Panorama.am-ը գրում է.
«Պարոն Անդրեասյան, ձեր խոսքից այստեղ ստացվում է, որ մենք ձեզ պետք է պաշտպանենք: Այսինքն` դուք մարդու իրավունքների պաշտպանն եք, բայց մենք ձեզ պետք է պաշտպանենք որոշակի մարմիններից, անձանցից»,- մինչ հարցին անցնելը ԱԺ-ում իր իսկ բնորոշմամբ «իմիջիայլոց» հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը` դիմելով ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին: Հ.Սահակյանը իր խոսքում մասնավորապես ասաց, որ իր համար ընդունելի չեն ՄԻՊ-ի որոշ որակումներն ու գնահատականները, այն է` այս թիվը զավեշտալի է և այլն:
Նշենք, որ եռակողմ բանավեճը Կ.Անդրեասյանի, Հ.Սահակյանի և Է.Շարմազանովի միջև, որը կներկայացնենք ստորև, ծագեց ՄԻ պաշտպանի այն հայտարարությունից, թե, մեջբերում ենք. «Գլխավոր դատախազը հարձակում է իրականացնում իմ նկատմամբ»:
Այս կապակցությամբ կարճ ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ որևէ պատգամավոր, լինի դա ընդդիմադիր, թե իշխանամետ, իրեն թույլ չի տալիս նման արտահայտություններ անել ու «զավեշտալի է» պիտակ կպցնել:
«Իմ համար ձեր այդ հայտարարությունը զավեշտալի է, որովհետև ես նման բան չեմ լսել: Եթե նման բան լիներ ու ես լսած չլինեի, գոնե ընդդիմադիր հատվածը այդ մասին կասեր… ես խնդրում եմ գնահատականների մեջ մեկս մյուսին հարգենք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, ապա հղում անելով մինչ այդ ՄԻ պաշտպանի ելույթին, որում վերջինս նշեց, որ անցած տարի ոստիկանության տարբեր բաժանմունքներում բռնությունների մասին վկայակոչող 363 դեպքերից միայն 12-ի դեպքում է հարուցվել քրեական գործ, Հ.Սահակյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ հաշվի չեք առել, որ այդ մնացած դեպքերով հիմքերը բավարար չեն եղել քրգործ հարուցելու համար:
«Այս թվերն են, որ առանձին դեպքերում ծնում են հանրային անվստահությունը պետական մարմինների նկատմամբ: Եվ ես կուզեի, որ փոխարենն այստեղ պաշտպանեի իմ կառույցը կամ իմ գրած թիվը , մի անգամ էլ, պարոն Սահակյան, դուք պաշտպանեիք մեր այդ թիվը ուղղակի հարց հնչեցնելով` իսկապե՞ս այդ 300-ից ավելիի մեջ 12-ը իրատեսական թիվ է, թե ոչ»,- արձագանքեց Կ.Անդրեասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



