Այս կինն ընդամենը 26 տարեկան է։ Նա Վիգանի բնակչուհի Քրիստինա Բրիգսն է։ Բրիգսը երկու երեխա ունի։ Նա ստիպված է հույսը դնել կառավարության աջակցության վրա և նրանց փոխանցած գումարով հոգալ ընտանիքի ապրուստը։ Նա ասում է, որ ատում է իր գիրությունը և կարծում է, որ իր ավելորդ քաշի հիմնական մեղավորը անառողջ ու ճարպոտ սնունդն է։ Քրիստինան նշում է, որ առողջ սնունդը բավականին թանկ արժե, և իրենց ընտանիքը չի կարող ձեռքի տակ եղած համեստ միջոցներով առողջ սննդամթերք գնել։ Նա անգամ մարզասրահ այցելելու համար բավականաչափ գումար չունի։
Երբ Քրիստինային հարցնում են, թե նա ինչու աշխատանքի չի ընդունվում սեփական գումարը վաստակելու համար, նա պատասխանում է, որ իր երկու փոքրիկ երեխաների խնամքն իր ուսերին է։ Նրա դուստր Ելենան 10 տարեկան է, իսկ որդի Ռոբերտը՝ երկու։ Երեխաները տարբեր մարդկանցից են, սակայն նրանցից և ոչ մեկի հայրը չի աջակցում նրանց։ Քրիստինան իր երկու երեխաների հետ միասին բնակվում է անապահովների համար նախատեսված կացարանում։ Բժշկական հետազոտություն անցկացնելուց հետո բժիշկները Քրիստինային զգուշացրել են, որ ճարպակալման պատճառով նրա մոտ բարձր է սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի վտանգը։ Քրիստինան վախենում է, որ ճարպակալման հետևանքով առաջացած առողջական խնդիրները կարող են սրվել, և իր կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Եթե ինքը մահանա, իր երկու երեխաները որբ կմնան։
Ինչ խոսք, Քրիստինայի պատմությունը շատ հուզիչ է, սակայն երբ լսում ես նրա ներկայացրած պահանջները, սկսում ես կասկածել, որ այս կինը ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունի։ Նա կառավարությունից պահանջում է գումար հատկացնել իրեն թարմ մրգեր ու բանջարեղեն գնելու, ինչպես նաև մարզասրահ այցելելու համար, սակայն սա դեռ ամենը չէ։ Ամենատարօրինակն այն է, որ Քրիստինան ցանկանում է, որ կառավարությունը իրեն վճարի նիհարելու դիմաց։ Նա ասում է, որ եթե նախապես իմանա, որ գումարային վարձատրություն կստանա կորցրած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց, նիհարելու շարժառիթ կունենա։ Հակառակ դեպքում Քրիստինայի համար դժվար կլինի պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ։ Ամսագրերից մեկին տված հարցազրույցում կինը նշել է.
- Լավ կլիներ, եթե կառավարությունը կորցրածս յուրաքանչյուր ֆունտի դիմաց մեկ ֆունտ ստեռլինգ տրամադրեր ինձ (1 կգ-ի դիմաց մոտ 1300 դրամ) կամ առողջ սննդի վաուչերներ։ Եթե առողջ սննդի գինն իջեցվեր, դա նույնպես կօգներ ինձ նիհարել։ Ես օգնության կարիք ունեմ, սակայն այդ օգնությունը պետք է հենց կառավարությունից գա։
Քրիստինան ավելացրել է, որ ինքն անհարմար չի զգում, որ այլոց ֆինանսավորմամբ է հոգում ապրուստը և դստեր բժշկական ծախսերը (Քրիստինայի դուստրը երիկամների խնդիր ունի), քանի որ ինքն իրեն ոչ մի ավելորդ ծախս թույլ չի տալիս։