Tert.am-ը գրում է․

Հարութ Սասունյան

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 Հենց նոր եմ վերադարձել տուն երկշաբաթյա լարված ճանապարհորդությունից: Սկզբում մասնակցեցի Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովին, որտեղ համանախագահեցի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նիստում, և ելույթ ունեցա երկու այլ նիստերում՝ առաջարկելով ձևավորել ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս բնակվող յոթ միլիոն հայերին:

Այնուհետև մեկնեցի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ՝ միանալու տասնյակ երկրների մասնագետներին, գործիչներին, լրագրողներին և հոգևորականներին՝ Հայոց ցեղասպանության՝ առաջին անգամ տեղի ունեցող միջազգային համաժողովում:

Ռումինիայում Թուրքիայի մշտապես աչալուրջ դեսպանը մեծ ջանքեր գործադրեց տապալելու ոչ միայն Հայոց ցեղասպանության համաժողովը՝ կազմակերպված Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանի կողմից, այլև Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված խաչքարի բացման արարողությունը:

Թուրք դեսպանի ջանքերը հօդս ցնդեցին, քանի որ խաչքարի բացման արարողությունը տեղի ունեցավ նախատեսված օրը՝ սեպտեմբերի 26-ին, որին ներկա էին և Պիտեշտի փոխքաղաքապետը, և Արճեշի նահանգապետը՝ ռումինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների և Ցեղասպանության համաժողովի մասնակիցների հետ միասին: Ի դեպ, երբ դեսպանը առարկել էր խաչքարի տեղադրմանը, Պիտեշտի քաղաքապետը խստորեն հանդիմանել էր նրան՝ ասելով, որ նա իրավունք չունի միջամտելու ռումինական քաղաքի ներքին որոշումներին...

Թուրք դեսպանն այնուհետև փորձեց խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային համաժողովը: Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ռումինիայի վրա՝ երկու երկրների միջև առկա լայն առևտրային կապերի շնորհիվ: Դեսպանը պետք է հատկապես նեղացած լիներ այն հանգամանքից, որ Ցեղասպանության համաժողովը ֆինանսավորել էր Ռումինիայի կառավարությունը: Բարեբախտաբար, դեսպանին չհաջողվեց խանգարել համաժողովի անցկացումը, որը տեղի ունեցավ ըստ նախատեսված ծրագրի: Համաժողովին ներկա էին մասնագետներ Հայաստանից, Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իրանից, Լիբանանից, Կանադայից, Հունաստանից, Միացյալ Նահանգներից, Չեխիայի Հանրապետությունից, Ռումինիայից և Սիրիայից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել