Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
- Ես չգիտեմ, թե ինչու եմ աշխարհ գալիս:Ես ի՞նչ պետք է անեմ այնտեղ:
Աստված պատասխանեց.
- Քեզ հետ կուղարկեմ մի Հրեշտակ, որը միշտ կողքիդ կլինի: Նա քեզ ամեն բան կբացատրի:
- Ինչպե՞ս կհասկանամ ես նրան, երբ լեզուն չգիտեմ:
- Հրեշտակը քեզ կսովորեցնի իր լեզուն, կպահպանի քեզ չարից:
- Իսկ ի՞նչ է նրա անունը:
- Կարևոր չէ, նա շատ անուններ ունի,բայց դու նրան կանվանես ՄԱՅՐԻԿ
Լեգենդ
* * *
Արդեն երկար տարիներ է, որ նյարդերի վրա սպիտակ գույնն ազդում է:
Սպիտակ պատեր, սպիտակ պատուհանափեղկեր, սպիտակ մահճակալներ…
Ամենաանտանելին ռենտգենյան նկարների վրա երևացող սպիտակ կետերն են, որոնք ցույց են տալիս շաքարախտի հետևանքով ոսկորների վրա առաջացած վերքերը:
Վերցրեց ձեռքի հերթական նկարը:
Պահեց դեպի պատուհանը` լույսի դիմաց:
Կետերի քանակն ավելացել էր այնքան, որ շնչառությունը մի պահ ասես հեռացավ դեպի անծայրածիր հեռուներ, դեպի լիակատար տխրություն:
Անցավ հարցաթերթիկին:
Ինչպե՞ս է հույս տալու, ի՞նչ խղճով, խաբել հերթական անգամ` արդեն բարոյական չի լինի:
Հիվանդը միշտ ջանասիրաբար հաշվում էր ամեն մի սպիտակ կետ, հետո գրանցում իր ծոցատետրում:
Բժիշկը բազմիցս էր նկատել այդ տեսարանը:
Քանի~-քանի~ անգամ էր նա նոր ռենտգենյան նկարի փոխարեն ցույց տվել հներից մեկն ու տեսել, թե ինչպես է կինն ուրախանում, որ սպիտակ կետերը չեն ավելացել:
Այսօր կանչել էր հիվանդի որդուն:
Պետք է վերջ դրվեր այս ամենին:
Զանգ:
- Ալլո, հաա~, իհարկե ճանաչեցի, տիկի´ն Վարդուհի, հեց հիմա նայում եմ ձեր նկարը, լավ է, շատ լավ, ճիշտ է, չեմ հաշվել, ինչպես դուք, բայց կարծես թե նույնիսկ պակասել են, օգնեց երևի վերջին դեղը, դուք ինչպե՞ս եք, դե´, տեսնո՞ւմ եք, հրաշալի է:
Այդ պահին ատում էր ինքն իրեն` անզորությունից, հարկադրաբար ստելուց ու ախտի դեմ անճարակությունից:
- Այո´, կանչել եմ Գեղամին, որ նոր դեղատոմս տամ: Գերմանական է և շատ արդյունավետ:
Այո´, իհարկե, տիկի´ն Վարդուհի, նկարն էլ կտամ, այս անգամ թո´ղ բերի տուն, հետո կվերադարձնեք, դե ,պետք է գործերում լինի, հասկանում եք, չէ՞:
Այո, այո, առողջությո´ւն Ձեզ:
<Միևնույն է մինչև սեփական աչքերով չտեսնի, չի հանգստանա>, -մտածեց ու նորից նկարը պահեց լույսի դիմաց.- <Սա վերջն է>:
Երկար ժամանակ էր, որ բուժում էր Տիկին Վարդուհուն: Նրա տղայի հետ, որ Փրկարար ջոկատից էր, արդեն ընկերացել էին:
Գրեթե հասակակիցներ էին:
Գիտեր, որ սպասում են երեխայի, որ աղջիկ է լինելու, որ անունն էլ` Վարդուհի:
* * *
- Արի´, Գեղա´մ ջան, արի´:
Բարևեցին հին ընկերների նման:
Երկու ձեռքեր, որ երկար ժամանակ պայքարում էին մի կյանքի համար, որոնք շատ անգամ էին հույս տվել հիվանդին, զարկվեցին իրար ասես հրաժեշտի ծափով: Տխուր հրաժեշտի: Եվ ամեն մեկն իր մտքում որոշեց, թե վերջին անգամ են հանդիպում այստեղ` հիվանդանոցում:
Երկուսն էլ լուռ նստեցին` ամեն մեկն իր մտքերով:
- Գեղա´մ ջան, ո´չ մի հուսադրող բան: Վերջին նկարն ահավոր է:
- Տեսնեմ, հա՞:
Տղան նայեց: Նկարը դրեց սեղանին, հանեց ակնոցները, սրբեց ապակիները:
Հետո երևի մոռացավ կրել, դրեց սեղանին:
- Ի՞նչ անենք, - ձայնը մայրամուտի նման հանգող էր ու հուսահատ:
- Չգիտեմ, էլ չեմ կարող խաբել: Քո մայրը շատ հասկացող կին է, միգուցե հասկանա…
- Չէ, ի՞նչ ես ասում, չ ի լինի, շատ ներշնչող է, իսկ մոտավորապես կարո՞ղ ես ասել….
- Մեկ շաբաթ կամ լավագույն դեպքում` տասը օր:
- Չի հասցնի աղջկաս տեսնել, մի բան արա´, խնդրում եմ… մի բան մտածիր,լա՞վ:
- Կարող եմ ավելի հին նկարներից տալ, միայն հույսը կփրկի : Ես գիտեմ, մինչև հիմա հույսն է պահել նրան, բայց…
- Ի՞նչ բայց:
- Այսօր եմ նկատել, ավելի ճիշտ բուժքույրն է նկատել, որ բոլոր հին նկարների վերևի աջ անկյունը փոքրիկ ծալվածք ունի, հավանաբար եղուգով մայրդ է նշան արել վերջին այցելության ժամանակ:
- Նրանից հեռու չէ: Լա´վ, տո´ւր նկարը, ուրիշ տարբերակ չունենք: Գոնե մեկ ամիս դիմանար
* * *
Փրկարարի հագուստով տղան մոտեցավ մետրոյի կրպակներից մեկին:
- Սև ներկամատիտ ունե՞ք:
- Սև չունենք, դիմացը հարցրեք: Ի՞նչի համար եք ուզում, տուփով ունենք, մեջը կա:
- Հնարավո՞ր է ներկամատիտով ռենտգենյան նկարի վրա նշում անել:
- Չեմ փորձել,- ծիծաղեց վաճառող կինը ,- և ինչի՞ համար, միևնույն է` կջնջվի:
Անցորդները զարմացած նայում էին մետրոյի պատին հենած ռենտգենյան նկարի վրա ներկամատիտով մեծ ջանասիրությամբ կետեր ներկող տղային:
Երբ սպիտակ կետերից շատերը մեծ դժվարությամբ ծածկվեցին սևով , Գեղամը դուրս եկավ կայարանից:
* * *
Տուն մտավ:
Մի կերպ ձայնին ուրախ երանգ տալով` բղավեց.
- Մա´մ, եկա´, քեզ լավ լուր եմ բերել:
Մայրը խոհանոցում էր, նստած էր աթոռին` անօգնական հայացքով:
- Տո´ւր, տեսնեմ, Գեղա´մ ջան:
Երկար նայեց նկարին, շուռումուռ տվեց, ասես ինչ- որ բանում համոզվելու համար, նոր միայն պահեց դեպի լույսը:
Ձեռքի ռենտգենյան նկարն էր, այն ձեռքի, որն արդեն թեյնիկ էլ չէր կարողանում բարձրացնել:
Աչքերով երևի հաշվում էր կետերը` երկար, ուշադիր:
Հետո, կարծես թե գոհ, նկարը սեղմեց կրծքին:
- Փա~ռք Աստծո, Գեղա´մ ջան, կտեսնեմ, չէ՞, թոռնիկիս, ես նրա ցավը տանեմ:
- Մա´մ, տեսնո՞ւմ ես, արդեն կամաց-կամաց քչանում են: Իհարկե կտեսնես, դեռ պետք է գրկես ու քո ձեռքերում քնացնես:
- Չէ´, Գեղա´մ ջան, գրկել չեմ կարող, բայց աչքովս տեսնեմ, սիրտս փառավորվի, ինձ հերիք է:
Խոհանոց մտավ Գեղամի կինը:
- Մա´մ, լսեցի լավ նորությունը, այսօր տրամադրությունդ բարձր կլինի, չէ՞:
Ուրախությունից մայրը սկսեց արտասվել ու համբուրել իր փրկարար նկարը:
- Ես կտեսնեմ քեզ, իմ փոքրի´կ հրեշտակ, անպայման կտեսնեմ, ես լավ եմ արդեն:
Հետո ուշադիր նայեց տղային:
Տղան չէր կարողանում առանց կսկիծի, առանց կոպերի այրող խոնավությունը զգալու նայել մորը:
Հանկարծ սարսռաց տղան` նայելով մոր աչքերին:
Սիրո, ներման ու հրաժեշտի ինչպիսի~ արտահայտություն, ինչպիսի~ վսեմ պատկերներ էին հաջորդում իրար այդ աչքերի մեջ, աչքեր, որոնք չէին ուզում ընդմիշտ փակվել, բայց գիտեին, որ արդեն ժամն է, և ասես լուսանկարում էին որդուն հավերժական անեզրության ճանապարհին`նրանից բաժանվելու վճռականությամբ:
Աչքերը հույսի մի շող գցեցին որդու սրտի վրա, և փոխարեն՝ որդու պատկերն առան իրենց մեջ՝ իբրև հրաժեշտ:
Ո´չ, հնարավոր չէր երկար նայել կսկիծով ու կարոտով, ափսոսանքով ու սիրով, աղերսագին օրհնանքով լեցուն Պահապան Հրեշտակի աչքերին, որոնք լացակումած նայում էին տղային:
* * *
Մայրը կյանքի թթվածինն է, և երբ չի լինում` կտրվում է շունչդ, զգում ես քեզ միայնակ համայն տիեզերքի մեջ:
Մորից բաժանումը մի խստաշունչ քամի է, որ հանգցնում է հույսի վերջին վառվող մոմը:
Մայրն է կյանքի նկատմամբ սիրո կրակը բորբոքում քո սրտում:
Մոր սիրտը միշտ լեցուն է արյունով, որ կաթում է քեզ համար դժվար պահերին:
Մոր սիրտը միշտ պատրաստ է դիմագրավելու քեզ սպառնացող ցանկացած վտանգ:
Մոր արցունքները մաքուր ու թափանցիկ ցող են,որ նստում են հոգուդ պատերին ու ներծծվում քո մեջ`մաքրելով կուտակված ցավերն ու վշտերը:
* * *
Կփոխի՞ արդյոք Եհովան իր վճիռը` նայելով կնոջը`որդու աչքերով:
Մոր ձեռքերում գտնվող ռենտգենյան նկարը խորտակում էր ամեն պատրանք ու երազ:
Գեղամը հիշեց վաճառող կնոջ խոսքերը. <... և ինչի՞ համար, միևնույն է` կջնջվի >:
Գեղամն ու կինը երկյուղով հետևում էին ռենտգենյան նկարից տիկին Վարդուհու շրջազգեստին կաթացող` ներկամատիտից սև գույն ստացած արցունքներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել