստը սնանկացավ: Իսկ Լենինն արդեն նոր նվիրյալներ էր գտել: «Իսկրան» կարելի էր տպագրել միայն և միայն արտասահմանում: Գերմանիայում: Լայպցիգում: Ավելի ճիշտ, Լայպցիգից ոչ հեռու իր համար հանգիստ ապրող մի գյուղակում Պրոբստհեյդտ անունով: Այստեղ մի մասնավոր տպագրատան սեփականատեր կար, անունը` Հերման Ռաու: Նա համոզված սոցիալ-դեմոկրատ էր, ուշ երեկո միշտ գաղտնի հավաքների էր գնում, կինն էլ շատ էր նեղվում դրանից: Իլյիչի համար այս աննշան տեղեկությունն էլ բավական էր:
-Թերթը տպագրում ենք Լայպցիգում և միա՛յն Լայպցիգում: Որևէ այլ քաղաք ես չեմ հանդուրժի,- հաստատակամ հայտարարեց Վլադիմիր Իլյիչը Ժնևից Մյունխեն ճանապարհին:
-Ընկե՛ր Լենին, Լայպցիգում ռուսերեն տառաձուլվածքներ չկան,- փորձեցին տարհամոզել հեղափոխության թշնամիները:
-Տառաձուլվածքների բացակայությունը չի կարող խոչընդոտել պատմության ընթացքին և հեղափոխության արդի կարևոր խնդիրների լուծմանը,- չէր հանգստանում առաջնորդը,- համաշխարհային հեղափոխությունը չի կարող սպասել ցարական տառերով լի մի ինչ-որ ճամպրուկի:
Մի քանի գիշեր էր պետք, որ Վլադիմիր Իլյիչը Հերման Ռաուի փոքրիկ արհեստանոցում հասունացնի «Իսկրայի» առաջին համարի տպագրությունը: Հերման Ռաուն կասկածամիտ մարդ դուրս եկավ, սկսել էր խեթ-խեթ նայել կնոջը: Ու ամենի ինչ անում էր գործն արագ գլուխ բերելու համար: Մինչդեռ նրա կինն էլ սկսել էր հետաքրքրվել ռուս հեղափոխականի անսպասելի մտքերով: Հատկապես գրավիչ էր գիշերային ծանր աշխատանքը ընկեր Լենինի հետ: Եվ Ռաուի կինը համար համարի հետևից ավելի ու ավելի էր տրվում իր գործին: Մեկ ամիս անց նա ուղղակի ապրում էր «Իսկրայի» գիշերային համարներով, որոնցից ամեն անգամ նոր բան էր սովորում: Եվ ամեն առավոտ, երբ Ռաուն հոգնած, անմխիթար, դժգոհ դեմքով Լենինին էր մեկնում «Իսկրայի» հերթական համարը, Իլյիչը կայտառ վեր էր թռչում մահճակալից և երջանիկ բացականչում էր.
-Կայծից բոց կբռնկվի…

Ռաուի կինը Մեծ առաջնորդին մեղմ ժպտում էր, հագնվում և գնում էր թեյ պատրաստելու: Իսկ Ռաուն հուսահատ սեղմում էր ատամները և անիծում բոլոր ճնշվածների սև բախտը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ