Սկսվել է նոր ուսումնական տարին...
Հիշում եմ. երբ սովորում էի 9-րդ թե 10-րդ դասարանում, մտերիմ ընկերներով հաճախ էինք քննարկում, թե ո՞ւմ է պետք 10-ամյա ուսուցումը, երբ այդ 10 տարվա ընթացքում ստացած գիտելիքները կարելի է ձեռք բերել նաև 7-8 տարում։ Ինչո՞ւ ենք վատնում մեզ տրված թանկագին տարիները, ժամանակը...
Հիմա մեր երեխաները դպրոց են հաճախում 6 տարեկանից և 12 տարի շարունակ «գիտելիքներ են սերտում»՝ թեսթային համակարգով քննություն հանձնելու համար։ Նրանց գերակշիռ մասը Թումանյանի կամ Չարենցի մասին գիտե թեսթային հարցաշարերից, շատերը մազաչափ պատկերացում չունեն նրանց ստեղծագործությունների մասին... Այսօր նրանք դպրոցում գրեթե գիտելիք չեն ստանում, փոխարենը արտաժամյա վճարովի «դասընթացներ» են անցկացնում իրենց այդ նույն ուսուցիչների մոտ...
Նրանց կյանքից թանկագին 12 տարի ենք խլում, որպեսզի ապացուցենք, որ մենք էլ ենք «քաղաքակիրթ Եվրոպա»։ Ես չգիտեմ, թե եվրոպացի այդ ո՞ր շանորդին է հնարել 12-ամյա կրթական համակարգը։ Բայց հստակ համոզված եմ, որ նա ժամանակին անընդունակ, ապաշնորհ ու բթամիտ սան է եղել, 2-3 օրում սովորելիքը հազիվ մի շաբթում էր յուրացնում... Ու ահա, այդ ողորմելին դպրոցն ավարտելուց տասնամյակներ հետո հնարել է 12-ամյա այս անհեթեթությունը...
Հնարավոր է, որ մի քիչ այլ կերպ է եղել։ Հնարավոր է, մի քիչ գույները խտացրել եմ, բայց էականը դա չէ...
Ես ուզում եմ հարցնել, Հայոց կրթական համակարգի մեծ գլուխներին. «Բարոյական ի՞նչ իրավունքով եք խլում մեր երեխաների կյանքի թանկագին տարիները՝ փոխարենը գրեթե ոչինչ չտալով։ Այդ տխմարությունը կապկելուց առաջ դուք հարցրե՞լ եք ծնողների, մարդկանց կարծիքը»։
Սկսվել է նոր ուսումնական տարին։ Ես խորապես ցավում եմ մեր երեխաների կորսված տարիների համար։ Իսկ ավելի շատ ցավում եմ, որ հանգիստ թույլ ենք տալիս բարձր պաշտոններ զավթած ինչ-որ տգետներ հիմարացնեն մեզ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել