Երկար սպասված և վաղուց բացակայող որակյալ հումորը վերադառնում է մեծ էկրաններ: Կինոթատրոններում հոկտեմբերի 8-ից կհայտնվի նոր ֆիլմ: Հայկ Մարությանը, Վահագն Խաչատրյանն ու Արման Մարությանը շուտով կներկայացնեն նոր կատակերգություն, որը կոչվում է «Սուպեր մամա»: Haytni.com-ը ֆիլմի վերաբերյալ զրուցեց գլխավոր դերակատարներից մեկի՝ Հայկ Մարությանի հետ:
-Հայկ, ինչպե՞ս է առաջացել ֆիլմ ստեղծելու մտահաղացումը, և ի՞նչ նոր ասելիք է այն բերելու կինոարտադրություն:
-Մտահաղացումը մերն էր՝ «Ալաբալանիցա» ֆիլմի թիմինը: Պահը հասել էր, որ մենք ներկայացնեինք նոր աշխատանք: Ճիշտ է, ֆիլմը կատակերգություն ժանրի մեջ է, բայց հումորի միջոցով ևս կարող ես ինչ-որ բան ասել: Ֆիլմի վերջում դիտողն ամեն ինչ կհասկանա:
-Ինչի՞ մասին է ֆիլմը:
-Ֆիլմի գլխավոր հերոսը տարբեր ուղիներով գումար է աշխատում՝ ոչ ճիշտ ճանապարհով,և գալիս է մի ժամանակ, երբ այդ ճանապարհները սպառվում են, եւ նա մնում է փողոցում միայնակ: Ո՛չ տուն է ունենում, ո՛չ մեքենա: Մի օր նա պատահական թերթում կարդում է մի հոդված, որտեղ գրված է լինում, որ մի բարեգործական կազմակերպություն միայնակ ու լքված մայրերին տուն է տալիս եւ գումար, որպեսզի երեխաներին խնամեն: Հերոսը որոշում է կերպարանափոխվել, այսինքն՝ կնոջ կերպարով հանդես գալ, որպեսզի կարողանա օգտվել այդ ծառայություններից: Իսկ ֆիլմի վերջում happy end է լինում: Հերոսը սիրահարվում է բարեգարծական կազմակերպությունում աշխատող մի աղջկա: Ֆիլմի ընթացքում նրանց միջև լինում են դժվարին պահեր, բայց վերջում նրանք միանում են:
-Դերասանական կազմի հետ հե՞շտ էր աշխատելը, նկարահանման ընթացքում զավեշտալի դեպքեր եղե՞լ են:
-Ֆիլմի պրոդյուսերը ես եմ, բայց Արմանի և Վահագնի հետ միասին ենք ընտրել դերասանական կազմը: Շատ լավ դերասաններ են, որոնց հետ շատ ենք աշխատել, իսկ ինչ վերաբերում է նկարահանման ընթացքում տեղի ունեցած զավեշտալի դեպքերին, ապա կատակերգություն նկարահանելիս անհնարին է զերծ մնալ ծիծաղելի դեպքերից:
- Ի՞նչ կերպար եք կերտել ֆիլմում, և ինչո՞վ էր տարբերվում Ձեր մնացած դերերից:
-Երկու դեր եմ մարմնավորել ֆիլմում՝ կնոջ և տղամարդու, ինչը բավականին հետաքրքրացնում էր նկարահանման ընթացքը:Դժվար էր, բայց կասեմ, որ շատ հետաքրքիր էր:
-Ֆիլմը որտե՞ղ է նկարահանվել, և որքա՞ն է տևողությունը:
-Իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանում, ուստի նկարահանումներն էլ միայն Հայաստանում են եղել: Կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր Հայաստան ենք ստացել: Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր քաղաքը եւ մարզերը գեղեցիկ ներկայացնենք,իսկ ֆիլմի տեւողությունը մեկ ժամ հիսուն րոպե է: