Բայց եթե Ադրբեջանում խրախուսվում եւ ուղղորդվում է հակահայկական հողի վրա զանգվածային պսիխոզը, դա չի նշանակում, որ նույնը պետք է անել Հայաստանում: Սաֆարովի դեմ ահաբեկչական օպերացիա կազմակերպելու եւ նրա համար գլխագին նշանակելու կոչերը նույն տեսակի պսիխոզ են՝ բարեբախտաբար, ոչ զանգվածային: Նախ՝ ահաբեկչությունը, որպես հուսահատ քայլ, որոշ դեպքերում բացատրելի է, երբ դու պետություն չունես: Բայց մենք ունենք պետություն՝ իր դիվանագիտական եւ հատուկ ծառայություններով, որոնք, ճիշտ է, այս պատմության մեջ իրենց շատ վատ են դրսեւորել: Երկրորդ՝ սպանությանը սպանություն հակադրելով՝ դու կորցնում ես այն առավելությունը, որը, Ալիեւի այդ անհաշվենկատ քայլի արդյունքում, ստացել ես քարոզչության եւ դիվանագիտության մեջ: Հակառակը՝ պետք է համբերատար հետեւել, թե ինչպես է Սաֆարովը դառնում գնդապետ եւ գեներալ, ինչպես են նրան տալիս ազգային հերոսի կոչումը, եւ ինչպես են ադրբեջանցի աշուղները նրան նվիրում իրենց մուղամները: Քնած մարդուն կացնահարած «հերոսի» եւ նրա «սխրանքի» այդ սակրալիզացիան մեզ միանգամայն ձեռնտու է: Վերջապես, եթե մի բան ես որոշել անել՝ արա, շատ մի խոսիր, թե չէ՝ ստացվում է դատարկ հոխորտանք:

Սպանել պետք է ոչ թե Սաֆարովին ինչ-որ մի մութ անկյունում, այլ մարտի դաշտում նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն կատարել մեր հողի, մեր սահմանների նկատմամբ (ներառյալ, բնականաբար, ԼՂՀ սահմանները)՝ անկախ նրանից, թե որ էթնոսին են այդ ոտնձգություն կատարողները պատկանում: Իսկ այն, որ հարեւան երկրում հերոս է մի վախկոտ մարդ, որը կարողացել է «մենամարտել» միայն քնած հայի հետ, ինձ հուշում է, որ այդ երկիրը պատերազմում ոչ մի շանս չունի. հիվանդ հասարակությունը չի կարող պատերազմել: Ես կանհանգստանայի, եթե Ադրբեջանում շարժում սկսվեր՝ ընդդեմ Սաֆարովին արդարացնելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել