քարկտիկ 1Magaghat.am-ը գրում է․

Չգիտեմ՝ հիմա Հայաստանում որևէ մեկը խաղո՞ւմ է իմ մանկության խաղերից մեկը, որը ընդհանրապես քարկրտիկ է կոչվում, իսկ մենք հինգքարի էինք անվանում։ Մենք միայն գիտեինք, որ դա հին խաղ է ու ձեռքի ճարպկություն է պահանջում։ Ամեն անգամ, երբ թարմանում էր մեր բակում թափված ավազի կույտը, ես սկսում էի քչփորել, որպեսզի գտնեմ հինգ իրար հավասար, համեմատաբար գնդաձև որոշակի չափսի քարեր և իմ իմացած խաղի կանոններով դրանք վեր նետեմ ու բռնեմ՝ մենակ կամ ընկերուհիներիս հետ մրցելով…
Որքան եղավ զարմանքս, երբ վերջերս Արթուր Արմինի «Հնագույն հեթանոսական աստվածաշունչ՝ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ էպոսը» գրքում, ապա և մի քանի կայքում (նույն աշխատության հիման վրա) կարդացի, թե ինչ են իրականում խորհրդանշում այդ հինգ քարը և դրանցով խաղալու վեց աստիճանը։

Հնագույն հավատամքի թաքնագիտական իմաստներին անդրադառնալով՝ այս գրքի հեղինակը ներակայացնում է բնության մեջ գոյություն ունեցող այն եզակի ծավալաձևերը, որոնց եզրերը և ներքին անկյունները հավասար են։ Դրանք հինգն են, որոնցից չորսը նյութական աշխարհի հիմքը համարվող չորս տարրերն են։ Ջուրը խորհրդանշող իկոսահեդրոնը 20 հավասարաչափ նիստերից կազմված երկրաչափական մարմին է, օդի խորհրդանիշ օկտահեդրոնը ութ հավասարաչափ նիստ ունի, հողը՝ խորանարդի նշանով՝ վեց նիստ, կրակ–հուրը քառանիստ է և կոչվում է տետրահեդրոն։ Իսկ հինգերորդը 12–նիստանոց դոդեկահեդրոնն է՝ եթերի խորհրդանշանը։ Այս վերջինը, ըստ Արթուր Արմինի, հին փիլիսոփաները համարել են բոլոր չորս տարրերը ներառող ընդհանրական կոմպոզիցիա, իսկ ամբողջ տիեզերքը հենց այս հինգ տարերն էլ ձևավորում են։
Հեղինակը նշում է, որ այս ծավալաձևերը կոչվում են պլատոնյան, որովհետև մ.թ.ա. IV դարի փիլիսոփա Պլատոնը իր «Timaeus» աշխատության մեջ սրանք մանրանասն ներկայացրել է։ Զարմանք է հարուցում այն փաստը, որ մանրաշխարհի բյուրեղային այս ձևերը կարող էին նկարագրվել առանց մանրադիտակից օգտվելու հնարավորության։ Սակայն առավել զարմանալի է Բրիտանիայի թանգարաններից մեկում պահվող այս հինգ մարմինների իրողությունը՝ նշված հինգ ծավալաձևերի քարե կերտվածքները, որոնք նոր քարի դարին են վերագրվում։ Առաջին հայացքից ուղղակի այլ բան մտքովդ չի էլ անցնում՝ քարկտիկի հինգ քարերն են, որ կան…

Վերը նշված գրքում խոսելով մեր էպոսում և հնագույն ժողովուրդների պաշտամունքային պանթեոնում աստվածների և բնության չորս տարրերի զուգորդությունների մասին՝ հեղինակ Արթուր Արմինը մեր հնագույն քարկտիկ խաղը կապում է այդ հինգ երկրաչափական մարմինների հետ, որոնք այս պարագայում մոտավորապես մարդու բթամատի եղունգի չափսի են լինում։
Հետաքրքիր է նաև խաղի հերթական փուլերի բացատրությունը, ամեն մեկն առանձին անունով՝ մին պար, մեկնուկ, երկնուկ, թաք ու երեքնուկ, շնուկ, ճանտաս։ Կարծում եմ՝ այս անունների մի մասը Հայաստանի տարբեր ազգագրական շրջաններում որոշ չափով փոխվել է։
Մեջբերում գրքից. «Բոլորին լավ հայտնի մեր տատիկների սովորեցրած այս խաղը գալիս է հազարամյակների խորքերից: Ինչո՞ւ այս խաղը ես հիշեցի, եւ ինչպիսի՞ վեց հանգամանքների պատճառով է այն արժանի հատուկ ուշադրության:
ԱՌԱՋԻՆ. խաղի համար քարերը հատուկ ընտրվում էին վերեւում հիշատակված պլատոնյան հինգ սոլիդներին համապատասխան:

ԵՐԿՐՈՐԴ. քարերն ամպայման պետք է լինեն հինգ հատ:

ԵՐՐՈՐԴ. խաղը բաղկացած է վեց փուլից:

ՔԱՐԿՏԻԿ ԿԱՄ ՏԻԵԶԵՐՔԸ ԱՓԻ ՄԵՋ

քարկտիկ

ՉՈՐՈՐԴ. փուլերի անունների իմաստները եւ կանոնները համապատասխանության մեջ են Պլատոնի «Timaeus» աշխատության մեջ կոսմիկական փուլերի 1–4 կառուցվածքին:
ՀԻՆԳԵՐՈՐԴ. բոլոր հավատամքային հնագույն միֆական պատումներում անդրաշխարհի դարբասամուտքը պահպանում է շունը: Հունական դիցաբանության մեջ՝ Կերբեր անունով շունը, հին եգիպտականում՝ Անիբուս անունով շունը, հայկական էպոսում՝ Գեորգիզը (թարգմանաբար նշանակում է «գայլ» կամ «գայլաշուն»), Արա Գեղեցիկ-Շամիրամ միֆական պատումում՝ Հարալեզ անունով երկու շները, Արտավագդի շղթաները կրծող շները եւ այլն: Նաեւ անդրաշխարհի դարբասները պահպանող «գայլաշան» խորհրդապաշտությունն առկա է հնագույն աստղագիտության մեջ: «Կարիճի» համաստեղության մոտ Lupus (գայլ) աստղատունն է, որ ըստ հների Ծիր Կաթնի կենտրոն-երախի՝ «դարբասների» պահապան շան աստեղատունն է: Ըստ նորագույն գիտական հետազոտությունների՝ մեր գալակտիկայի կենտրոնում՝ հենց «Lupus» աստեղատան կողքին է գտնվում մեր գալակտիկայի կենտրոնը, որտեղ կա սեւ խոռոչ (գերգրավիտացիոն դեռեւս ոչ լիարժեք հասկացված երեւույթ):

ՎԵՑԵՐՈՐԴ. քարկտիկ խաղը 6-ական համակարգի հետ աղերսելու հայտնության պատճառը՝ մորս տատին հիշելն էր. երեխա ժամանակ ինձ ասում էր, որ այս խաղը «Արեւաբաշդի» խաղ է»:

Արմենուհի Փալանդուզյան

Մեզ՝ խաղացողներիս, այս հինավուրց խաղի ծագումն ու էությունը հայտնի չեն եղել, բայց նույնությամբ վերցրել ու խաղացել ենք։ Մենք ուղղակի սա պահպանել ենք, որպեսզի մի օր գիտությունն ասի, թե ինչ գիտելիք ենք փոխանցել սերնդից սերունդ։ Ու քանի–քանի ժողովրդական խաղեր այսպիսի գաղտնիքներ են թաքցնում իրենց՝ հաճախ լիովին անիմաստ թվացող կանոնների ու գործիքների մեջ։
Գուցե արժե, որ հայորդաց տները, դպրոցները, տարբեր կրթարաններ ուսումնասիրեն դարերի խորքից մեզ հասած ու արդեն անհետացման եզրին հայտնված մեր ժողովրդական խաղերը, սովորեցնեն ու իմաստավորեն։ Իսկ մի՞թե հետաքրքիր չի լինի համակարգչի մկնիկի կամ հեռախոսի փոխարեն ձեռքն առնել բնության այդ խորհրդավոր տարրերի քարե մանրակերտները և սեփական ափերի մեջ վերահաստատել տիեզերքի կարգը…
Եվ վերջում՝ մի հարցադրում. հայերից բացի որևէ այլ ազգ քարկտիկ խաղո՞ւմ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել