Magaghat.am-ը գրում է․
Սփյուռքի համար հաղորդումների վարչությունում աշխատածս տարիների անմարելի հիշողություններից մեկը կապված է Հրանտ Մաթևոսյանի հետ: Հանկարծ հարկով մեկ ուրախ լուր տարածվեց, որ հայ գրողն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Ինձ հանձնարարվեց անմիջապես նրան այցելել ու հարցազրույց ձայնագրել:
Գլխավոր խմբագիրը նրա հետ պայմանավորվեց, համընդհանուր ուրախության մեջ ձայնագրիչը պատրաստեցի, պայուսակս վերցրի ու սուրացի Մաթևոսյանների բնակարան: Ճանապարհին չմոռացա մի հսկա ճերմակ վարդ վերցնել, որն ակնածանքով դրեցի նրա գրասեղանին: Աշխատասենյակում ձիու թամբ տեսա ու արևածաղկի արհեստական թուփ:
Հրանտ Մաթևոսյանը, ինչ խոսք, բարձր տրամադրություն ուներ ու քանի որ ես նրան շնորհավորած առաջին լրագրողն էի, սկսեց պատրաստակամորեն հարցերիս պատասխանել: Աստիճանաբար ոգևորվեց, զգում էի, թե նրան որքան է ուրախացրել իր ստեղծագործությունների իմացությունս: Իրոք, կարդացել էի՝ ինչ տպագրվել էր, թերևս անսպասելի էին նաև տարաշխարհիկ ընկալումներս, մանավանդ Աղունի կերպարի «մեկնությունս»:
Նա խոսում էր հայ գրականության, գրողի առաքելության, կինոյի, մտավորականի նկարագրի, իրականության գրական արտացոլման սկզբունքների մասին: Ինչպես միշտ՝ նրա տեսակետներն անչափ յուրօրինակ էին, իմ կարծիքով դրանք նույնիսկ ավելի մեծ արժեք էին, քան նրա որոշ գործեր: Հարցրի, թե ինչու գրականագիտությամբ չի զբաղվում, մեր արձակը դրանից շատ կշահեր: Նիհար դեմքին դժկամության ստվեր իջավ, պատկերացրի, թե այդ ստվերն ինչ խտություն է ունենում, երբ հանդգնում է խոսել մյուս գրողների գործերի մասին ու հեղինակներն էլ ներկա են լինում:
Խոսակցությունը շտապ թեքեցի դեպի արևմտահայ ու սփյուռքյան գրականություններ: Լսածս այնքան հետաքրքիր էր՝ մտածեցի. երանի մեր խմբագրությունը նրա նման հայկականության քարոզիչ ունենար:
Լրագրողական խոփս քարին դեմ առավ, երբ ցանկացա տնտղել Հայոց ցեղասպանության մասին նրա մտածումները: Նա կտրուկ լռեց, մռայլվեց, մրսկան մատներով ճերմակ վարդը շոյեց…
Չի խոսելու, այդքանը հասկացա:
Բայց մի փակագիծ բացեց. այդ թեման դեռ այնքան չի հնացել, բյուրեղացել, մենք էլ այնքան սառնասիրտ չենք դարձել, որպեսզի կարողանանք անաչառորեն դատել: Ժամանակը չէ, դա ապագայի գործ է:
Հրաժեշտ տալու ժամանակն էր, ոտքի ելա: Պատանյակի նման հետաքրքրվեց, թե հաղորդումը երբ է հեռարձակվելու: Տեղեկացրի, շնորհակալություն հայտնեցի ու նրան հանձնելով դիտողությունների շտեմարան կնոջը՝ աճապարեցի տուն՝ հարցազրույցը վերծանելու:
Դրսում հոկտեմբերի վերջն էր, բայց ձյուն էր մաղում: Ամեն ինչ հրաշալի էր. մեծ գրողի հետ երկար ու սրտաբաց զրուցել էի, հաղորդումս խոստանում էր լինել լավագույններից մեկը, եղանակն էլ ճիշտ իմ պաշտածն էր:
Այդքանից հետո, բնականաբար, պետք է մի աղետ լիներ: Այո, տուն հասնելուն պես տեսա, որ ձայնագրիչը դավաճանել է, ձայներիզի վրա միայն հարցազրույցի սկիզբն էր… Հուսահատությունը երբեմն հրաշքներ է գործում, և ես մեր ամբողջ զրույցը թղթին մտովի վերականգնեցի ընդամենը երկու ժամում: Մնում էր լրագրողական «աճպարարությամբ» եթերում այնպիսի տպավորություն ստեղծել, ասես գրողն է իր խոհերը սփռում, ոչ թե ձախողման հուսահատությունից սոխակ դարձած լրագրողուհին: Դա հաջողվեց, բայց այդուհետ խուսափում էի Հրանտ Մաթևոսյանի հետ ցանկացած հանդիպումից:
Հետագայում, թերթում աշխատելիս, նրա կերպարին անդրադառնալու մի հատիկ առիթ եղավ. ծննդյան օրվա առթիվ հանձնարարվեց շտապ հոդված գրել: Եվ ոչ թե շնորհավորանք, այլ հենց՝ հոդված: Նախ փորձեցի գրողների ու գրականագետների գտնել: Զուր, ոչ ոք չուզեց մի քանի ժամում Մաթևոսյան վերլուծել կամ թեկուզ հպանցիկ գնահատել: Ուրեմն պետք է զորակոչի ենթարկեի իմացած-զգացածիս ամբողջ պաշարը, որովհետև ձեռքիս տակ գոնե մի տող չկար:
Ներանձնացման մեկուկես ժամվա արգասիքը պրպտումի համարձակ փորձ էր, հաստատելու համար այն միտքը, թե բարձունքներ նվաճած հայ չափածոյի կողքին Հրանտ Մաթևոսյանն արարում է արձակի համահունչ արժեքներ: Հաջորդ օրը շատերը մոտեցան, շնորհավորեցին, ըստ որում բոլորը միաբերան նշեցին մաթևոսյանական բազմաթիվ բացահայտումներ:
Գրողը չարձագանքեց: Ես չզարմացա. նա իրավունք ուներ իր մասին շատ ավելի իմաստուն խոսք կարդալու: Բայց միայն ինքը՝ մեծությունը: Մինչդեռ մի օր փողոցում ինձ մոտեցավ մի գրականգե՞տ, թե լրագրող և ուղղակիորեն ասաց, որ ես իրավունք չունեի Հրանտ Մաթևոսյանին իմ գրիչով դիպչելու, որովհետև, բա չե՞ք ասի, նրա հայտնությունն իրեն է պատկանում: Ահա թե ինչու էր գրողը լռել: Չէ՞ որ այդ կարգի մարդիկ կարողանում են ամենահարուստ էություններն անգամ պղտորել: Աստված իրենց հետ, բոլորիս գնահատողն ի վերջո իսկական ընթերցողն է, թե Մաթևոսյանի նման քանքարինը, թե ինձ նման համեստ լրագրողինը:
Ի՞նչն է հետաքրքիր. վերջերս որոշեցի հին հոդվածներս մուտքագրել` մտածելով, թե միգուցե մի օր հնարավոր լինի մի գրքում ժողովել: Առանց ամոթի նշույլի ասում եմ` Հրանտի մասին ակնարկիս համար ներքուստ գոհունակություն զգացի ու եթե հանձնարարությունն այսօր ստանայի` առանց տառի փոփոխության նույնը կշարադրեի: