«Երբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանին այդ պաշտոնում փոխարինեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, բոլորն սկսեցին խոսել այդ երկու բուհերը միավորելու անհրաժեշտության մասին, ինչպես նախկինում էր: Ճարտարապետաշինարարական համալսարանի մամուլի պատասխանատու Ժասմին Վիլյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ այդ հարցում որևէ տեղաշարժ ու նոր բան չկա, իսկ վերջին նորությունը նախարարի ամռանն արած հայտարարությունն է, թե մոտեցումը ճիշտ է, բայց դեռ վաղ է միավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը: Բանն այն է, որ եթե ճարտարագիտականում երկու ձեռքով կողմ են այդ միավորմանը, ապա ճարտարապետաշինարարականում խիստ դեմ են և պայքարում են, որ դա տեղի չունենա, քանի որ միավորման արդյունքում ոչ միայն ֆակուլտետներ կփակվեն, դասաժամեր կկրճատվեն, այլև աշխատատեղեր կփակվեն:

Ճարտարագիտական համալսարանի էլեկտրոնային թարգմանական լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը գտնում է, որ բուհերի միավորումն անհրաժեշտություն է. «Անկախ ամեն ինչից, պետք է միավորվեն, երկու բուհում էլ ուսումնասիրվող առարկաների 70-80 տոկոսը նույնն է, նույն պայմաններն են, պարզապես արհեստական կիսել են՝ դարձնելով երկու առանձին հաստատություն»: Այսինքն՝ անցյալ դարի 80-ականների վերջին բուհը, այն ժամանակ Պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնատել են սուբյեկտիվ, անձնական պատճառներով, և բնավ էլ օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել:

Թոքմաջյանը, որ մի բուհի ռեկտորի պաշտոնից անցում կատարեց մյուս բուհի նույն պաշտոնին, և ում անվան հետ վերջերս, այսպես կոչված, «սեքս սկանդալ» է կապված, այդ միավորման խորհրդանիշն է: Մենք հետաքրքրվեցինք, թե ռեկտորի անձնական նամակագրության հրապարակումը չի՞ վնասել նրա հեղինակությանը, և չի՞ բարդացել ռեկտորի պաշտոնում նրա աշխատանքը: «Ճիշտն ասած՝ պատերի տակ փսփսում են, բայց, դատելով այդ ամենից, մեղավորն ինքը չէ, մեղավորն այն կանայք են, որ իրեն կպել են: Իսկ դա առիթ չի, որ իրեն փոխեն կամ հանեն, իրավական խախտում չի արել և մինչև հիմա որևէ կաշառակերություն չի արել, մաքուր է. էդ մեկը՝ հաստատ: Պոլիտեխնիկում Թոքմաջյանից դժգոհ չեն, գոհ ենք, համենայնդեպս, մինչև հիմա դժգոհելու առիթ չի տվել, նախկին ռեկտորի հետ չես կարող համեմատել»,- նշում է պրոֆեսոր Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել