Haytni.com-ը գրում է․
Լեհ գրող, «Մենությունը ցանցում» բեսթսելերի հեղինակ Յանուշ Լեոն Վիշնևսկին Հայաստանում է: Անվանի հեղինակին երկրորդ անգամ Հայաստան է բերել «Գրական տապան» փառատոնը, որի շրջանակներում Վիշնևսկին նախորդ տարի առաջին անգամ ոտք դրեց մեր երկիր: Անվանի գրողը Երևանի Կամերային թատրոնում հանդիպեց իր երկրպագուների հետ և նրանց հետ խոսեց իր մտքերի, գաղափարների և նորությունների մասին :
Վիշնևսկին Հայաստանի մասին
«Ուրախ եմ երկրորդ անգամ լինել Հայաստանում: Նշանակում է, որ նախորդ տարի ամեն ինչ լավ է անցել: Ռուսերեն շատ եմ խոսում ՝ հատկապես գրքերի հրատարակման առթիվ: Ժամանակ չի եղել, որ ձեր լեզուն էլ ուսումնասիրեմ: Շատ ուրախ եմ գալ Հայաստան և տեսնել, որ իմ գիրքը թարգմանվել է հայերեն: Եթե ժամանակ ունենամ, այցիս ընթացքում կգնամ գրախանութ և կգնեմ հայկական գրականություն՝ ռուսերենով»:
Վիշնևսկին կանանց մասին
«Կանայք անհավանական պատմություններ են պատմում, որոնք ես օգտագործում եմ իմ պատմություններում: Կանայք շատ են խոսում` տղամարդկանցից ավելի: Բայց նրանք խոսում են շատ կարևոր բաների մասին: Նրանցից հնարավոր է շատ բան սովորել: Իմ գրքերը կանանց համար չեն, տղամարդկանց համար են, որովհետև կանայք ամեն ինչ գիտեն: Եթե տղամարդիկ կարդան դրանք, կանանց կհասկանան»:
Հագուստի մասին
«Հագուստն ինձ համար այնքան էլ կարևոր չէ: Օրինակ՝ ես երկու անգամ եմ փողկապ կրել՝ ամուսնությանս և ատենախոսությանս պաշտպանության ժամանակ»:
Վիշնևսկին կնոջ և սիրուհու մասին
«Ես կցանականայի ավելի շատ ժամանակ ունենալ: Այժմ այն շատ քիչ է: Ես կցանկանայի այդ ժամանակը նվիրել ինձ հարազատ մարդկանց: Ես երկու կյանք եմ զուգահեռ ապրում՝ որպես գիտնական և որպես գրող, որը գրում է խնդիրների մասին: Շատ դժվար է: Ես կցանկանայի երկու կյանքն էլ ունենալ: Իմ կինը գիտությունն է, իսկ գրականությունը՝ սիրուհին: Յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է ունենալ երկուսն էլ: Ես ապրում եմ իմ կնոջ և սիրուհու հետ»:
«Գրանդ» գրքի մասին
«Գրքի կենտրոնում լեհական հյուրանոցներից մեկն է, որտեղ տեղի են ունենում տարբեր իրադարձություններ: Հերոսներից մեկն անտուն անձնավորություւն է: Այս գրքում սյուժեները շատ են: Ի դեպ, Վլադիմիր Պուտինն էլ է եղել այդ հյուրանոցում: Հյուրանոցն անհավանական է, շատ իրադարձություններ են այստեղ պատահել, շատ դեպքեր, նաև՝ ինքնասպանություններ»:
Գրող դառնալու մասին
«Այնպես պատահեց, որ սկսեցի գրքեր գրել, իսկ մարդիկ սկսեցին դրանք կարդալ: Ես հասկացա, որ շատ բաներ եմ սովորել գրքեր գրելով: Հիմա շատ եմ ճամփորդում, հանդիպում եմ ընթերցողների հետ: Արդեն քսան լեզվով գիրք եմ հրատարակել՝ եթե հայերեն հրատարակությունն էլ հաշվի առնենք»:
Զգացմունքների մասին
«Երբեմն որպես պոետ եմ նայում զգացմունքներին: Երբ ուզում եմ հասկանալ դրանք` նայում եմ քիմիայի տեսանկյունից: Սերն ամենագեղեցիկ և վտանգավոր զգացմունքներից է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ