Ռումինիայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով` չնայած թուրքական բողոքներին. Հարութ Սասունյան  Panorama.am-ը գրում է․

Հենց նոր եմ վերադարձել տուն երկշաբաթյա լարված ճանապարհորդությունից: Սկզբում մասնակցեցի Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովին, որտեղ համանախագահեցի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նիստում, և ելույթ ունեցա երկու այլ նիստերում՝ առաջարկելով ձևավորել ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս բնակվող յոթ միլիոն հայերին: 

Այնուհետև մեկնեցի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ՝ միանալու տասնյակ երկրների մասնագետներին, գործիչներին, լրագրողներին և հոգևորականներին՝ առաջին անգամ տեղի ունեցող Հայոց ցեղասպանության միջազգային համաժողովում:

Ռումինիայում Թուրքիայի մշտապես աչալուրջ դեսպանը մեծ ջանքեր գործադրեց տապալելու ոչ միայն Հայոց ցեղասպանության համաժողովը՝ կազմակերպված Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանի կողմից, այլև Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված խաչքարի բացման արարողությունը:

Թուրք դեսպանի ջանքերը հօդս ցնդեցին, քանի որ խաչքարի բացման արարողությունը տեղի ունեցավ նախատեսված օրը՝ սեպտեմբերի 26-ին, որին ներկա էին և Պիտեշտի փոխքաղաքապետը, և Արճեշի նահանգապետը՝ ռումինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների և Ցեղասպանության համաժողովի մասնակիցների հետ միասին: Ի դեպ, երբ դեսպանը առարկել էր խաչքարի տեղադրմանը, Պիտեշտի քաղաքապետը խստորեն հանդիմանել էր նրան՝ ասելով, որ նա իրավունք չունի միջամտելու ռումինական քաղաքի ներքին որոշումներին...

Թուրք դեսպանն այնուհետև փորձեց խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային համաժողովը: Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ռումինիայի վրա՝ երկու երկրների միջև առկա լայն առևտրային կապերի շնորհիվ: Դեսպանը պետք է հատկապես նեղացած լիներ այն հանգամանքից, որ Ցեղասպանության համաժողովը ֆինանսավորել էր Ռումինիայի կառավարությունը: Բարեբախտաբար, դեսպանին չհաջողվեց խանգարել համաժողովի անցկացումը, որը տեղի ունեցավ ըստ նախատեսված ծրագրի: Համաժողովին ներկա էին մասնագետներ Հայաստանից, Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իրանից, Լիբանանից, Կանադայից, Հունաստանից, Միացյալ Նահանգներից, Չեխիայի Հանրապետությունից, Ռումինիայից և Սիրիայից: 

Միակ անակնկալն այն վայրն էր, որտեղ իջևանել էին համաժողովի մասնակիցները: «Տեմպո» հյուրանոցի նախասրահ մտնելիս ես շքամուտքի հարևանությամբ գտնվող դարակի վրա նկատեցի մի քանի թուրքական թերթեր, այդ թվում՝ «Զաման» թերթը ռումիներենով: Հետագա զննումից հետո մի գրքույկ հայտնաբերեցի, որտեղից պարզեցի, որ հյուրանոցի սեփականատերը թուրք մահմեդական հոգևոր գործիչ Ֆաթուլլահ Գյուլենն է... Չնայած որ հյուրանոցը գտնվում էր շատ հարմարավետ վայրում՝ ընդամենը մի թաղամաս այն կողմ Բուխարեստի Հայոց եկեղեցու առաջնորդարանից, որտեղ տեղի էր ունենում համաժողովը, սակայն որոշ հայ մասնակիցների համար տհաճ էր գտնվել թուրքական հյուրանոցում: Հետաքրքիր էր, թե ինչ էին զգացել թուրքական հյուրանոցի տերերը, երբ պարզել էին, որ հյուրընկալում են աշխարհի տարբեր կողմերից եկած Հայոց ցեղասպանության մեկ տասնյակ մասնագետների... 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել