Newmag.am-ը գրում է․
Օլդոս Հաքսլի
«Սքանչելի նոր աշխարհ», 1932
Պատկերացրե´ք մի աշխարհ, որում սինթետիկ ապրանքների միջոցով լուծված է սովի խնդիրը, բոլորը կուշտ են ու գոհ: Ամուսնության կարիք էլ չկա: Այստեղ էլ բոլորը կուշտ և գոհ են, քանի որ սեռական մերձեցումից հետո երեխայի ծնվելու «վտանգ» չկա: Նոր աշխարհում երեխաները կամ, ավելի ճիշտ է ասել, «նոր միավորները» լույս աշխարհ են գալիս հատուկ ինկուբատորներում: Հաքսլին իր ստեղծագործությունը համարում էր ապագայի մասին գըրված գիրք: Բայց դա ապագա էր 1932 թվականի համար: Օլդոս Հաքսլիի հակաուտոպիստական վեպի վրա առաջինը արգելք դրեց Իռլանդիան: Պատճառը երեխաների ծննդի անբնական մեթոդն էր:
Ջոն Սթայնբեք
«Ցասման ողկույզները», 1939
Մեծ դեպրեսիան հետք է թողել ոչ միայն Ամերիկայի պատմության, այլ նաև ամերիկյան գրականության մեջ, և ամենից երևացող վառ կետը Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզները» վեպն է: Երբեմնի բերրի հողը չորանում է, իսկ բանկը, որը տարիներով վարձով էր տալիս այն բնակիչներին, խստացնում է պայմանները: Սթայնբեքի զգացմունքայնությունը չափազանց ազդեցիկ է: Նա առաջին հերթին անկեղծ է ընթերցողի հետ: Ու հենց դրա պատճառով էլ արժանացել է գրաքննադատների խիստ գնահատականին: Հրատարակվելուց հետո վեպը հայտնվեց արգելքի տակ` իրականությունը «չափազանցված ցույց տալու» համար:
Հենրի Միլլեր
«Խեցգետնի արևադարձը», 1934
1930-ականների Ֆրանսիան է: Գլխավոր հերոսը հենց հեղինակն է: Առանց կաշկանդվելու ու ամոթի զգացումի` Միլլերը նկարագրում է ընկերների ու գրչակիցների հետ իր սեքսուալ հարաբերությունները:
Երբ գիրքը հրատարակվեց, Փենսիլվանիայի վերաքննիչ դատարանի դատավոր Մայքլ Մուսմանոն հայտարարեց. «Սա գիրք չէ: Սա անդունդ է: Բուլվարային առու է: Փտելու նախապայման է: Լորձային մեկտեղում այն ամենի, ինչ կա մարդկային անբարոյականության նեխած մնացորդներում»: Միլլերը պոռնոգրաֆիա գրելու մեղադրանքով հայտնվեց արգելված հեղինակների ցանկում: Հետագայում նրա բախտակից, նույնպես արգելված Ջորջ Օրուելը «Խեցգետնի արևադարձը» անվանեց 30-ականների ամենակարևոր ստեղծագործությունը:
Կուրտ Վոնեգուտ
«Սպանդանոց համար 5», 1969
Գրքի հերոսը` Բիլի Պիլիգրիմը, հեղինակի ալտեր էգոն է: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արդենների ճակատամարտի ընթացքում ապակողմնորոշվում է և հայտնվում գերմանական գերության մեջ: Նրան պահում են Դրեզդենի հին` 5-րդ սպանդանոցում: Քաղաքի հրետակոծման ժամանակ Բիլին, բախտակից ընկերներն ու պահակները թաքնվում են սպանդանոցի խորը նկուղում, որտեղ գրքի հերոսն ականատես է լինում իր իսկ մահվանը: ԱՄՆ-ում գիրքը արգելվել է պատճառաբանությամբ, որ մռայլ պատկերները կարող են ազդել երեխաների հոգեբանության վրա: «Սպանդանոց համար 5»-ը մինչև այսօր այն 100 ստեղծագործությունների մեջ է, որոնք ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան թույլ չի տալիս տրամադրել հանրությանը:
Ֆրանց Կաֆկա
«Կերպարանափոխություն», 1915
Գրեգոր Զամզան, որի ուսերին էր ծնողներին ու քրոջը պահելու հոգսը, մի օր արթնանում է ու հասկանում, որ վերածվել է մի հսկայական, զարհուրելի միջատի: Ժամանակի ընթացքում հարազատները մոռանում են սենյակում փակված Գրեգորի մասին, որը երբևէ մարդ էր եղել:
Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը հնարավոր չէր գտնել ֆաշիստական Գերմանիայի և Խորհրդային միության գրադարաններում գաղափարական նկատառումով: Կաֆկայի վեպի վրա արգելքի պիտակ էր դրել նաև Չեխոսլովակիան, քանի որ Կաֆկան հրաժարվում էր գրել չեխերեն` նախընտրելով գերմաներենը:
Վլադիմիր Նաբոկով
«Լոլիտա», 1955
Հյումբերտը սեռական մղում ունի Նոր Անգլիայի մի բնակչուհու 12-ամյա դստեր նկատմամբ: Ամուսնանում է մոր հետ, որպեսզի քողարկի աղջկա հանդեպ ունեցած զգացմունքները:
Երբ «Սանդեյ էսքպրես»-ի խմբագիրը կարդաց Նաբոկովի «Լոլիտա»-ի մասին, այն անվանեց ամենակեղտոտ գիրքը, որ երբևէ ընթերցել էր: Հրատարակչությունը գրքի բոլոր օրինակները հանեց վաճառքից պոռնոգրաֆիկ բնույթի համար: Լույս տեսնելուց մեկ տարի անց Ֆրանսիան նույնպես Նաբոկովի ստեղծագործությունը համարեց զազրելի ու արգելքի նշան դրեց վրան: Սակայն «Լոլիտա»-ն առանց որևէ խոչընդոտի հայտնվեց ամերիկյան գրախանութներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



