Թուրքական «Ռադիքալ» պարբերականի հոդվածագիր Օրհան Քեմալ Ջենգիզը «Լրջություն և մարդասպանություն» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Հունգարիայում հայ սպայի սպանությանն ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից:

«Ադրբեջանում այս օրերին իսկական զանգվածային խենթություն է տիրում»,-նման տողով է իր հոդվածը սկսում թուրք սյունակագիրը:

«2004 թվականին Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ընթացող ՆԱՏՕ-ի մի դասընթացի ժամանակ կացնով գիշերով գազանաբար սպանեց քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Սարսափելի ու զարհուրելի այդ սպանությունն իբր թե «ադրբեջանական դրոշի դեմ վիրավորանքի համար» էր իրականացվել: Սակայն հստակ նշվել է, որ դասընթացի ժամանակ ադրբեջանցի և հայ սպաների միջև որևէ վեճ չի եղել, և Սաֆարովը ցանկացել է սպանել նաև մեկ այլ հայ սպայի»:

«Տիպիկ նենգ, ազգային հողի վրա իրականացված սպանություն է սա: Իսկ Ադրբեջանում Սաֆարովը ո՞վ է: Նա Ադրբեջանի ազգային հերոս է, դիմավորում են ցնծությամբ, վերականգնում զինծառայության, աշխատավարձ տալիս: Իսկ այս սպանությունը, որն իբրև թե ադրբեջանական դրոշի համար էր իրականացվել, ադրբեջանցիների աչքին լրիվ հերոսություն է երևում:

Լավ, արդյո՞ք սա զանգվածային հոգեկան խանգարում չէ: Այժմ այս խենթության պատճառով Կովկասը նորից եռում է, հայ-ադրբեջանական հարաբերություններն էլ ավելի սրվում»,-գրում է Ջենգիզը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել