Քեոթան Չատե Շերիֆ աղան քրդական մի աշիրեթի ցեղապետ էր, ով իր պահվածքով քիչ թե շատ բարիդրացիական վերաբերմունք ուներ հայերի հանդեպ: Գործերի բերումով նա հաճախ էր անցնում Մոկունք գյուղով, և մեկ անգամ էլ անցնելիս հանդիպեց Եսթեր անունով մի հայ աղջկա, որի գեղեցկությունը հմայեց նրան: Հայուհուն տեսնելուց մի քանի օր հետո ուշ ժամի նա բախում է Եսթերենց տան դուռը: Նրան հյուրասիրում են, մանավանդ, որ Շերիֆ աղան պարկեշտ քրդի համբավ ուներ: Այնքան վստահություն ուներ, որ նույնիսկ նրան ընդունում էին իրենց տանը գիշերելու:
Ինչպես ընդհանրապես լինում էր այդ ժամանակներում, Եսթերենց տունն էլ էր բաղկացած մեկ սենյակից, որտեղ քնում էին բոլորը: Ուշ գիշերին, երբ բոլորը խորը քնած են լինում, Շերիֆը կամաց-կամաց մոտենում է Եսթերին, ով խոր քնի մեջ էր: Երբ նա մոտենում է Եսթերին, ափով փակում է նրա բերանը, որպեսզի վերջինս չկարողանա օգնության որևէ աղաղակ բարձրացնել: Իր վայրագ կիրքը գոհացնելուց հետո, երբ տան գիշերային հանդարտությունը խանգարվում է նրա խռպոտ խռմփոցներով, ուշակորույս եսթերը վերագտնում է իրեն, սթափվելուց հետո անդրադառնում է իրողությանը և ընկնում հոգեկան տանջանքի մեջ:
Երկար մտածելուց հետո կատարվածի ծանրակշռության լույսի տակ զգույշ մոտենում է եղբորը, արթնացնում և փսփսալով խնդրում, որ նա դուրս գա, քանի որ պատմելու բան ունի: Երբ քույր ու եղբայր դուրս են գալիս սենյակից, Եսթերը եղբորը հայտնում է բռնաբարության փաստը և ավելացնում…
-Ահա, քույրդ անպատիվ է արված: Մեր տան վրա արատ է քսված: Այլևս չեն կարող մարդկանց աչքերի մեջ նայել: Բոլորը հեգնանքով ու անարգանքով մատնացույց են անելու մեզ: Կամ պիտի մեռնեմ, կամ այս արատը պիտի սրբվի: Քույր ու եղբայր, երկար չվարանելով, որոշում են կայացնում` վրեժ լուծել:
Զգույշ, անաղմուկ տուն են մտնում: եսթերը վառում է ճրագը, իսկ եղբայրը անկյունից մեջտեղ է բերում հին, քրջերիմ մեջ փաթաթված յաթաղանը, մերկացնում է այն ու մոտեցնում քրդի անկողնուն:
Քույր ու եղբայր, իրենց դողդոջ ձեռքերը միացրած յաթաղանի կոթի վրա, ուժգին հարված են հասցնում քրդի կողին: Առաջին այդ քայլից ու ու կորով ստացած` ավելի են հրում մահացու գործիքը, որը ծակում է քրդի թոքերը և աջ կողից դուրս գալով` խրվում անկողնում մեջ: Քուրդը մի խռմփյուն է արձակում, ցնցվում է, թեքվում կռնակի վրա և փչում վերջին շունչը:
Քույր ու եղբայր լուծում են իրենց վրեժը: Դիակը փաթաթում են վերմակով, տանում և նետում Առաքելոց վանքից ոչ հեռու գտնվող անդունդաձև ձորը: Ոստիկանությունը մի քանի շաբաթ պրպտումներ, խուզարկություններ և քննություններ կատարելուց հետո ձորի մեջ գտնում է Շերիֆի դիակը:
Ոստիկանական քննությունը պարզում է, որ սպանությունը իրագործել է Եսթերի եղբայրը` Հակոբը, սակայն հայդուկները նրան հասցնում են տեղափոխել Սասուն, իսկ Եսթերին ու նրա մորը ձերբակալում են ու տանում Մշո բանտ: