Panorama.am-ը գրում է․
Իտալական առաջատար «Internazionale» պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանին: Պարբերականն ընդհանուր անդրադարձ է կատարել Հայաստանի առօրյային, տնտեսության առաջատար ճյուղերին, զարգացման հեռանկարներին, Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը:
Panorama.am-ը թարգմանել և հատվածաբար ներկայացնում է հրապարակումը:
«Հայաստան այցելելիս ստացածս առաջին տպավորությունն այդպես էլ մինչև ճամփորդության ավարտը չլքեց ինձ: Այստեղ ամեն ինչ անհավատալիորեն հանգիստ ու խաղաղ է: Պատահական չէ, որ ԱՊՀ ողջ տարածքում հանցավորության ամենացածր մակարդակը Հայաստանում է»,- գրել է հեղինակը:
Շարունակելով կիսվել տպավորություններով` հոդվածագիրը նշում է, որ իր համար անակնկալ բացահայտում էր այն, որ Հայաստանը աշխարհի ոսկերչական կենտրոններից մեկն է, իսկ աշխարհի խոշորագույն ոսկերիչների 7 տոկոսն էլ ազգությամբ հայեր են:
«Հայաստանի տնտեսության մեջ պղնձի և մոլիբդենի արդյունահանումից հետո առաջատար դիրքերում է ոսկերչությունը: Խոշոր ոսկերչական ընկերությունների հետ մեկտեղ, կարելի է տեսնել հարյուրավոր փոքր ընկերություններ և վաճառասրահներ: Ոսկու շուկան տեղակայված է հենց Երևանի կենտրոնում: Այն ունի շուրջ 800 վաճառասրահ, իսկ արհեստավորների և վաճառողների թիվը հասնում է ավելի քան 6000-ի: Այն ամենն ինչը վաճառվում է, պատրաստվում է տեղում: Կարելի է պատվիրել սեփական ցանկություններին համապատասխան զարդեր կամ գնել արդեն իսկ պատրաստ նմուշներից»,-նշել է հեղինակը:
Տպավորված լինելով հայ ոսկերչության բազմադարյա ավանդույթներով` հեղինակը լիովին իրականանալի է համարում Երևանը աշխարհի ոսկերչության կենտրոն դարձնելու գաղափարը և նշում, որ Հայաստանի ոսկերիչների միությունը պատրաստվում է Երևանում խոշորագույն ոսկու շուկա հիմնել, որտեղ ներկայացված կլինեն աշխարհի տարբեր երկրների ոսկերիչների աշխատանքներ:
Անդրադառնալով գյուղատնտեսությանը` հեղինակը նշում է, որ այն Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, որի լավագույն դրսևորումը ամբողջ աշխարհում հայտնի հայկական կոնյակն է: Հեղինակի փոխանցմամբ` կոնյակագործությանը Հայաստանում կարևոր տեղ է հատկացվում: Վերջինիս խոսքով` «Արարատ» և «Նոյ» գինու-կոնյակի խոշոր գործարանների հետ մեկտեղ կոնյակի արտադրությամբ զբաղվում են բազում այլ փոքր ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրը իր «հաջողության պատմությունն» ունի, ինչպես օրինակ` Եղվարդ քաղաքում գործող «Շահնազարյան» ընկերությունը: Այս համատեքստում անդրադառնալով «Արենի» գյուղին և այնտեղ ծավալվող գինեգործությանը` հեղինակը նկատել է, որ այդ ոլորտում հաջողության հասած մարդիկ օտար ափերում աշխատանք փնտրելու փոխարեն գերադասել են մնալ և արարել իրենց սեփական երկրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



