Միշաբաթյա անվճար դասընթաց Երևանում
Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր
Հրաչ Մարտիրոսյան
2012 թվականի հոկտեմբերի 1-5-ին Երևանում տեղի կունենա հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված միշաբաթյա անվճար դասընթաց (դասախոս` Հրաչ Մարտիրոսյան, PhD Լեյդենի համալսարան), որի նպատակն է ուրվագծել հայոց լեզվի զարգացման ընթացքը` հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչև գրաբար, այնտեղից էլ` միջին հայերեն և բարբառներ, և ծանոթացնել հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքներին: Դասընթացի նյութերը կտրամադրվեն բոլոր մասնակիցներին: Ենթադրում ենք, որ մասնակիցների մեծ մասի համար ամենահարմար ժամանակը կլինի երեկոյան 18.00-22.00:
Դասընթացի հիմնական բովանդակություն.
1)Ընդհանուր տեղեկություններ հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին. նախալեզվի վերակազմության սկզբունքները
Մասնակիցները հստակ օրինակներով կտեսնեն, թե ինչպիսի հնչյունաբանական ու քերականական տվյալների վրա է խարսխվում այն համոզմունքը, որ հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
2) Հնդեվրոպական նախահայրենիքի խնդիրը
Կներկայացվեն հնդեվրոպական նախահայրենիքի տեղակայման տեսակետները և կքննվեն նրանց առավելություններն ու թերությունները:
3)Հնդեվրոպական հնչույթաբանական համակարգի արտացոլումը հայերենում
Աղյուսակներով ու բառային օրինակներով կներկայացվեն հնդեվրոպական հնչույթաբանական համակարգի վերակազմությունը և բոլոր հնչույթների արտացոլումները մի կողմից հայերենում, մյուս կողմից` հնդեվրոպական մյուս լեզուներում` խեթերեն, սանսկրիտ, ավեստերեն, հունարեն, լատիներեն, հին իսլանդերեն, ռուսերեն և այլն:
4)Հնդեվրոպական ձևաբանական համակարգի արտացոլումը հայերենում
Նախ կտրվեն գրաբարի կարևորագույն հարացույցները` համաժամանակյա կտրվածքով: Կընթերցենք որոշ տեքստային հատվածներ. մի քանիսը` ձեռագրերից կատարված լուսանկարներով: Ապա տարբեր խոսքի մասերից ընտրված որոշ տիպական օրինակներ կներկայացվեն հայոց լեզվի պատմական զարգացման ողջ ընթացքի համատեքստում: Հատուկ ուշադրության կարժանանան անկանոն գոյականներն ու բայերը, քանի որ դրանք կազմում են հայոց լեզվի հնագույն ու կարևորագույն շերտը:
5) Հայերենի բարբառները և նրանց դասակարգումը
Հանգամանալից աղյուսակների օգնությամբ կներկայացվեն ու կքննվեն բարբառների դասակարգման հնչյունաբանական (բաղաձայնական համակարգի արտացոլում) և ձևաբանական (սահմանական եղանակի կազմություն) սկզբունքները և բարբառային հնաբանություններն ու նորաբանությունները:
6) Բառաքննություն և ստուգաբանություն
Հայերենի բառաֆոնդը. բնիկ և փոխառյալ բառեր. ենթաշերտ. բառաքննական և ստուգաբանական ուսումնասիրությունների մեթոդաբանական տարրական սկզբունքները:
7) Լեզու, հասարակություն, մշակույթ
Կքննվի պատմահամեմատական լեզվաբանության դերը հայ մշակույթի պատմության ուսումնասիրության գործում: Հատուկ ուշադրության կարժանանան ազգակցական, երաժշտական, գորգագործական և օրացուցային բառերը, ինչպես նաև հայ դիցաբանության ու էպոսի ակունքների խնդիրը:
Դասընթացում զգալի դեր են խաղալու գործնական աշխատանքները և զավեշտական վարժությունները, որոնք կօգնեն առարկայական կերպով յուրացնել հնչյունական կարևորագույն օրինաչափությունները և ստուգաբանական հիմնական սկզբունքները:
Մասնակցել ցանկացողներին խնդրում եմ հնարավորինս շուտ մասնակցության հայտն ուղարկել [email protected] էլ. փոստին: Ցանկալի է, որ հայտի մեջ նշեք ձեր մասնագիտությունը, հետաքրքրությունները, թեմատիկ նախասիրությունները, ինչպես նաև կցեք ձեր CV-ները: Այդ տեղեկությունները մեզ կօգնեն հնարավորինս արդյունավետ կերպով կատարել մասնակիցների ընտրությունը և կազմակերպել դասընթացը: Հնարավոր է, որ մասնակիցների ցանկությամբ որոշ այլ թեմաներ ընդգրկվեն դասընթացի ծրագրում:
Ցանկալի, բայց ոչ պարտադիր նախապայման. գրաբարի գոնե տարրական հիմունքների իմացություն:
Դասընթացի նախնական ժամատախտակը (ենթակա է մասնակի փոփոխությունների).
| Օր |
1-ին ժամ 2-րդ ժամ 3-րդ ժամ |
||
| hոկտ. 1 | Հնդեվրոպաբ. ներածություն Նախալեզվի վերակազմ. սկզբունքները. Նոստրատիկա |
Հնդեվր. հնչ. համակարգի արտացոլումը հայերենում | Հնդեվր. հնչ. համակարգի արտացոլումը հայերենում (գործնական պարապմունք) |
| hոկտ. 2 | Հնդեվր. նախահայրենիքի խնդիրը Բնիկ և փոխառյալ բառեր Միջերկրածով. և եվրոպ. ենթաշերտ |
Հայկական/հնդեվրոպական տարրը Հայկական լեռնաշխարհում Հայասա. Վիշապակոթողներ |
Հայերենի բարբառները Հնչ. և ձևաբ. դասակարգում և վաղ զուգաբանություններ |
| hոկտ. 3 | Գրաբարի հոլովումը և խոնարհումը Փոքր տեքստերի ընթերցում (մի մասը` ձեռագրերի լուսանկարներից) |
Հոլ. և խոն. համակարգների հնդեվր. ակունքները | Հոլ. և խոն. համակարգների զարգացումը բարբառներում |
| hոկտ. 4 | Բառաքնն. և ստուգաբ. սկզբ.-ները Հնչյունափոխության տեսակները Տաբու և էվֆեմիզմ |
Հնաբանություններ և նորաբանություններ բարբառներում | Բառաքննություն և ստուգաբանություն (գործնական պարապմունք) |
| hոկտ. 5 | Հայոց լեզու և մշակույթ Ազգակցական, երաժշտական և գորգագործական բառերի քնն. |
Հայոց դիցարանի հնդեվրոպական ակունքները. Բնիկ և փոխառյալ դիցանուններ ու ամսանուններ | «Սասնա ծռեր» էպոսը |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վանաձորցիներին տեղեկացնում ենք, որ այս դասընթացը կանցկացվի նաևՎանաձորում` հոկտ. 23-26-ին: Այս մասին կտեղեկացնենք լրացուցիչ հայտարարությամբ:
Հրաչ Մարտիրոսյան (Լեյդենի համալսարան)



