Magaghat.am-ը գրում է.
Որքան էլ ուսումնասիրվել է Եգիպտոսի հարուստ մշակույթը, այն մնում է խորհրդավոր, մոգական, առեղծվածային, ինչպես եղել է հազարամյակներ առաջ: Այս հետաքրքիր մշակույթում իր կայուն և անփոխարինելի դերն ունի պապիրուսը, որը Հին Եգիպտոսում գրանյութի միակ տեսակն էր: Առաջին անգամ պապիրուսն արտադրվել է մ. թ. ա. 3-րդ հազարամյակում: Այն ստանում էին Cyperus papyrus (լատ.) բույսի միջուկից: Հայտնի են հին եգիպտերեն, հունարեն, հետագայում` նաև ղպտերեն, արաբերեն պապիրուսներ: Բայց քչերը գիտեն, որ գոյություն ունի նաև հայատառ պապիրուս, որի ենթադրյալ գտնվելու վայրը Հին Եգիպտոսի ամենահին քաղաքը համարվող Ֆայյումն է: Հայատառ պապիրուսն այժմ պահվում է Փարիզի ազգային գրադարանում, լեզուն հունարեն է, գիրը` հայկական: Քանի որ պապիրուսի ամբողջ մակերեսի վրա գրված է, հնարավոր չէ այն փորձաքննության ենթարկել C14 մեթոդով` ճշգրտելու գրության ժամանակաշրջանը, բայց պապիրուսի ուսումնասիրությամբ զբաղված գիտնականները թվագրում են 5-ից 7-րդ դարերով: Այսինքն` այն ժամանակաշրջանով, երբ մաշտոցյան գիրը նոր էր լույս աշխարհ եկել կամ էլ արդեն առաջին հաստատուն քայլերն էր անում: Հայտնի չէ, թե մինչև 19-րդ դարի վերջը ինչ պայմաններում և կոնկրետ որտեղ է թափառել այս պապիրուսը, բայց պարզ է, որ այն գրել է մեր հայրենակիցը, որը հայերեն տառերով փորձել է հունարեն սովորել:
Աշխարհում միակ հայատառ այս պապիրուսի մասին առաջին անգամ հիշատակել է Ղևոնդ Ալիշանը 1892թ.` Վենետիկի Մխիթարյան միաբանությունում հրատարակվող «Բազմավեպ» ամսագրում: Ալիշանից հետո այլ գիտնականներ ևս զբաղվել են նրանով, եւ շատ բանով նման, բայց միաժամանակ տարբեր կարծիքներ ունեն պապիրուսի ծագման ժամանակաշրջանի և նրա գործառույթի մասին: Հայկական երկաթագիր-բոլորգիր տառատեսակով գրված տեքստում, որը, ըստ Հակոբ Տաշյանի, ոչ պաշտոնական գրություն է, չկա որևէ հայերեն բառ: 1998թ. հայագետ Տիգրան Կույումջյանի առաջարկով Ջեյմս Կլակսոնը հայատառ հունարեն տեքստը թարգմանել է անգլերեն, որից պարզվում է, որ պապիրուսը ընդգրկում է խոսակցական կարճ արտահայտություններ, բայերի խոնարհման աղյուսակներ, բառացանկեր, ասացվածքներ կամ թևավոր խոսքեր, բովանդակալից շատ կարճ պատմություններ կինիկ փիլիսոփա Դիոգենեսի մասին: Դրանցից մեկում հիշատակվում է փիլիսոփա Դիոգենեսի հանրահայտ պատմությունը, որտեղ նա չար մարդուն համեմատում է քացախով լցված սափորի հետ:
Հայատառ պապիրուսի բովանդակությունը հիշեցնում է Հռոմեական կայսրությունում տարածված Հերմենոմատաները, որոնք ձևավորվել են 3-րդ դարի սկզբին:
Նախ մի քանի խոսքով ներկայացնենք, թե ինչ են Հերմենոմատաները, հետո կրկին կվերադառնանք մեր «ծերուկին», որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ դերակատարում է ունեցել այն:
Հերմենոմատաները հունարեն և լատիներեն երկլեզու դպրոցական ձեռնարկներ են (Զրուցարան), որոնք ամենայն հավանականությամբ ձևավորվել են Գաղղիայում: Հավանաբար, առաջին լեզուն եղել է հունարենը, որից թարգմանվել են լատիներեն: Դրանք կիրառվում էին կայսրությունում՝ հռոմեացի տղաներին լատիներեն կամ հունարեն սովորեցնելու համար: Ինչպես մեր պապիրուսը, դրանք բաղկացած են մի քանի բաժիններից` առօրյա թեմատիկ բառացանկեր, այբբենական կարգով բառացանկեր, բառապաշարը հարստացնող դյուրին երկխոսութուններ, պատմություններ, պարզեցված առակներ: Եվ, ինչպես կարելի է այս ամենից հասկանալ, մեր պապիրուսը կարող է հերմենոմատայի օրինակ լինել, որովհետեւ դրանով մեր հայրենակիցը փորձել է սովորել հունարեն` իր մայրենի գրերի միջոցով: Որպես հայերեն-հունարեն Հերմենոմատա, այն պահպանված բացառիկ օրինակ է հայագրության մեջ: Այն նաև շատ կարևոր է մեր ձեռագրագիտության համար, քանի որ մինչև հիմա հայտնի հայերեն հնագույն ձեռագիրը` գրված երկաթագիր-բոլորգրով, թվագրվում է 981 թվականով (10-րդ դար): Իսկ մեր պապիրուսը, որը գրված է նույն երկաթագիր-բոլորգիր տառատեսակով, թվագրվում է ամենաուշը 7-րդ դարով: Այսինքն` պապիրուսը վստահորեն հայտ է ներկայացնում` լինելու մեզ հասած հայկական ոչ պաշտոնական գրով գրված ամենահին ձեռագիրը: Նրա ամենակարեւոր գաղտնիքների շարքում, հայատառ եզակի պապիրուս լինելուց բացի, պետք է նկատել ոչ պաշտոնական գրություն լինելու եւ, որ կարող է տարօրինակ թվալ, անվարժ գրված լինելու հանգամանքը: Դա թույլ է տալիս համարձակորեն ենթադրել, որ 5-7-րդ դարերում գիրն այնքան տարածված էր հայոց մեջ և հունահռոմեական քաղաքակրթական համակարգի հետ կապն այնքան սերտ էր, որ մի հայ զինվոր կամ վաճառական այդ քաղաքակրթական ուսուցման մեթոդներից օգտվում էր ամենաբնական ձեւով, որպես մի սովորական բան` ասենք երկարատեւ ճանապարհի ձանձրույթը մեղմելով մայրենիի միջոցով օտար, տվյալ դեպքում` հունարեն, լեզու սովորելով: