Newmag.am-ը գրում է․

կրթական ռեֆորմ
Մեր հասարակությունը շատ արագ է ուզում ավարտել դպրոցը, հպանցիկ կրթությամբ: Հիմնարար կրթությունը ենթադրում է մի քանի աստիճաններով հստակ շարունակության ապահովում: Մենք արեցինք այդ քայլը` սահմանելով 6 տարեկանից տարրական կրթություն: Բարեփոխման ակունքներում ես էլ եմ գտնվել, և այդ տարիներին են հիմնական փաստաթղթերը տեսքի բերվել և օրենսդրական ուժ ստացել: 6-ից 10 տարեկանում երեխան պետք է շփվի և հաղորդակցվի կրթության այբուբենի հետ: Այժմ էլ տարբեր կարծիքներ կան՝ ինչու պետք է միջին դպրոցից հետո 3 տարի պարտադիր սովորել ավագ դպրոցում: Բայց մենք հաշվի չենք առնում մեկ բան. բակալավրիատի 5-ամյա կրթությունից մեկ տարին տեղափոխվել է 12-ամյա կրթության շրջանակ: Ցանկացողները 9-րդ դասարանից հետո կրթություն կարող են ստանալ արհեստագործական դպրոցներում, քոլեջներում մասնագիտություն ձեռք բերել և զուգահեռ ստանալ 12-ամյա կրթություն: Այստեղ այլ խնդիրներ կան. ինչպիսի՞ն է մեր դպրոցի և ընդհանրապես կրթական համակարգի վիճակը, այն կարո՞ղ է կրթության անհրաժեշտ բարձր որակ ապահովել: Կրթական համակարգի հանդեպ թերահավատությունը գալիս է այստեղից: Բայց դա ժամանակի խնդիր է. կգա մի հանգրվան, երբ բարեփոխումները կտան սպասելիք արդյունքները:

շառավիղները
Վերջին 15 տարում 17 գիրք եմ գրել, փորձել եմ իմ խոհերն ու մտքերը, պատկերացումներն ու հմտությունները շարադրել և ներկայացնել նրանց, ովքեր ուզում են լրագրող դառնալ: Վերջին տարիների իմ մյուս հետաքրքրությունը տեսաֆիլմերն են: Հանրությանը ներկայացնել 19-20-րդ դարերի մեր անվանի գործարարներին, բարերարներին: Փորձում ենք գտնել նրանց սերունդներին: Դրանցից մեկը Ալեքսանդր Մանթաշյանցին և նրա սերունդներին նվիրված տեսաֆիլմ-ուսումնասիրությունն էր, որի նպատակն էր գտնել այդ մարդու շառավիղները՝ ժառանգներին: Փարիզում գտա Ալեքսանդր Մանթաշյանցի թոռանը, ծոռանը, կապեր հաստատեցի, նրանց բերեցինք Երևան, միասին գնացինք Թիֆլիս: Ստեղծվեց տեսաֆիլմ, որին զուգահեռ այդ թեման այնքան զարգացավ, ծանրացավ ու հուզական դարձավ, որ Երևանի Աբովյան փողոցում դրվեց Մանթաշյանցի արձանը: Վերահրատարակվեց նրան նվիրված գիրքը: Ես առիթ ունեցա ճամփորդել Մանթաշյանցի ժառանգների հետ: Պետք էր տեսնել, թե ինչ հոգեկան հրճվանք էին զգում այդ մարդիկ՝ գնալով իրենց պապի ոտնահետքերով: Նրանք այլևս մեծահարուստ դառնալու ցանկություն չունեին: Երբ հարցրի ծոռանը՝ Միշելին, թե կցանկանա՞ր պապի նման հարուստ լինել, պատասխանեց, որ չի ցանկանում ամիսը 5000 եվրոյից ավելի եկամուտ ունենալ. այսպես ավելի հանգիստ է և ինքնաբավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել