Սանահինը վանական համալիր է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում: X–XIII դարերում եղել է հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ ՀայքիԳուգարք նահանգի Տաշիր գավառում:Սանահինի վանքը ներառում է Սբ Աստվածածին և Սբ Ամենափրկիչ եկեղեցիները՝ իրենց գավիթներով, Սբ Գրիգոր և Սբ Հարություն մատուռները, ճեմարանը, գրատունը, զանգակատունը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկներ ի տոհմական դամբարանները: Համալիրի առաջին՝ Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է X դարի 30–40-ական թվականներին՝ Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք: Եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի խաչագմբեթ ենթատիպի հնագույն օրինակներից է. գմբեթի բազմանիստ թմբուկը 1652 թ-ի վերանորոգման ժամանակ վերափոխվել է գլանաձևի և պսակվել կոնաձև վեղարով: Եկեղեցու ներսում պահպանվել են երբեմնի որմնանկարների որոշակի հետքերը: 966 թ-ին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են համալիրի գլխավոր և ամենամեծ շինությունը՝ Սբ Ամենափրկիչ (կաթողիկե) եկեղեցին՝ իրենց Կյուրիկե (Գուրգեն) և Սմբատ որդիների արևշատության համար. այն նույնպես խաչագմբեթ է, սակայն երկհարկ ավանդատներով: Եկեղեցու արևելյան ճակատին՝ ուղղանկյուն շրջանակի մեջ տեղադրված է խորաքանդակ՝ Կյուրիկեի և Սմբատի պատկերներով: Բովանդակությամբ, հորինվածքային մտահղացմամբ և ոճավորմամբ այս ստեղծագործությունը նշանակալի երևույթ էր հայկական միջնադարյան մոնումենտալ արվեստում և դարձել է նախադեպ նմանատիպ քանդակների համար (Հաղպատ, Անի և այլն): Աշոտ Գ Ողորմած թագավորը Սանահինում հիմնադրել է նաև միաբանություն (հիմնադիր վանահայրը Պոլիկարպոսն էր) և հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականների, գիտնական վարդապետների, գրիչների: Ըստ ավանդության՝ հոգևոր դպրոցում է աշխատել նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որի անունով էլ կոչվել է Սբ Աստվածածին և Սբ Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը՝ «Մագիստրոսի ճեմարանը», որը հայկական միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության եզակի նմուշներից է: 979 թ-ին Սմբատ Բ թագավորի հրովարտակով Սանահինի վանքը դարձել է Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսական աթոռանիստը (մինչև XI դարի կեսը): Տաշիրի թեմակալ է ձեռնադրվել Եսային: Վանահայր Դիոսկորոս Սանահնեցու օրոք հոգևոր դպրոցը վերածվել է ուսումնական կարևոր կենտրոնի, որտեղ գրվել, նկարազարդվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Նրա նախաձեռնությամբ կառուցվել են գրատունն ու Սբ Գրիգոր մատուռը: Վերջինս եռաստիճան գետնախարսխով, արտաքուստ՝ շրջանաձև, ներքուստ՝ խաչաձև, քառախորան կենտրոնագմբեթ փոքր կառույց է: XII դարի 80-ական թվականներից մինչև XIII դարի 30-ական թվականները կառուցվել են Սբ Ամենափրկիչ և Սբ Աստվածածին եկեղեցիների գավիթները, զանգակատունը, գրատան արտաքին սրահը, հյուրատունը (չի պահպանվել), Զաքարյանների տոհմական դամբարանը: Վանքի զանգակատունը քառակուսի հատակագծով եռահարկ կառույց է՝ պսակված 6 սյուների վրա հենված զանգաշտարակով: Երկրորդ հարկում՝ միմյանց կից 3 ավանդատներից մեկի մուտքի ճակատին պահպանվել է արձանագրություն, ըստ որի՝ զանգակատունը կառուցել է Աբասի որդի Վագը: Գլխավոր հուշարձանախմբից մոտ 70 և 100 մ հեռավորությամբ, համապատասխանաբար, կիսավեր Սբ Հակոբ եկեղեցին է (X դարի 2-րդ կես) և Սբ Հարություն մատուռը (XIII դարի 2-րդ կես): Եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև հատակագծով, իսկ մատուռը պարզ, ուղղանկյուն թաղածածկ սրահ է՝ արևելքից՝ 2 հավասարաչափ խորաններով, արևմուտքից՝ ճոխ հարդարված շքամուտքով: Վանքի և շրջակա տարածքում պահպանվել է շուրջ 50 խաչքար. առավել նշանավոր են Գրիգոր Տուտեորդու և Սարգսի (1215 թ.) գերեզմաններին կանգնեցված խաչքարերը: Պահպանվել է նաև X–XIX դարերի շուրջ 190 վիմագրություն՝ կառույցների, խաչքարերի, տապանաքարերի վրա: XVII դարի կեսին, Սարգիս արքեպիսկոպոս Արղությանի օրոք, հիմնանորոգվել են ժամանակի ընթացքում և երկրաշարժերից վնասված վանքի հիմնական կառույցները: Խորհրդային իշխանության տարիներին Սանահինի վանքը եղել է պետական պահպանության ներքո. կատարվել են ամրակայման և վերականգնման աշխատանքներ: 1998 թ-ին ՀՀ Կառավարության որոշմամբ այն հանձնվել է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տնօրինությանը:
2001 թ-ին Սանահինի համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=278727988895722&set=a.266642306770957.44227.260698287365359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել