Չմոռանալ մեկ մարդուն
Հարգելի գործընկերներ,
Մի քանի դրվագ այս շենքի պատերից դուրս գոյություն ունեցող կյանքի մասին.
1. Քույրը եվրոպական երկրներում էժան գներով բարձրօրակ, բայց գողացված շորեր է գնում, ուղարկում Հայաստան, որը մյուս քույրը վաճառում է և ընտանիք պահում: Հիմա մենք թուղթ ենք ուզում, որ թույլ տանք վաճառի, թուղթ, իհարկե, չունի, հետագա ապրուստի մասին գաղափար՝ ևս: Այո՛, գողացած շորը ճիշտ բան չէ, բայց չի գողանում, գնում է: Այո՛ թուղթը կարևոր բան է երկրի մասշտաբով, բայց դե չունի, ի՞նչ անի: Կարելի՞ է լուծել այս հարցը, իհա՛րկե կարելի է: Հույս ունեմ, որ կլուծենք:
2. Երևանից դուրս գյուղերում ու քաղաքներում «լույսերի» անտանելի վիճա-կի մասին շատերը լսած կլինեն: Աստված գիտի, թե տարբեր բնակա-վայրերում մեկ օրվա մեջ քանի սառնարան կամ հեռուստացույց են շարքից դուրս գալիս, քանի նեղսրտած մարդ է ձեռքը թափ տալիս ու արդեն չի էլ դիմում պատկան մարմիններին: Ի՞նչ իմաստ այդ ամբողջ քաշքշուկից, միայն հոգիդ դուրս կգա: Ու վերջում դու ես միայնակ ու քո վառված հեռուստացույցը:
3. Երկրին նվիրված գերպրոֆեսիոնալների խումբը, որը որպես այդպիսին ընդունվում է շատ երկրներում, Հայաստանում կարող է ձեռնունայն մնալ ու հեռու վանվել այն խնդիրների լուծման գործընթացից, որտեղ ինքը ոչ միայն անվիճելի առաջինն է, այլև ծառայություններ արտահանող է Հա-յաս¬տանից շատ ավելի առաջատար երկրներ: Ինչու՞, որովհետև ինչ-որ տեղ ինչ-որ փոխնախարար ինչ-որ ռեսուրս թռցնելու համար չի վարանի մրոտել ամբողջը:
4. Մարդն օգոստոսին գնում է արձակուրդ, հետո գալիս ու պարզում, որ իր գազի հաշվիչը չի աշխատում։ Հաշվիչը ստուգում են, հայտնաբերում սխալմունք ու համաձայն գործող բանաձևի մարդուց գանձում ձմռան ամիսներին հաշվարկված միջին օրական ծախս։ Դե գնա ու բացատրի, որ ամռանը հնարավոր չէ այդքան գազ սպառել։ Էլի մնում ես միայնակ դու ու քո խոշոր պարտքը:
Նման խնդիրներ կարելի է հարյուրներով հիմա շարադրել: Փո՞քր խնդիրներ են: Միգուցե: Բայց դրանք խնդիրներ են, որ կապ ունեն մարդու հետ, մեկ միավոր մարդու: Չմոռանալ մեկ մարդուն. ահա այն մարտահրավերը, որ հաճախ մոռացվում է պետական գեղեցիկ շենքերում: Ու դա լուրջ խնդիր է, որը սովորաբար կուտակային է հետևանք թողնում: