Անկեղծ ասած, Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վաճառելու՝ Հունգարիայի անբարո գործարքը Հայաստանի միջազգային հեղինակության վերաբերյալ տխուր մտորումների առիթ տվեց: Հունգարական կառավարությունը առ այսօր ակնհայտ շոկի մեջ է այն քայլերից, որով Հայաստանի կառավարությունը, ավելի ճիշտ նախագահը, արձագանքեցին էքստրադիցիայի տխրահռչակ որոշմանը: Հավանաբար, հունգարական կողմը վստահ էր, որ Հայաստանը մի փոքր աղմուկ կբարձրացնի և հարցը կփակվի: Թերևս այդ վստահությունն էր պատճառը, որ Հունգարիան պարզապես չուներ գործողությունների կոնկրետ ծրագիր, որևէ հոդաբաշխ պատասխան՝ դիմակայելու համար հնարավոր դեմարշին: Այդ երևույթը ինքնին խոսուն փաստ է Հայաստանի միջազգային հեղինակության մասին: Կարծում եմ, որ հայկական դիվանագիտական կորպուսը այսուհետ առավել զգոն կլինի հայության համար զգայուն հարցերի նկատմամբ, որպեսզի մեր պետականության հանդեպ նմանատիպ անթաքույց վիրավորական կեցվածքը բացառվի: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ ՀՀ ԱԳՆ-ն առավել սերտ համագործակցի Սփյուռքի հայկական կառույցների հետ, արմատապես փոխի իր դիվանագիտական ներկայացուցչությունների շուկայական գործելաոճը, որովհետև դեսպանատները հիշեցնում են սև շուկայում գործող վիզա և օտարերկրյա քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր վաճառող ՍՊԸ-ներ, որոնք ընդամենը ի զորու են մանր-մունր ժուլիկություններով կոպեկ փախցնել արտերկրում ապրող մեր հայրենակիցներից: Այս ամբողջ պատմության մեջ թերևս միակ մխիթարական երևույթը այն էր, որ Սերժ Սարգսյանը հուզական հողի վրա կարողացավ մի քանի սրտաճմլիկ դիվիդենտներ շահել՝ հօգուտ հայկական կողմի...
Մինչդեռ առավել մխիթարական կլիներ, որ Հայաստանը դիտեին այնպիսի պետություն, որի գլխին չի կարելի նման չար կատակներ խաղալ...



