Panorama.am-ը գրում է․
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված տնտեսական ֆորումին` նշեց, որ այնտեղ ՀՀ կառավարության ներկայացուցիչը ասել է, թե Հայաստանի տնտեսության համար կանխատեսել են տարեկան 5% տնտեսական աճ` 2016-2020 թթ-ի համար: Մինչդեռ, ըստ Գ.Մակարյանի, այդ 5 տոկոսը բավարար չէ Հայաստանի համար, նվազագույնը պետք է 9 տոկոս ապահովել:
«Կառավարությունը զգուշություն է ցուցաբերում և չի ցանկանում ավելի մեծ թիվ ասել, որպեսզի այդ թիվը չապահովելու դեպքում քննադատության թիրախ չդառնա: Սակայն մենք պետք է ճիշտ գնահատենք սպասվելիք ռիսկերն ու մարտահրավերները, այլ ոչ թե մեր ցանկությամբ ու հնարավորությամբ շարժվենք»,- ասաց Գ. Մակարյանը:
Նրա խոսքերով` առկա հնարավորություններն առավելագույն օգտագործելու համար Հայաստանը պետք է մոբիլիզացնի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև` քաղաքական կամքի ռեսուրսը: Բացի այդ, ըստ Գ.Մակարյանի, տնտեսական աճ ապահովելու համար պետք է պայքարել անհավասար մրցակցության, ստվերի և կոռուպցիայի դեմ:
Անդրադառնալով երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին` ասաց, որ սկսվել է մի գործընթաց, որ ՓՄՁ-ների միջոցով խոշոր ձեռնարկություններին ենթարկում են փաստաթղթավորման, այսինքն` նրանցից ստանալ փաստաթղթեր, որով կհիմնավորեն ՓՄՁ-ների շրջանառությունը:
«Եթե ՓՄՁ-ն չկարողանա այդ փաստաթղթերը ստանալ, ապա որպես մատակարար պետք է հրաժարվի տվյալ խոշոր ձեռնարկությունից, կամ պետք է հրաժարվի այդ ապրանքների վաճառքից, կամ էլ` թողնի իր բիզնեսը»,- ասաց Գ.Մակարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



