Newsbook.am-ը գրում է․
Ներսես Հովհաննիսյանը բարի ու զուսպ մարդ է: Նկարահանումներն սկսելուց առաջ հավաքել է խումբն ու խնդիր է դրել բոլորի առջև. «Մենք կոմեդիա ենք նկարում: Ես ուզում եմ, որ բոլորը լավ տրամադրություն ունենան»: Իսկ երբ Ջիգարխանյանը մի ամբողջ օր ուշացավ նկարահանումից, ռեժիսորը ձայնը չբարձրացրեց: Ատամները սեղմեց ու ապրումը ներս գցեց:
«Երջանկության մեխանիկան», «Օտար խաղերը» դեռ հետո պիտի նկարահանվեին: «Հարսնացու հյուսիսից» ֆիլմը նրա առաջին լիամետրաժ կինոն էր: Այդ օրը դրվագը նկարահանվեց առանց Ջիգարխանյանի: Հիշո՞ւմ եք: Հայաստանցիներին դիմավորելուց հետո բոլորը մոտոցիկլետներով գյուղ են սլանում: Հիշեցի՞ք: Սերոբն իր հպարտությունը` կոստյումը, պահել էր գլխից վեր: Պարզվում է՝ պահողը Ջիգարխանյանը չէ: Ուրիշ մարդ է: Այս մասին պատմեց Երվանդ Մանարյանը: «Բայց չասեք,- զգուշացրեց,- Արմենը վատ չզգա»: Արդեն ասացինք:
Չոբոտի գյուղը, որն այժմ Մոսկվայի Պերեդելկինո արվարձանն է
-Ճի՞շտ է, որ Երվանդը Ձեր նյարդերի վրա ազդում էր,- հարցնում եմ Արմեն Ջիգարխանյանին:
Ծիծաղում է, բայց ո′չ «չէ» է ասում, ո′չ «այո»: Այս ֆիլմի նկարահանումները լավ չի հիշում:
-Եթե հիշողությանս զոռ տամ, կհիշեմ… բայց դա կլինի «զոռ տալ»: Հասկանո՞ւմ ես` ինչ եմ ասում:
Ես հասկանում եմ: 250-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել: Ինչպե՞ս հիշի:
-Բայց որ մտածում եմ էդ ֆիլմի մասին, ինչ-որ լավ բաներ են միանում: Կինոն չեմ հիշում: Լավ հիշում եմ տրամադրությունը: Խառը ժողովուրդ էր հավաքվել` ռուսներ, հայեր, գյուղից, Մոսկվայից: Բայց զարմանալի խումբ էր: Բոլորը լավ մարդիկ էին:
Ես փորձում եմ մանրամասներ «պոկել»:
-Ի՞նչ եք կարծում Վալյան սառը չէ՞ր:
-Նայած ում համար,- չի հանձնվում Ջիգարխանյանը:
-Ձե′զ համար:
-Երկար տարիներ ես թատրոնի գեղխորհրդի անդամ եմ եղել: Ներկայացումների քննարկումների ժամանակ վերջում էի նստում: Ի՞նչ է քննարկվում, երբ տոմսերն արդեն վաճառված են: Վալյան այնպիսին է, ինչպիսին ստացվել է: Ձեզ սա՞ռն է թվում: Ուրեմն՝ Ձեր դարդին է կպել: Մի ուրիշին գուցե ջերմ թվա:
Վալյայի դերակատար Նատալյա Բեսպալովան
Նույն հարցը տալիս եմ Վալյայի դերակատարին:
-Սա՞ռը,- Նատալյա Բեսպալովան մտքերի մեջ ընկավ,- Գիտե՞ք, ես ու Արայիկն այդ ֆիլմում այնպես ենք խաղում, ասես 100 տարվա ամուսիններ լինենք: Ներսես Գեդեոնիչն էր այդպես պահանջում: Մեր զգացմունքներն ուղղակի չկան: Ֆիլմի սկզբում միայն ինչ-որ բան սկսվեց, հետո կորավ: Առաջին պլանում ոչ թե մենք ենք, այլ մեր ազգականները: Բայց մարդիկ շատ էին ուզում մեր սերը տեսնել: Մինչև այսօր էլ ինձ երբեմն ասում են. «Ի՞նչ էիք անում Արայիկի հետ տանիքում»: Ազնիվ խոսք, պարզապես նստած էինք: Օբիդնո դաժե:
Խոսում է արագ ու սենյակից սենյակ է անցնում, ցույց է տալիս իր բնակարանը, որի դիզայներն ինքն է, սուրճ է եփում, միրգ է լվանում-հյուրասիրում:
-Իսկական հայկական հարս եք:
Ծիծաղում է:
-Ես Հայաստանը սիրում եմ, բայց ոչ մի անգամ չեմ եղել:
-Ձեզ այնտեղ սիրում են, մեծ ու փոքր ճանաչում են:
-Գիտեմ, այստեղ էլ են հայերն ինձ ճանաչում: Նույնիսկ հիմա: Տաքսու վարորդները հաճախ փող չեն վերցնում: Վերջերս կոշիկներս էի տարել նորոգելու: Կոշկակարը հայ էր: Նայեց, նայեց ու ասաց. «Բայց դուք չեք փոխվել, Վա′լյա»:
Անընդհատ մոտենում է պատուհանին, անհանգիստ է: Սպասում է Արա Բաբաջանյանին, որը հյուր է գալու: 30 տարի չեն հանդիպել: Տեսնում է նրան պատուհանից և բղավում է:
-Արայի~կ, Արայի~կ: Վա~յ մազերը թափվե~լ են:
Արան գալիս է վարդերի փնջով: Գրկախառնվում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ