Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է:
Հիշենք Հայ Ժողովրդի Մեծն զավակին. Փառք ու պատիվ տաղանդաշատ հայորդուն:
20-րդ դարի մեծագույն գիտնական, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում, մտավորականների ընտանիքում:
(1961 թ. Բյուրականի աստղադիտարանի 1մ. Շմիդտի տիպի դիտակի բացման արարողությունը, բացումը կատարեց ԽՍՀՄ ԿԿ գլխավոր քարտուղար Ն.Ս.Խրուշչովը:)
Նրա արտասովոր ընդունակությունները ճշգրիտ գիտությունների ասպարեզում ի հայտ են գալիս վաղ հասակից: Տակավին 11 տարեկան հասակում նա մեծ հափշտակությամբ կարդում է Միտչելի «Երկնային մարմիններ» գիրքը, որը բախտորոշ նշանակություն է ունենում նրա հետագա մասնագիտական կողմնորոշման համար:
Վ. Համբարձումյանի կյանքում որոշակի դեր է խաղացել Մոսկվայի համալսարանի շրջանավարտ, աստղագիտական կրթությամբ Նիկոլայ Իգնատեւիչ Սուդակովը:
1928-ին գերազանց առաջադիմությամբ ավարտում է Լենինգրադի համալսարանը, սակայն դիպլոմ չի ստանում` հիշելով հոր խրատները, որ սովորում են ոչ թե դիպլոմի, այլ գիտելիքների համար: Դիպլոմը ստանում է 50 տարի անց. այնտեղ գրված էր. «Ավարտել է 1928 թ., բայց հանձնվել է 1978 թ.»: Առաջին լուրջ գիտական աշխատանքը նա կատարում է ուսանողական տարիներին` 1925-ին, իր շնորհալի դասընկեր Կոզիրեւի հետ, որը հրատարակվեց գերմանական «Astronomishe Nachrichten» հայտնի ամսագրում: Աշխատանքը նվիրված էր Արեգակի ֆիզիկայի հարցերին:
Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո Վ. Համբարձումյանն ընդունվում է ասպիրանտուրա Պուլկովոյի աստղադիտարանում: Նրա գիտական ղեկավարն էր նշանավոր գիտնական, ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկին: Ասպիրանտական տարիներին նա կատարում է մթնոլորտների եւ միգամածությունների ֆիզիկային վերաբերող աշխատանքներ: 1931-ին ասպիրանտուրան ավարտելուց հետո նա հրավիրվում է աշխատանքի Լենինգրադի պետական համալսարան, որտեղ մինչեւ 1934-ը աշխատում է որպես դոցենտ, իսկ 1934-ից` պրոֆեսոր: Հենց նույն տարում նա համալսարանում հիմնադրում է մեր երկրում աստղաֆիզիկայի առաջին ամբիոնը: 1938-ից Վ. Համբարձումյանը միաժամանակ կատարում է Լենինգրադի պետական համալսարանի աստղադիտարանի տնօրենի պարտականությունը:
Լենինգրադի համալսարանում աշխատելու առաջին տարիներին նա գիտական բեղմնավոր գործունեություն ծավալեց աստղերի եւ միգամածությունների ֆիզիկայի ուղղությամբ: Ցույց տվեց # ճառագայթման նշանակալից դերը գազային միգամածություններում, լուծեց այդ օբյեկտներում ատոմների մետաստաբիլ մակարդակներում կուտակման խնդիրը, մշակեց նոր մեթոդներ մոլորակաձեւ միգամածությունների միջուկների ջերմաստիճանի եւ գազային միգամածությունների էլեկտրոնային ջերմաստիճանների որոշման համար: Վ. Համբարձումյանն ստեղծեց մոլորակաձեւ միգամածությունների ճառագայթային հավասարակշռության տեսություն, որը հիմք դարձավ այդ ուղղությամբ հետագայում կատարած աշխատանքների համար: Այդ ասպարեզի զարգացման գործում զգալի ներդրում ունեցավ նրա շնորհալի աշակերտ, ակադեմիկոս Վ. Սոբոլեւը: Վ. Համբարձումյանը տվեց աստղերի գազային թաղանթների եւ միգամածությունների զանգվածների որոշման նոր մեթոդ:
Վերը նշված աշխատանքները հիմք հանդիսացան ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ արտասահմանում կատարելու բազմաթիվ հետազոտություններ աստղերի եւ միգամածությունների ֆիզիկայի բնագավառում: Ձեւավորվեց աստղագիտության մի նոր ճյուղ` աստղաֆիզիկա: Վ. Համբարձումյանը առաջիններից մեկն էր աշխարհում եւ առաջինը Խորհրդային Միությունում, որ գրեց «Տեսական աստղաֆիզիկա» գիրքը, որով սկսեցին դասախոսություններ կարդալ ինչպես Լենինգրադի, այնպես էլ Միության շատ համալսարաններում: Իրավամբ կարելի է ասել, որ Վ. Համբարձումյանը դարձավ տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրը Խորհրդային Միությունում:
1940-ի սկզբին Վ. Համբարձումյանը չափազանց սրամիտ լուծում տվեց միջավայրում էլեկտրամագնիսական ճառագայթման տարածմանը: Ելնելով այժմ իր անունը կրող «Ինվարիանտության սկզբունքից»` նա մշակեց մաթեմատիկական արդյունավետ մեթոդներ` աստղերի ընդերքում եւ գազային միջավայրում ճառագայթման տեսության խրթին հարցերի լուծման համար: Դրանցից հետո այդ ուղղությամբ մեր երկրում եւ արտասահմանում մեծ թվով աշխատանքներ կատարվեցին: 1950-ական թթ. այդ սկզբունքը կիրառական մաթեմատիկայի մի նոր ուղղության ստեղծման հիմք դարձավ: Բազմազան են դրա կիրառությունները ֆիզիկայի ամենատարբեր բնագավառներում:
Կարեւորագույն գործերից մյուսը, որով Վ. Համբարձումյանը զբաղվում էր երիտասարդ տարիներից մինչեւ իր կյանքի վերջը, «հակադարձ խնդիրների պրոբլեմների» ձեւակերպումն է եւ այդ ուղղությամբ մի շարք արժեքավոր կոնկրետ խնդիրների լուծումը: 1929-ին գերմանական «Zeitschrift fՖr physik» հանդեսում նա հրապարակեց մի հոդված, որտեղ լուծում է մաթեմատիկական ֆիզիկայի մի դժվարին պրոբլեմ. օպերատորների սեփական արժեքների սպեկտրով ինչպե՞ս գտնել համապատասխան օպերատորը: Այդ աշխատանքն ունեցավ տարօրինակ ճակատագիր. ըստ էության` այն մաթեմատիկական բնույթի էր, բայց հեղինակը, նկատի ունենալով նրա արժեքը բնագիտության համար, տպագրեց «Ֆիզիկա» ամսագրում: Սակայն չարժանացրին ուշադրության` համարելով, որ զուտ մաթեմատիկական բնույթի է, իսկ մաթեմատիկոսներն էլ պարզապես մնացին անտեղյակ: Շուրջ 15 տարի հետո այն «հայտնագործեց» շվեդացի մի երիտասարդ մաթեմատիկոս, որը դրա հիման վրա կատարեց բազմաթիվ հետազոտություններ: Դրանից հետո այդ պրոբլեմի շուրջը ստեղծվեց ակտուալ ուղղություն, որով զբաղվում եւ մինչեւ այժմ էլ շարունակում են զբաղվել շատ մաթեմատիկոսներ, ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում: Պրոբլեմի նշանակությունը դուրս եկավ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի սահմաններից եւ ձեռք բերեց համընդհանուր բնույթ, այժմ հայտնի է «հակադարձ խնդիրների պրոբլեմ» անունով: Այդ պրոբլեմի վերաբերյալ Վ. Համբարձումյանը 1930-ին մշակեց մեթոդ, որի օգնությամբ աստղերի տեսանելի հարթ-բաշխման պատկերով կարելի է որոշել նրանց իրական տարածական բաշխումը: «Հակադարձ խնդիրների պրոբլեմը» ոչ պակաս հրատապ նշանակություն ունի նաեւ կենսաբանության եւ բժշկության մեջ:
Վ. Համբարձումյանի հանճարեղ միտքը թափանցել է նաեւ աստղաբաշխությանը եւ տիեզերածնությանը վերաբերող շատ պրոբլեմների մեջ, որոնց լուծումները էապես առաջ մղեցին այդ ուղղությունները: Դրանք հետագայում գտան լայն կիրառություններ մեծ թվով հետազոտողների կողմից: Այս մեթոդներով Վ. Համբարձումյանի կատարած հետազոտությունների արդյունքները թույլ տվեցին նրան արմատապես փոխել մինչ այդ գոյություն ունեցող գնահատականը գալակտիկայի եւ նրանում պարունակվող աստղային համակարգերի տարիքների համար: Մեր գալակտիկայի տարիքը նա գնահատեց 1010 տարի, որը երեք կարգով ավելի փոքր է, քան մինչ այդ գոյություն ունեցող գնահատականը: Այս սանդղակը կոչվում է կարճ սանդղակ եւ հաստատվեց հետագա 3 տասնամյակների ընթացքում կատարված հետազոտություններում:
Վերը նշված աշխատանքները Վ. Համբարձումյանին բերեցին համաշխարհային համբավ: 1939-ին նա ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ: 1941-ին Վ. Համբարձումյանը նշանակվում է Լենինգրադի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադի համալսարանի գիտական լաբորատորիաները էվակուացվեցին Ելաբուգա քաղաք: Ստեղծվեց Լենինգրադի համալսարանի մասնաճյուղ, որը գլխավորում էր Վ. Համբարձումյանը: Նրա ղեկավարությամբ այնտեղ կատարվեցին պաշտպանական եւ ժողովրդատնտեսական նշանակության արժեքավոր աշխատանքներ:
1943-ին Վ. Համբարձումյանը հրավիրվեց Հայաստան` նոր կազմակերպված ակադեմիայի իսկական անդամ եւ փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ: 1944-ին նա միաժամանակ կատարում էր Երեւանի աստղադիտարանի տնօրենի եւ համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչի պարտականությունները: 1946-ին Բյուրականում Վ. Համբարձումյանի ղեկավարությամբ սկսվեց աստղաֆիզիկական դիտարանի կառուցումը:
Վ. Համբարձումյանի գիտական գործունեության ամենաբեղմնավոր փուլերից մեկը եղավ երկնային մարմինների ծագմանը եւ զարգացմանը նվիրված հետազոտությունների ժամանակաշրջանը: Ցուլի տիպի անկայուն աստղերի մասին կուտակված դիտողական նյութի խոր անալիզը 1947-ին նրան բերեց մեր գալակտիկայում նոր տիպի աստղային համակարգերի հայտնաբերմանը: Նա ապացուցեց, որ այդ համակարգերը աստղառաջացման օջախներ են եւ նրանց անվանեց աստղասփյուռներ: Ապացուցվեց, որ աստղառաջացման պրոցեսները շարունակվում են նաեւ արդի փուլում եւ դրանով հերքվեց համընդանուր ճանաչում գտած դոգմատիկ այն պատկերացումը, որ աստղերը առաջացել են միաժամանակ միլիարդավոր տարիներ առաջ: Բացառիկ նշանակություն ունի նաեւ այն եզրակացությունը, որ աստղերը առաջանում են խմբերով: Աստղասփյուռների հայտնագործումը եւ դրանց ուսումնասիրությունը հնարավորություն տվեցին բացահայտելու աստղերի խմբերի, կույտերի եւ գազային միգամածությունների ֆիզիկական առանձնահատկությունները եւ դրանց տիեզերածնական դերը:
Բյուրականի եւ աշխարհի բոլոր առաջավոր աստղադիտարաններում տարվեցին աստղասփյուռների հետազոտություններ` բացահայտելով դրանց առանձնահատկությունները: Դրանցում դիտողական փաստերով ապացուցվեց Վ. Համբարձումյանի 1949-ին կատարած այն եզրակացությունը, որ դրանք դինամիկորեն անկայուն ընդարձակվող օբյեկտներ են:
Աստղասփյուռների հայտնագործման եւ ուսումնասիրման համար Բ. Մարգարյանի հետ 1950-ին նրան շնորհվեց ԽՍՀՄ Պետական մրցանակ:
Վ. Համբարձումյանի գիտական ակնառու հաջողությունները համընդհանուր ճանաչում գտան: Նա 1953-ին ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ:
Միշտ Վ. Համբարձումյանի ուշադրության կենտրոնում են եղել գալակտիկաների, դրանց խմբերի եւ կույտերի ծագման ու զարգացման պրոբլեմները: Նա ցույց տվեց, որ գալակտիկաների ռադիոճառագայթումը պայմանավորված է նրանց կենտրոնական մասի կամ, ինչպես անվանում են, միջուկների ակտիվությամբ: Նա զարգացրեց միջուկների ակտիվության գաղափարը, տվեց նրանց ակտիվության փուլերը եւ այդ մասին 1958-ին զեկուցում կարդաց Սոլվեյի (Բելգիա) կոնֆերանսում: 1950-ական թթ. երկրորդ կեսին գոյացավ միջուկների ակտիվության Վ. Համբարձումյանի հայեցակարգը: Այն կատարյալ հեղաշրջում էր աստղագիտության զարգացման ասպարեզում: Շուտով աշխարհի գրեթե բոլոր առաջավոր աստղադիտարաններն անցան գալակտիկաների ուսումնասիրման թեմատիկային: Գալակտիկաների ակտիվության ուսումնասիրության բնագավառում հատկապես մեծ հաջողության հասան Բյուրականի աստղադիտարանի եւ ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնի կոլեկտիվները, քանզի այդ օջախներում էին ծնվել այդ գաղափարները:
1960-ական թթ. սկզբներին Վ. Համբարձումյանի եւ Գ. Սահակյանի համատեղ աշխատանքներում հիմնադրվեց տեսական աստղաֆիզիկայի մի նոր ուղղություն` այլասերված գերխիտ պլազմայի եւ գերխիտ երկնային մարմինների տեսությունը: Այդ օբյեկտները կոչվում են նեյտրոնային աստղեր: Այժմ մենք ունենք Վ. Համբարձումյանի անվան հետ կապված եւս մի հետաքրքրական բնագավառ:
Ծանրակշիռ է Վ. Համբարձումյանի վաստակը գիտակազմակերպչական եւ հասարակական գործունեության ասպարեզում: Նրա խելամիտ ու նպատակասլաց ղեկավարությամբ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան աննախադեպ զարգացում ապրեց: Մեր երկրի խոշոր գիտական կենտրոններում, գիտության տարբեր ասպարեզներում աճեցին մեծաքանակ բարձրորակ կադրեր, որոնք հնարավորություն տվեցին կազմակերպելու բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ եւ լաբորատորիաներ: Վ. Համբարձումյանի գործունեության ուղենիշն էր, որ մեր ակադեմիան իր գիտական գործունեությամբ չպետք է կրկնի միութենական ակադեմիային: Ղեկավարվելով այդ սկզբունքով` նրան հաջողվեց ստեղծել մի շարք ինքնատիպ գիտական ուղղություններ, որոնց շնորհիվ մեր ակադեմիան 60-ական թթ. արդեն հայրենական գիտության առաջավոր ջոկատներից մեկն էր` իր ուրույն դեմքով եւ հեղինակությամբ, իսկ աստղաֆիզիկայի ասպարեզում երկար տարիներ հանդես էր եկել որպես առաջատար: 1955-ից մինչեւ 1958-ը Վ. Համբարձումյանը ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ էր, խորհրդային աստղագետների համընդհանուր ճանաչում գտած առաջնորդ, 1952-64 թթ.` ԽՍՀՄ ԳԱ Կոսմոգոնիայի հանձնաժողովի նախագահ, 1975-1988 թթ.` ԽՍՀՄ ԳԱ Աստղագիտության միացյալ խորհրդի նախագահ: Խորհրդային աստղագետների պատվիրակության ղեկավար է եղել Միջազգային աստղագիտության միության բազմաթիվ համագումարներում եւ գիտաժողովներում, իսկ 1961-64 թթ. եղել է Միջազգային աստղագիտական միության նախագահ: 1965-ին նա հիմնադրել է «Աստղաֆիզիկա» հանդեսը եւ նրա գլխավոր խմբագիրն է եղել մինչեւ 1988-ը: 1968-72 թթ. եղել է Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահ: Հայկական ՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահն էր հիմնադրման օրվանից (1947 թ.), ինչպես նաեւ «Հայկական սովետական հանրագիտարանի» գլխավոր խմբագիրը:
Իր ամբողջ գիտական գործունեության ընթացքում նա եղել է ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ: 1944-ից մինչեւ Հայաստանի անկախացումը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր, իսկ 1948-ից մինչեւ Հայաստանի անկախացումը` ՀԽՍՀ Կենտրոնական կոմիտեի անդամ:
Վ. Համբարձումյանի գիտական գործունեությունը բարձր են գնահատել մեր երկրի եւ աշխարհի գիտական կազմակերպությունները: Դրա վառ վկայությունն այն է, որ նա 24 գիտությունների ակադեմիաների (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Իռլանդիա, Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Բուլղարիա, Արգենտինա, Հնդկաստան, Չեխոսլովակիա եւ այլն) օտարերկրյա իսկական եւ պատվավոր անդամ էր, արտասահմանյան 6 համալսարանների (Սորբոն, Լյեժի, Լա Պլատա եւ այլն) պատվավոր դոկտոր, նրան շնորհվել են բազմաթիվ պատվավոր կոչումներ եւ մեդալներ, այդ թվում` ԽՍՀՄ ԳԱ բարձրագույն պարգեւը` Լոմոնոսովի անվան մեդալը: Նա երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի կոչում:
Վ. Համբարձումյանը` որպես մեծ բնագետ եւ գիտության կազմակերպիչ, իր պատվավոր տեղն է գրավել համաշխարհային գիտության պատմության մեջ եւ հատկապես հայ ժողովրդի մեծանուն զավակների շարքում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=417288064996981&set=vxywtia.1346838438.1346838439.332605023465286&type=1&ref=notif¬if_t=photo_tag
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել